loader
Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը

Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ այսօր քննարկվել է պատմամշակութային հուշարձանների տարածքներ և  հանգստի  գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները  կենցաղային աղբով աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության,  հասարակական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:   

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը նշել է,  որ պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը,  և այս հարցում կարևորել է  ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը: Ըստ նրա` այն դեպքերը, որոնք առնչվում են նմանատիպ  տարածքների սեփականության  խնդրի հետ, պետք է հիմնավոր ուսումնասիրվեն` պարզելու սեփականության իրավունքի  հավաստիությունը: 

ՀՀ փոխոստիկանապետ  Աղասի Կիրակոսյանն աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար նույնպես կարևորել է շահագրգիռ  պետական կառույցների համագործակցությունը:   

Հանդիպմանն անդրադարձ է  եղել նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթների արդյունավետ կիրարկման ապահովմանն առնչվող հարցերի: Կարևորվել է  չսահմանված վայրերում  աղբը թափելու դեմ ուղղված նպատակային գործողություններ և գործնական քայլեր ձեռնարկելու  անհրաժեշտությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս