loader
Պուտին. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում

Պուտին. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում

Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: Պուտինը նշեց, որ ՌԴ-ն ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերն է և հույս հայտնեց, որ այդ կապերը ոչ միայն կպահպանվեն, այլև կբազմապատկվեն։

«Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել, մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարությունում՝ թե տնտեսական, թե անվտանգային հարցերում»,- ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ասաց ՌԴ նախագահը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են։

«Բայց այն, ինչ քննարկման ենթակա չէ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք ունենք մեծ ցանկություն տալու նոր իմպուլս մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար, ինչը շատ հաճելի է։

Վարչապետն ընդգծեց ՌԴ հավասարակշռված դիրքորոշումը՝ ՀՀ ներքաղաքական հարցերի առնչությամբ։

«Ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»,-ասաց նա:

Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: Քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն են։ Հանդիպումն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս