loader
Պարզ ճակատով հրաժարական եմ տալիս. գյուղապետը հանձնվեց

Պարզ ճակատով հրաժարական եմ տալիս. գյուղապետը հանձնվեց

Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական կտա: Հավաքված գյուղացիներին հայտնեց նա: Կրկին Ուրցաձորում էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա օրեր առաջ եկել էր համայնք, հանդիպել գյուղապետի հրաժարականը պահանջող ուրցաձորցիներին, իսկ գյուղապետից բյուջեի կատարողականի վերաբերյալ փաստաթղթեր էր պահանջել՝ ուսումնասիրելու համար: Սանասարյանը գյուղացիներին ասաց, որ բոլոր խնդիրները լուծվում են, եթե կամք կա:

«Վախենալով չէ, բոլորս էլ այստեղ ոչ մի բանից չենք վախենում։ Հանդուրժողականությունը, սերը, հարգանքն էսօրվանից հետո ավելի մեծ պետք են լինեն։ Նոր Հայաստանում մենք մի խնդիր ունենք՝ բռունցքվել ու խնդիրները լուծել։ Գյուղի մեջ մեր ու ձեր չպետք է լինի։ Ինչ եղել է՝ եկեք թողնենք անցյալում, համերաշխ գնանք»,- հորդորեց նա:

Ուրցաձորցիները գյուղապետին ծափահարություններով դիմավորեցին: Ռաֆիկ Անդրեասյանն էլ դիմելով նրանց հարցրեց. «Էս ինչի՞ եք հավաքվել»:

Նա ասաց, որ իրեն բոլորը վաղուց են ճանաչում, տեղյակ են նաև իր արածների մասին: Գյուղապետն իր հրաժարականը պահանջողներին նաև ասաց, որ այսքան ժամանակ նրանցից որևէ մեկից չի լսել գյուղի զարգացման որևէ ծրագիր, բայց տեսել է մեկ այլ բան, որ ունի լավ ընկերներ:

«Իմ դուխը ոչ մեկ չի կարող կոտրել, որովհետև ես այն մարդն եմ, որի պատճառով ո՛չ իմ ընկերները, ո՛չ իմ ընտանիքը գլուխը չի կախի: Ես թույլ չեմ տա, որ մեկն իմ որդուն ցույց տա և ասի, որ նա այն անիրավ մարդու որդին է: Լսելով բոլորի հորդորը, որ դուք էլ հանգիստ լինեք, ես հրաժարական կտամ, բայց նորից իմ թեկնածությունը կառաջադրեմ: Ես միշտ պետականամետ մարդ եմ, ընդդիմադիր եմ եղել ու կլինեմ այս իշխանություններին, եթե որևէ բան այն չլինի: Ես պարզ ճակատով հրաժարական եմ տալիս, որովհետև դա նաև պետության պահանջն է: Թող նորից ընտրություն լինի, ով որ կընտրվի, հալալ է լինելու»,- նշեց նա:

Հետո հավաքվածներին ասաց՝ հեռացե՛ք և թողեք, որ հանգիստ աշխատենք և ավագանու նիստ գումարենք:

«Գնացեք, քեֆ եք անում, ինչ եք անում, գնացեք հրաժարականի պահով արեք»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանն էլ իր հերթին նշեց, որ այս պայքարում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն, կարևորն այն է, որ Ուրցաձորն այս ամենից շահած դուրս գա:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ուրցաձորցիները պահանջում են 19 տարվա գյուղապետի հրաժարականը: Նրանք բարձրաձայնում էին գյուղապետի կատարած բազմաթիվ չարաշահումների և ապօրինությունների մասին: Նա մեղադրվում է նաև մանկապարտեզի վերանորոգման համար 25 միլիոն դրամի յուրացման մեջ: Երկար դիմադրելուց հետո, ի վերջո, գյուղապետը որոշեց հրաժարական տալ:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս