loader
Սոֆյա, վերադարձիր odnoklassniki

Սոֆյա, վերադարձիր odnoklassniki

Facebook-ը առաջվանը չէ: Ապրիլ-մայիսին տեղի ունեցած գործընթացների արդյունքում ունեցանք մեծ ներգաղթ դեպի Facebook-ի հայկական տիրույթ: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ գտան, որ odnoklassnik-ը և մյուս սոցիալական ցանցերն այլևս չեն բավարարում իրենց աշխարհահայացքին և չեն ապահովում ինքնադրսևորվելու հնարավորություններ: Սակայն, ինչպես ցանկացած ներգաղթի դեպքում, վիրտուալ ներգաղթը նույնպես խնդիրներ առաջացրեց «ներգաղթյալների» և «տեղաբնակների» համակեցության կանոններում: Ամենայն հավանականությամբ, այդպիսի ներգաղթյալներից է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Համեմատած մյուս ներգաղթյալների հետ՝ նրա առավելությունը միայն այն է, որ չնայած գրում է տառասխալներով, բայց չի գրում լատինատառ: Տիկինն արդեն երկու օր է՝ ապացուցում է հին ասացվածքի ճշմարտացիությունը՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եվ ոչ ավել, ոչ պակաս որոշել է գրավել Շուշան Պետրոսյանի տեղը: Սակայն մոռանում է, որ հասարակությունը Պետրոսյանին ներում էր շատ բաներ՝ պայմանավորված նրա փառավոր մշակութային գործունեությամբ: Ինչո՞ւ պետք է նույն կերպ վարվի կենսագրություն չունեցող և միայն Օսիպյանի ջրցանի տակ մնացած Սոֆյայի հետ: Մի քանի ամիս Շիրակի մարզպետարանում թրև գալը, ինտրիգներ և տհաճ տեսարաններ բեմադրելը հաշիվ չէ: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան գործուղեց բոլոր նրանց, ովքեր գործադիրում աշխատելու ամիսներին աչքի ընկան ձախողումներ գրանցելու ունակություններով: Բայց խորհրդարանը պակաս կարևոր աշխատավայր չէ:

Մինչ խորհրդարանի աշխատանքները սկսելը՝ իշխող կուսակցությունն իր պատգամավորների համար կազմակերպեց սեմինար, որ կարողանան ծանոթանալ ԱԺ կանոնակարգ օրենքին: Չէր խանգարի ևս մի քանի նման սեմինարներ: Իսկ առաջին դասը կլիներ չխոսել Արցախից, որովհետև կոնֆլիկտի 30-ամյա պատմության բացը հնարավոր չէ լրացնել սեմինարներով: Բայց զուտ որպես ինքնակրթվելու և հիմար վիճակում չհայտնվելու գրավական՝ ծանոթանալ վարչապետի և ԱԳ նախարարի հարցազրույցներին:

Երկրորդ սեմինարը կարելի էր նվիրել ինքնատիրապետումին և գողական բառապաշարից հրաժարվելուն: Եվ վերջում, եթե Սոֆյայի համար բոլոր այդ փորձությունները դժվարամատչելի կլինեն, թող, գոնե, հետևի պաշտոնական կարճ լրահոսին: Իսկ եթե հետևի, կիմանա, որ ընդամենն օրեր առաջ վարչապետն իրեն խոսնակ է նշանակել ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուին:

Հ.Գ. «Իմ քայլը» պետք է հրապարակային հստակ տարանջատի տիկինի խոսքերից: Տխրահռչակ Գևորգ Աճեմյանի օրինակը պետք է, որ դաս լիներ իշխող ուժի համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս