loader
Ռասիստ ես դու, սպորտ. ռետրո

Ռասիստ ես դու, սպորտ. ռետրո

Երեքշաբթի օրը հեռուստադիտողներին զարմացրեց «Շողակաթ» հեռուստաընկերության «Պրոֆ-ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ Սենիկ Կարա-Պողոսյանը: 

Վերջինս այդ օրվա ֆուտբոլային իրադարձությունները ներկայացնելիս մտքեր հայտնեց, ընդ որում` փայլուն մտքեր: Մասնավորապես, ներկայացնելով ֆուտբոլի 2006թ. աշխարհի առաջնության Շվեյցարիա - Թուրքիա անցումային խաղը, Ս. Կարա-Պողոսյանը նախ ավետեց, թե հուրախություն հայ ֆուտբոլասերների, շվեյցարացիները հաղթեցին 2-0 հաշվով: Թե որտեղից էր որոշել, որ հայ ֆուտբոլասերները ուրախանում են թուրք ֆուտբոլիստների անհաջողություններով, անհայտ մնաց: Բայց արդեն պարզ էր, որ նման կարծիք հայտնողը դեռ ասելիք կունենա: 

Հետո մարզական մեկնաբանը նշեց, որ այդ խաղից հետո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքել էր, թե Շվեյցարիայում չափազանց վատ վերաբերմունք են դրսևորել թուրք ֆուտբոլիսների նկատմամբ: Օրինակ, խաղից առաջ, երբ Թուրքիայի հիմնն են նվագել, ստադիոնում սուլել են, հայհոյել են, հետո` ամբողջ խաղի ժամանակ թուրք ֆուտբոլիստների հասցեին վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ են վանկարկել, տրիբունաներից տարբեր իրեր են նետել թուրքերի վրա: Նույնը` խաղից հետո: Թուրքերը համարել են, որ այս ամենը շատ ծանր հոգեբանական ազդեցություն է ունեցել իրենց ֆուտբոլիստների վրա: 

Այս ամենը ներկայացնելով, Ս. Կարա-Պողոսյանը շատ գոհ տոնով նշեց. իզուր են բողոքում թուրքերը: Նրանք Շվեյցարիայում արժանացել են այն վերաբերմունքին, որին արժանի էին: Այսինքն, քանի որ թուրք են, իրենց հասնում է: Այսինքն, թուրքերին կարելի է հայհոյել, գլուխները ջարդել, ցցի հանել միայն նրա համար, որ թուրք են: Եթե թուրքերի փոխարեն, օրինակ, չեխերը լինեին, ապա այդ դեպքում իրավիճակը այլ կլիներ. շվեյցարացի երկրպագուների պահվածքը կհամարվեր լկտի, սանձարձակ, անբարո և այլն: Ի վերջո, երեկ կայացած Թուրքիա - Շվեյցարիա խաղից հետո թուրք ֆուտբոլիստներից մի քանիսը ծեծկռտուք են սկսել, որի արդյունքում մի քանի շվեյցարացի ֆուտբոլիստ վնասվածքներ է ստացել, մեկին տարել են հիվանդանոց: Խիստ դատապարտելի արարք: Ո՞ւմ դուրը կգա, եթե հանկարծ մեկը ասի, թե շվեյցարացիները արժանի են դրան: 

Բայց հետո պարզվեց, որ Ս. Կարա-Պողոսյանը ոչ միայն դաշնակներից է բան սովորել, այլ նաև Քոչարյանից` զուգահեռ տանելով թուրքերի բողոքի և վատ պարողին խանգարող հանգամանքների հետ: 

Եթե այս ամենը «Արմենիա» հեռուստաընկերությամբ ասվեր` Ռաֆիկ Հովհաննիսյանի հաղորդաշարով, մենք դրան չէինք անդրադառնա. արդեն սովորել ենք: 

Բայց սա ասվում է «Շողակաթ» հեռուստաընկերությամբ, որը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Այն «Շողակաթին», որն հիմնադրման պահից պետք է իր եթերից քարոզեր քրիստոնեություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարոյականություն և նմանատիպ այլ արժեքներ: Խոսք չկա, լավ են քարոզում: 

Այնպես որ, մենք խորհուրդ կտայինք մեր եկեղեցու քրիստոնյա սպասավորներին սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզարշավի սուրբ գործին լծվելու ընթացքում մի փոքր ժամանակ գտնել ուշադրություն դարձնելու քսենոֆոբիայի այն երևույթներին, որոնք առկա են հենց իրենց մոտ: 

«Չորրորդ իշխանություն», Նոյեմբերի 18 2005 թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս