loader
Ուշագրավ փաստեր՝ Սամվել Մայրապետյանի անցյալի մասին. ռետրո

Ուշագրավ փաստեր՝ Սամվել Մայրապետյանի անցյալի մասին. ռետրո

Սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների մեծ մասը, ինչպես նկատել եք, առաջացել կամ ստեղծվել է 1998թ. հեղաշրջումից հետո: Դրանց մի մասը իր «անապահով» կյանքի համար պարտական է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրենց ունեցած ազգակցական կապերին, մի մասը` հայրենակցական: Բայց կան նաև այնպիսիները, որոնք Հայաստանում արևի տակ տեղ են գտել իշխանություններին անմնացորդ նվիրվելու շնորհիվ. երբ պատրաստ են իշխանությունների ցանկացած պատվեր, հրահանգ, հրաման, քմահաճույք կատարել և նույնիսկ գերակատարել: Այդպիսիների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում Հ2 հեռուստաընկերության տնօրեն, Ռ. Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանի ընկեր (բիզնեսի ոլորտում) ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

Հայաստանի նորագույն պատմության մեջ Սամվել Մայրապետյանի անունը մեծ հաշվով հայտնի դարձավ 1995թ., երբ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցան աղմկոտ ձերբակալություններ` կապված ընդունելության քննությունների հետ: Այդ գործի մեջ շոշափվեց նաև Ս. Մայրապետյանի անունը, որն այն ժամանակ համալսարանի պրոռեկտորն էր` արտասահմանյան ուսանողների գծով: Գործի նախաքննության ժամանակ պարզվեց, որ Ս. Մայրապետյանը սերտ առնչություն ուներ ընդունելության քննությունների հետ և դրանց ընթացքում կաշառատվության շղթայի կարևորագույն օղակներից մեկն էր: 

Մինչ այդ Ս. Մայրապետյանը որևիցե կերպով հայտնի չէր: Լինելով տնտեսագետ, հետո որպես կուսակցական աշխատող հայտնվելով բժշկական համալսարանում, որոշ ժամանակ անց ադմինիստրատիվ աշխատանքի անցավ: 

Այսպես թե այնպես, այդ ձերբակալությունները Ս. Մայրապետյանի կողքով անցան, և վերջինս միառժամանակ կորավ: Այսինքն, հայտնի չէր, թե որտեղ է գտնվում: Թերևս միայն Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին էր հայտնի, քանզի հենց վերջինս նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար, Ս. Մայրապետյանը հայտնվեց կողքին` նախարարի խորհրդականի կարգավիճակով: Երբ Լ. Տեր-Պետրոսյանի աշխատակազմում տեղեկացան, որ Ս. Մայրապետյանը նշանակվել է Ա. Սմբատյանի օգնական, նախարարին անմիջապես հրահանգեցին, որ Ս. Մայրապետյանը պետք է աշխատանքից ազատվի, քանզի այդ մարդը պետական համակարգում աշխատելու իրավունք չունի: Եվ ընդհանրապես, զարմացած էին, թե ինչպես է եղել, որ Ս. Մայրապետյանը ազատության մեջ է: Ցավոք, մեր աղբյուրներից չկարողացանք ճշտել, թե ինչով է այս պատմությունն ավարտվել. արդյոք Ս. Մայրապետյանը ազատվե՞լ է աշխատանքից, թե՞ ոչ: Կան որոշ տեղեկություններ, որ նա այդ ժամանակ Մոսկվա է ճողոպրել: 

Անցավ մի քանի ամիս, և Սամվել Մայրապետյանը նորից հայտնվեց Հայաստանում: Մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանի հովանավորությամբ Հայաստանի 2-րդ ալիքի մետրային հաճախականության վրա սկսեց եթեր դուրս գալ «Պրոմեթևս» հեռուստաընկերությունը, որի գործադիր տնօրեն նշանակվեց Սամվել Մայրապետյանը: Միառժամանակ վերջինս հանդիսանում էր նաև «Պարադիզ» ընկերության փայատերերից մեկը: Մինչև 1998թ. հեղաշրջումը Ս. Մայրապետյանը հանգիստ օրեր էր գլորում: Իսկ ահա հեղաշրջումից հետո բացվեց նրա «երկրորդ շնչառությունը»: Իշխանափոխության արդեն հաջորդ օրերին նա հայտնվեց ամենաթեժ կետերում, իշխանության հայտնի ուժերին հեռուստատեսության բնագավառում իր ծառայություններն առաջարկեց` պատրաստակամություն հայտնելով անել այն, ինչ անհրաժեշտ էր նրանց: Բնականաբար, անմիջապես հայտնվեց Տիգրան Նաղդալյանի և Ալեքսան Հարությունյանի ուշադրության կենտրոնում, վերջիններիս հետ որոշակի հարաբերություններ ստեղծեց, սակայն որոշ ժամանակ անց, արագ կողմնորոշվելով, բավական սերտ հարաբերություններ հաստատեց Ռ. Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանի հետ: 

Մինչև Արմեն Գևորգյանի թևի տակ մտնելը, Ս. Մայրապետյանն արդեն որոշել էր բնակշինարարությամբ զբաղվել և այդ ժամանակ արդեն պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի հետ պայմանավորվածության արդյունքում կոնսերվատորիայի տարածքում հողակտոր ստացավ և Բայրոնի փողոցում կառուցեց Երևանում առաջին էլիտար շենքը: Այդ ժամանակ Ս. Մայրապետյանը ինչ-ինչ խնդիրներ ուներ Տիգրան Նաղդալյանի հետ և դրանք հարթելու համար շենքի առաջին հարկում երկու բնակարան կառուցվեց, որոնցից մեկը տրվեց Տիգրան Նաղդալյանին, մյուսը` Վահան Հովհաննիսյանին (արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանի որդուն), չնայած ի սկզբանե շենքը պետք է հասարակական կառույց լիներ և վարձակալությամբ տրվեր գրասենյակների: 

Շենքի շինարարությունն ավարտելուց հետո Ս. Մայրապետյանի և Արմեն Սմբատյանի հարաբերությունները սրվեցին: Ըստ էության, Ա. Սմբատյանը նրա հետ բոլոր հարաբերությունները խզեց, իսկ Ռուսաստանում դեսպան նշանակվելուց հետո այլևս ոչ մի հարաբերություն չի եղել: 

Փոխարենը հարաբերությունները երկրաչափական պրոգրեսիայով աճեցին Ա. Գևորգյանի հետ: Երկուսով սկսեցին աշխատանքներ տանել հեռուստատեսության բնագավառում, ինչը, իհարկե, նեղ ոլորտ էր, և որոշեցին Երևանի կենտրոնական մասերում հողակտորներ ձեռք բերել` էլիտար շենքերի կառուցման գաղափարը կյանքի կոչելու համար: Արդյունքում էլիտար շենքերի շինարարության համար հողակտորներ ձեռք բերվեցին Բայրոնի փողոցում արդեն կառուցված շենքի մոտ, Հյուսիսային պողոտայում, Պուշկինի փողոցում: Այդ ժամանակ բանը հասել էր այնտեղ, որ միայն Ա. Գևորգյանի համաձայնությամբ կարելի էր այդ նոր, էլիտար շենքերում բնակարան ձեռք բերել: Օրինակ, շատերին է հայտնի Կառլոս Պետրոսյանի պատմությունը. երբ վերջինս ցանկություն էր հայտնել Բայրոնի փողոցում կառուցված երկրորդ շենքում բնակարան ձեռք բերել, նրան պատասխանել էին, որ թույլտվություն ստանալու համար պետք է դիմի Ա. Գևորգյանին: Ավելին, բանը հասել է այնտեղ, որ Պուշկինի փողոցում կառուցվելիք շենքում, որի հիմքերը դեռ նոր են գցել, բնակարան ձեռք բերելու համար պետք է դիմել անձամբ Սամվել Մայրապետյանին: Վերջինս ինքն է վաճառում այդ շենքի ապագա բնակարանները: Ընդ որում, գները սկսվում են 1000 դոլարից` 1քմ-ի համար: 

Միաժամանակ որոշ փոփոխություններ տեղի ունեցան հեռուստաբիզնեսում: Այն բանից հետո, երբ Սենիկ Գևորգյանը որոշեց հրաժարվել «Պրոմեթևս» հեռուստաընկերությունից, որը միայն քաղաքական և տնտեսական պրոբլեմներ էր ստեղծում, արդյունքում Ս. Մայրապետյանը հեռուստաընկերության նոր փայատերը դարձավ: Մամուլում բազմիցս նշվել է, որ բացի նրանից, հեռուստաընկերությունը ևս երեք փայատեր ունի` Արմեն Գևորգյանը, նախագահի աշխատակազմում աշխատող Հասմիկ Պետրոսյանը և, ամենայն հավանականությամբ, Ալեքսան Հարությունյանը: 

Այսպես «Պրոմեթևս» հեռուստաընկերությունը, որը վերանվանվեց Հ2, Սամվել Մայրապետյանի ղեկավարությամբ դարձավ ամենապնակալեզ հեռուստաընկերություններից մեկը, որին հավասար է թերևս միայն «Արմենիան»: Թե իշխանություններին սիրաշահելու համար ինչի է ընդունակ Ս. Մայրապետյանը, ցույց տվեցին 2002թ. տեղական ինքնակառավարման, իսկ ավելի կոնկրետ` «Կենտրոն» համայնքի թաղապետի ընտրությունները: Ս. Մայրապետյանը առաջարկեց իր կնոջը` բժշկական գիտությունների դոկտորին, «Կենտրոնում» նշանակել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, վստահեցնելով, որ կինը կանի այն, ինչն անհրաժեշտ է: Այդպես էլ եղավ: Ս. Մայրապետյանի կինը «հաջողությամբ» կատարեց իշխանությունների պատվերը: 

Այսինքն, Ս. Մայրապետյանը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի միշտ իշխանությունների սիրելիների շարքերում առաջատար դիրքեր գրավի: 

Այժմ Ս. Մայրապետյանը իշխանությունների առջև կատարած ծառայությունների «դիվիդենտներն» է վայելում. շենքեր է աջուձախ կառուցում, Հ2 է աշխատեցնում, իսկ մի քանի ամիս առաջ փող աշխատելու լավ ձև է գտել. Արմեն Գևորգյանի հետ, իհարկե: Հ2-ի օպերատորներին ուղարկում էր կարգազանց վարորդների խախտումները գաղտնի նկարահանելու: Հետո դա ցույց էին տալիս Հ2-ով: Պետավտոտեսչության աշխատակիցները հաջորդ օրը ցուցադրված մեքենան տանում էին տուգանային հրապարակ, վարորդները գնում էին մեքենայի ետևից և պարզում, որ մեքենան ետ վերցնելու համար պետք է մուծեին ոչ թե օրենքով սահմանված մի քանի հազար դրամը, այլ նվազագույնը 250 հազար դրամ: Պետավտոտեսչությունում նշում էին, թե հրահանգը վերևից` նախագահական նստավայրից է եկել: Չնայած այնտեղից էլ պատասխանեցին, թե այդ տուգանքները հատուկ ստեղծված հիմնադրամ են գնալու, բայց հետագայում պարզվեց, որ դա սովորական կեղծիք է: Այս օպերացիայի արդյունքում Ս. Մայրապետյանը բավական կլորիկ գումար աշխատեց: Ի դեպ, նաև հետագայում պարզվեց, որ կարգազանց վարորդներից փող շորթելու գաղափարը պատկանել է ոչ թե Ա. Գևորգյանին, այլ հենց Ս. Մայրապետյանին: 

«Չորրորդ իշխանություն», Փետրվարի 25, 2005 թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս