loader
Ռուստամյանը կոչ է անում ոստիկանությանը զուսպ գտնվել

Ռուստամյանը կոչ է անում ոստիկանությանը զուսպ գտնվել

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությանը և փողոցների փակմանը, նշեց, որ ընդդիմությունը պետք է գործի համաչափ:

«Ընդդիմությունը պետք է աշխատի գործել օրենքի շրջանակներում: Իսկ եթե օրենքի շրջանակներից դուրս է գալիս, հնարավորություն է տալիս իշխանություններին արձագանքել այն զինանոցով, որտեղ ընդդիմությունը թույլ է: Այսինքն օգտագործել իրավապահ մարմիները, որը միշտ կդիտվի համաչափ և իրավաչափ: Հիմա այս ամենը կանցնի»,-ասաց Ռուստամյանը՝ կոչ անելով ոստիկանությանը զուսպ գտնվել:

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք ընդդիմությունը դուրս է եկել լեգիտիմ շրջանակներից, Ռուստամյանը պատասխանեց. «Դու՞ք որևէ տեղ տեսել եք, որ մտնեն ասենք Հանրային ռադիոյի շենք, գլխավոր փողոցները փակեն: Այդպիսի բան չկա: Դա նշանակում է, որ այն, ինչն այսօր կատարվում է, տեղի է ունենում ինքնակամ և իրենք իրենց գործողություններն արդար են համարում»:

Հարցին՝ ցուցարարները մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, հնարավոր է, որ վարչապետի ընտրության վայրն ԱԺ-ից այլ վայր տեղափոխվի, Ռուստամյանն այսպես արձագանքեց. 

«Դա պետք է ԱԺ որոշմամբ տեղի ունենա: ԱԺ արտահերթ նիստը տեղի է ունենում ԱԺ-ում: Չեմ կարծում, որ տեղի փոփոխություն տեղի կունենա: Ի՞նչ է նշանակում վայրը փոխել: Անիմաստ գործողություններով չենք պատրաստվում զբաղվել: Ինչ տարբերություն, թե որտեղ են շրջափակում: ԱԺ-ն իր տեղում է և ոչինչ չի կարող խոչընդոտել նիստերն անցկացնելուն»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողներն այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն հասավ այն համակարգային փոփոխություններին, որոնց ուզում էր:

«Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխության մասին: Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, թե անկախ նրանից, ով ինչ կհայտարարի, նույնիսկ Սերժ Սարգսյանը, նա որևէ պաշտոն կզբաղեցնի, թե ոչ, մենք մեր գործողությունները դրանով չենք պայմանավորում: Մենք չէինք էլ բացառում, որ վաղը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն կզբաղեցնի: Ես բազմիցս ասել եմ, որ մեր խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի այն լիազորությունները, որոնք ուներ նախագահ  եղած ժամանակ, այլևս ոչ մի նախագահ չունենա: Եվ հիմա դա փաստ է, չունի: Վարչապետն էլ այսօր չունի այն լիազորությունները, որոնք ուներ այն ժամանակ գործող նախագահը»,-նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում իշխանությունն ապակենտրոնացված է:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս