loader
«Սասնա ծռերը» լքեցին նիստերի դահլիճը

«Սասնա ծռերը» լքեցին նիստերի դահլիճը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում փետրվարի 13-ին «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին պաշտպանների մեծ մասը չէին ներկայացել դատարան: Նշենք, որ փաստաբանները գործադուլ են անում:

Խմբի անդամները հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկա գտնվել նիստին, եթե իրենց պաշտպանները նիստերի դահլիճում չեն: Սակայն, նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց լքել դահլիճը: Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ առանց իրենց պաշտպանների ներկայության չեն պատրաստվում մասնակցել նիստին: Իսկ Արամ Հակոբյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի ցանկանում մնալ այնտեղ, որտեղ գտնվում է այն դատախազը, որը ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջել:

Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ ինքն էլ է գործադուլ անում և այսօր դատարան է ներկայացել հայտարարություն անելու համար. «Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար դուք տուգանելու եք ինձ 100 հազար դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն դուք եք մեղավոր, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»:

Պաշտպանի այս հայտարարությունից հետո բոլոր ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը, նախագահող դատավորը բոլոր 10 ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` 10 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց շարունակել դատական նիստը. այս պահին հետազոտվում են «Սասնա ծռերի» գործով նյութերը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս