loader
Սուրեն Պապիկյան. Պատրաստակամ ենք ավարտին հասցնել ՏԻՄ ապակենտրոնացման գործընթացը

Սուրեն Պապիկյան. Պատրաստակամ ենք ավարտին հասցնել ՏԻՄ ապակենտրոնացման գործընթացը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին՝  Սուրեն Պապիկյանը կարևորել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ Հայաստանի երկարամյա  համագործակցության պատմությունը և այդ համագործակցության շրջանակներում իրականացված բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստել են համապետական և տեղական մակարդակներում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բոզուլը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ նախարարության հետ երկար տարիների համագործակցությունը միտված է եղել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանն ու ուժեղ և ինքնուրույն վարչատարածքային միավորներ ունենալուն։ Բոզուլը նաև հայտնել է, որ իրենք ուշադրությամբ են հետևել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ և անցնցում փոփոխություններին, ինչը վկայում է երկրում հաստատված իրական ժողովրդավարության մասին՝ միաժամանակ հավելելով, որ կոնգրեսը պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակներում և ունեցած գործիքակազմով աջակցել Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներին։   

Նախարարը պատվիրակներին տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են ավարտին հասցնել տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման գործընթացը, որն իրականացվելու է հանրության լայն շրջանակների մասնակցության և նրանց ազատ կամարտահայտության պայմաններում։ «Իրական ապակենտրոնացված, ինքնակառավարվող և անկախ ավագանու ինստիտուտ ունեցող համայնքներ մենք կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ համագործակցելով քաղհասարակության հետ, ձևավորենք հանրային ինքնագիտակցության և քաղաքական հասունության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներ»,- ասել է Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ այդ հանգրվանին հասնելու գործում կունենան ԵԽ-ի աջակցությունը։

Ավարտին Ժան-Ֆիլիպ Բոզուլը կոնգրեսի նախագահի անունից նախարար Պապիկյանին հրավիրել է մասնակցելու  նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի ամենամյա նստաշրջանին։   

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս