loader
Պասերով, պասերով

Պասերով, պասերով

ԻՍԿ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Խորհրդային տարիներին ընդունված ավանդույթ կար՝ եթե Պոլիտբյուրոն մտադիր էր երկրում ինչ-որ բան փոխել, նախապես այնպես էր արվում, որ դա տեղի ունենա «աշխատավորական լայն մասսաների պահանջով»։ Իբր, օրինակ, Չելյաբինսկի տրակտորաշինական գործարանի բանվորները դիմել են «հարազատ պարտիային» ինչ-որ խնդրանքով, դրան միացել են այլ աշխատավորական կոլեկտիվներ, «հարազատ պարտիան» էլ, բնականաբար, չի մերժել։

Հայաստանում այդ ամենը փոքր-ինչ այլ կերպ է տեղի ունենում, բայց տրամաբանությունը նույնն է։ Դրա համար էլ պատահաբար այնպես ստացվեց, որ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը տարեսկզբից զբաղված են նույն գործով՝ պայքարում են գնաճի դեմ։ Սերժ Սարգսյանն այդ թեմայով խորհրդակցություն է անցկացնում, «Ելք» դաշինքը՝ բողոքի երթ կազմակերպում։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ նպատակին հասնելու ճանապարհն անորոշ է։ «Ելք» դաշինքը չի ասում, թե ինչպես է երթն ազդելու գների վրա, Սերժ Սարգսյանն էլ չի ասում, թե կոնկրետ ինչ քայլերով է կանխելու գնաճը։ Միայն վերացական հրահանգներ է տալիս։ Բայց բուն գործընթացը երկուսի համար էլ շահեկան է։ «Ելք» դաշինքը ցույց է տալիս, թե որքան դժգոհ են «աշխատավորական լայն մասսաները» թանկացումներից (և դրանով իսկ դառնում է նրանց աչքի լույսը), Սերժ Սարգսյանն էլ անմիջապես այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրում (ու դրանով իսկ ցույց տալիս, թե որքան կարևոր են իր համար «աշխատավորական լայն մասսաների» խնդիրները)։ Իշխանական լրատվամիջոցներն էլ, ուշադրություն դարձրեք, նույն եռանդով ու ջանասիրությամբ լուսաբանում են և՛ «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, և՛ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը։ Ահա այսպիսի «փոխշահավետ համագործակցություն»։ Բոլորը գոհ են ու երջանիկ։ Բացի, իհարկե, «աշխատավորական լայն մասսաներից», որովհետև գնաճը, միևնույն է, շարունակվելու է։

Մարկ Նշանյան

Ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս