loader
Սա սաբոտաժ է պետության դեմ. «Ելք»-ի անդամը՝ քաղաքապետի ընտրության օրվա մասին

Սա սաբոտաժ է պետության դեմ. «Ելք»-ի անդամը՝ քաղաքապետի ընտրության օրվա մասին

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45 և 46-րդ հոդվածների համաձայն՝ այսօր օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

Նիստը վարում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

Նիստում ներկայացվեց, որ քաղաքապետի արտահերթ ընտրության օրը տեղի կունենա հուլիսի 16-ին:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Կամո Արեյանը, հղում անելով օրենքին, պնդեց, որ քաղաքապետի ընտրության օրը պետք է լինի առավելագույնը մեկ ամսում: Սա դուր չեկավ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարին, նա ասաց, որ այդ օրն ընտրություն անցկացնելը սաբոտաժ է:

«Ժամկետները բավական կարճ են: Մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում Երևանի քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում, եթե առաջադրում չի լինում, դրանից հետո մոտ 45 օրվա ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրություններ: Այսօր հուլիսի 21-ն է, և եթե առաջադրումներ չեն լինում, ընտրություններն ընկնում են օգոստոսին, ինչն անբարենպաստ է քարոզարշավի համար: Ենթակառուցվածքները օգոստոսին չեն աշխատում, դժվար է կազմակերպչական հարցերը լուծել՝ տպարանների հետ կապված և այլն:  Այդ խոչընդոտները հաղթահարելու համար կառավարությունը լրացուցիչ բյուջե պետք է հատկացնի: Այս որոշումը սաբոտաժ չէ, օրինակ՝ Կառավարության և «Ելք» դաշինքի դեմ, դա սաբոտաժ է պետության դեմ: Պետք է օրենքի երկրորդ տարբերակը քննարկել, վտահեցնում ենք՝ մենք ունենք լծակներ, որոնցով կարող ենք այդ սաբոտաժը շրջանցել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս