loader
Ջեֆ Մանկոֆ. Հայաստանի առջև բացվել է հնարավորությունների եզակի պատուհան

Ջեֆ Մանկոֆ. Հայաստանի առջև բացվել է հնարավորությունների եզակի պատուհան

«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջև բացել է եզակի հնարավորություն, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշում է ԱՄՆ-ի ազդեցիկ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆ Մանկոֆը: Նրա խոսքով սակայն, նման հնարավորությունն անսպառ չէ.

«Հեղափոխական ոգևորության այս պահերը հնարավորությունների պատուհան են բացում, սակայն, որոշ ժամանակ անց այդ պատուհանը փակվում է, ինչի ականատեսը դարձանք Ուկրաինայում»:

Ուստի, Հայաստանի նոր իշխանության համար լուրջ արմատական փոփոխություններ անելու ժամանակը հենց հիմա է, համոզված է փորձագետը.

«Քանի դեռ հասարակությունը մոբիլիզացված է, նոր քաղաքական ղեկավարությունը կարող է առաջ քաշել լուրջ բարեփոխումներ»:

Հատկանշական է, նշում է Մանկոֆը, որ Հայաստանի նախկին իշխանություններին այս անգամ չհաջողվեց կիրառել անվտանգության պատրվակը՝ իշխանությունը պահպանելու և բողոքի ալիքը սաստելու համար: Պատճառն ապրիլյան քառօրյա պատերազմն է, որի արդյունքները հայ հասարակության համար անհանգստացնող էին.

«Եթե նախկինում իշխանությունները կարող էին կառչել իշխանությունից, ասելով, թե իրենք են Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության ապահովման գրավականը, ապա այդ փաստարկն էլ կորցրեցին»:

Հատկանշական է նաև, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որևէ կերպ չի առնչվել երկրի ռուսամետ կամ արևմտամետ լինելուն.

«Կարծում եմ, Հայաստանում հեղափոխության դինամիկան Ռուսաստանին ընդհանրապես չէր վերաբերում և դրա հետ կապ չուներ»:

Այնուամենայնիվ, ժողովրդավար Հայաստանը, որն ունի անվտանգության խնդիր, Ղարաբաղյան հիմնահարց և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ, միևնույն է սերտ հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, համոզված է Ջեֆ Մանկոֆը: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղից անպայման կավելանա Հայաստանին հատկացվող օգնությունը, որը, հավանաբար, առավել հասցեական կօգտագործվի, սակայն, ժողովրդավարության հաստատման ճանապարհին հիմնական քայլը պետք է անի հայ հասարակությունը:

Ամերիկայի Ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս