loader
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Իսագուլյանը ճանաչված քաղաքագետ է

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Իսագուլյանը ճանաչված քաղաքագետ է

Հայաստանյան վերջին զարգացումները մտահոգել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանին: Նա իշխանություններին հորդորում է Հայաստանը չբաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների: Ըստ նրա՝ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ, և ազատագրված տարածքները կհանձնեն, իսկ մեղքը կգցեն «հակահեղափոխականների» վրա:

«Շատ է խոսվում տարածքների հանձնման մասին, այսօր առավել ակտիվ են մարդիկ, գործիչներ, ովքեր կողմ են տարածքների վերադարձին»,- նշել էր ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչը:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Գառնիկ Իսագուլյանը ոչ միշտ է իր հայտարարություններում պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը հայտնում: Նա ճանաչված քաղաքագետ է և հաճախ իր սեփական կարծիքն է հայտնում:

«Յուրաքանչյուր մարդ՝ հատկապես քաղաքական վերլուծաբանն, իրավունք ունի իր կարծիքն արտահայտել՝ անկախ նրանից, թե նրա արտահայտած տեսակետի հետ որոշ մարդիկ համաձա՞յն են, թե՝ ոչ: Դա իր կարծիքն է, որը որպես քաղաքական մեկնաբան՝ հայտնում է: Նա ճանաչված քաղաքագետ է և հաճախակի հանդես է գալիս որպես քաղաքագետ՝ իր սեփական կարծիքով»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Իսկ ինչ վերաբերում է հողերը հանձնելու խնդրին, Արցախի նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Արցախի անվտանգության թուլացումը՝ լինի դա սահամանների, թե կարգավիճակի վերաբերյալ, բերելու է հայոց պետականության կործանմանը:

«Եթե ինչ-որ մեկը սա մոռանում է կամ մոռացության է մատնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հրամայականը չի գործում: Պարզապես սա բոլորս պետք է հասկանանք»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ տվյալ հայտարարության ժամանակ Գառնիկ Իսագուլյանը հանդես է եկել որպես քաղաքական վերլուծաբան, և այդ տեսակետը չի արտահայտում պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս