loader
Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է: Այս մասին Facebook-ի ուղիղ հեռարձակման միջոցով, պատասխանելով օգտատերերից մեկի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, սակայն ես նկատի չունեմ միայն հրադադարի ռեժիմի կոնկրետ խախտումները, որովհետև եթե զուտ թվաբանությամբ նայենք, հրադադարի ռեժիմի խախտումների ծավալը մեծ չէ: Համենայն դեպս, զինվորականներն ասում են, որ ունեն մի սանդղակ, որը չափանիշ է, և այդ սանդղակից վերև լարվածությունը մեծ է գնահատվում, իսկ սանդղակից ներքև՝ թույլ:

Իմ՝ վարչապետ դառնալուց հետո այս սանդղակից շատ քիչ վերև մաքսիմում չորս դեպք է եղել: Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմի խախտումները սանդղակից ներքև են, բայց ռազմաքաղաքական իրավիճակն է լարված: Դուք տեսնում եք, որ Ադրբեջանն ագրեսիվ հայտարարություններ է անում, և Զինված ուժերին իմ հրամանն է, որ  ծայրահեղ զգոն լինենք և պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիայի, ցանկացած պահի»,- նշեց Փաշինյանը: 

Նա նաև հավելեց, որ շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ: Այսպիսի իրավիճակ ունեինք ապրիլյան պատերազմի օրերին, և Ադրբեջանի մարտավարությունն է, որ կուտակումները սովորական դառնան, և մենք չնկատելու չտանք: Եվ դա պետք է հաշվի առնել: 

«Նախիջևանի  սահմանին ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից, և մենք բոլոր իրավիճակներում մեր պետության շահերը պետք է պահենք, պաշտպանենք»,- նկատեց վարչապետը: 

Փաշինյանն ասաց, որ վերլուծելով Ադրբեջանի գործողությունները՝ հասկանում է, որ պարոն Ալիևը ներքին քաղաքական խնդիրներ ունի, և նա մտավախություններ ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական պրոցեսներից Ադրբեջանի ժողովուդը ոգևորվել է, և այնտեղ էլ քաղաքական պրոցեսներ կարող են սկսվել ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության:

«Նաև այս պատճառով եմ ասում, որ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ժողովրդավարությանը: Բայց մենք պետք է արձանագրենք այս իրավիճակը և ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալու, սա շատ կարևոր է: Սա նոր իրավիճակ չէ, և այս իրավիճակում ունենք նաև լավ նորություն: Այն է, որ այսօր հայ ժողովուրդն Արցախում, Սփյուռքում և Հայաստանում համախմբված է առավել քան երբևէ, և սա մեր ուժի, մեր մարտունակության լավագույն գործոնն է: Եվ որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանի կողմից որևէ սադրանքի պարագայում մենք համազգային համախմբում կապահովենք, բոլոր ռեսուրսները կտրվեն Արցախի պաշտպանությանը, հակառակորդին հակահարված տալուն, սրանում համոզված եմ: Իրավիճակը պետք չէ գերագնահատել, կամ թերագնահատել»,- եզրափակեց Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս