loader
Ռևանշի է ձգտում ոչ թե ՀՀԿ-ն, այլ «նեղ կռուգը»

Ռևանշի է ձգտում ոչ թե ՀՀԿ-ն, այլ «նեղ կռուգը»

Շատերն են փորձում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներկայացնել որպես ներքաղաքական պայքար, բայց դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այնպես չէ, որ ապրիլի սկզբին ընդդիմադիր կուսակցություններից մեկը (տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիրը») պայքար սկսեց իշխող կուսակցության դեմ և հաղթեց։

Դա պայքար էր ոչ թե երկու կուսակցությունների, այլ համարյա ամբողջ ժողովրդի և իշխանությունը բռնազավթած մարդկանց փոքրաթիվ խմբի միջև։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր, այդ պայքարի շարունակությունն է ու դարձյալ որևէ կապ չունի ներքաղաքական գործընթացների հետ։ Որքան էլ այս օրերին քաղաքական ձևակերպումներ հնչեն («իշխող կուսակցություն», «փոքրամասնության կառավարություն», «ներքաղաքական ճգնաժամ», «քաղաքական ռևանշի ձգտում» և այլն), իրականում խոսքն ընդամենը այն մասին է, որ տարիներ շարունակ իշխանությունը բռնազավթած և միլիարդներ կուտակած մարդկանց փոքրաթիվ խումբը (որի մեջ, ի դեպ, ՀՀԿ «քաղաքական թևի» ներկայացուցիչները» չեն մտնում) փորձում է նորից նստել ժողովրդի վզին։ Իսկ Սերժ Սարգսյանն իր «նեղ կռուգով» ընդամենը փորձում է ՀՀԿ-ն օգտագործել որպես զենք՝ այդ նպատակին հասնելու համար։

Իսկ ինչո՞ւ այս ամենը ներքաղաքական պայքար անվանել չի կարելի։ Տեսեք. ենթադրենք՝ հասարակական որոշ խմբերի ակնկալիքները չարդարացան, նոր կառավարությունը չցանկացավ կամ չկարողացավ, ասենք, երեք աշխատանքային օրվա ընթացքում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները կամ «ջրել» քաղաքացիների վարկերը, ՀՀԿ-ական լրատվամիջոցներն էլ կողքից աղմուկ բարձրացրեցին, և հասարակությունը հիասթափվեց նոր կառավարությունից։ Եվ ի՞նչ, դրանից ՀՀԿ-ի վարկանիշը բարձրանալո՞ւ է, Սերժ Սարգսյանն ավելի ժողովրդավա՞ր է դառնալու, Գալուստ Սահակյանն ավելի խելացի՞ մտքեր է հայտնելու, թե՞ Սաշիկ Սարգսյանն է դառնալու սեփականության անձեռնմխելիության երաշխավոր։ Հասկանալի է, չէ՞, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական միավոր մեռած է, և տեսանելի ապագայում այդ կուսակցության վարկանիշը «պլինտուսի» մակարդակից չի բարձրանալու։ Հետևաբար՝ ռևանշի կարող է ձգտել միայն Սերժ Սարգսյանի «նեղ կռուգը», իսկ դա մեծագույն ցանկության դեպքում անգամ քաղաքական գործընթաց չես անվանի։ Ուրիշ բան, որ այդ «նեղ կռուգն» իրականում իր շոշափուկները տարածել է երկրով մեկ (կրիմինալ, օլիգարխիկ համակարգ, վերին և միջին օղակների կոռումպացված չինովնիկներ, տեղական ֆեոդալներ և այլն) և դրանց միջոցով շարունակում է վերահսկել երկիրը, բայց նրանք քաղաքական գործընթացների հետ կապ չունեն։

Դիմադրելո՞ւ է արդյոք «նեղ կռուգը»։ Իհարկե. աշխարհի որևէ երկրում որևէ մեկը իշխանական լծակներն ու փողը հենց այնպես չի հանձնում։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս