loader
Սվիտալսկի.Ես խրախուսում եմ լրատվամիջոցների մասնակցությունը. Հղե'ք մեզ Ձեր ահազանգերը

Սվիտալսկի.Ես խրախուսում եմ լրատվամիջոցների մասնակցությունը. Հղե'ք մեզ Ձեր ահազանգերը

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ ԵՄ դեսպանի հարցազրույցը՝ ստորև․

«Ազատություն». - Պարոն դեսպան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Ես գիտեմ, որ Դուք մեծ եռանդ և ջանքեր եք գործադրել այս համաձայնագրի կնքման համար։ Նոյեմբերի 24-ը շատ լավ օր էր ոչ միայն Ձեզ համար, այլ նաև Հայաստանի եվրոպական նկրտումների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը ավելի մոտենա Եվրոպային։ Թույլ տվեք սկսել հետևյալ հարցից. արդյո՞ք հայաստանցիները իրենց մաշկի վրա կզգան այս համաձայնագրի դրական ազդեցությունը։ Ձեր վերջին մամուլի ասուլիսում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի քաղաքացիները օգուտներ կստանան համաձայնագրից։ Կարո՞ղ եք բացատրել, թե դա կոնկրետ ինչ դրսևորումներ կունենա և ինչ դրական արդյունքներ կարող են դրանից ակնկալել հայաստանցիները։

Սվիտալսկի. - Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի հրավերի համար։ Շնորհակալություն Ձեր շնորհավորանքների համար։ Սա իսկապես նշանակալի օր է, օր, որը պետք է միասին տոնենք, քանի որ, ես Ձեզ հետ համաձայն եմ, սա իսկապես շատ կարևոր է հայաստանցիների համար, կարևոր է նաև Եվրոպական միության համար, և այս հաջողությունը հնարավոր դարձավ երկկողմանի ջանքերի շնորհիվ։ Այնպես որ՝ սա մեր միացյալ հաջողությունն է։ Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս փաստաթուղթը կյանքի կոչել իրական քայլերով, որպեսզի հայաստանցիները զգան սրա օգուտները։ Դուք հարցրեցիք դրական արդյունքների մասին։ Սկսենք տնտեսությունից, քանի որ ես կարծում եմ, որ հայաստանցիների մեծամասնությանը մտահոգում են երկրի տնտեսական աճի հեռանկարները, նրանք կցանկանային, որպեսզի երկրում ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն բիզնեսի համար։ Այս համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսակետից։

Նախևառաջ, այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս որդեգրել Եվրոպական միության նորմատիվ-իրավական դաշտը, որը տարածվում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսին են սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցությունը, պետական գնումները։ Այս նորմատիվ-իրավական դաշտն անկասկած կբարելավի սպառողների իրավունքների պաշտպանության իրավիճակը, այն կարող է նաև հանգեցնել ավելի արդար մրցակցության, որն իր հերթին կարող է ավելի ազատականացնել շուկան և հանգեցնել սպառողական գների նվազմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը, որը նախատեսում է շատ կոնկրետ պարտավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, կօգնի այս շուկաների ազատականացմանը, որը կրկին կհանգեցնի գների նվազմանը։ Եվ երրորդ՝ ես մեծ հույսեր ունեմ, որ այս համաձայնագիրը կխրախուսի եվրոպական գործարարների մուտքը Հայաստան, և որ ավելի շատ եվրոպական ընկերություններ կցանկանան առևտրային կապեր հաստատել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ՝ ավելի շատ հայկական ընկերությունները շահավետ գործարար կապեր կհաստատեն Եվրոպայի հետ։

Եկեք անկեղծ լինենք՝ ակնհայտ է, որ այս դրական արդյունքները մեկ-երկու օրում տեղի չեն ունենա։ Բայց համաձայնագրի նպատակային իրականացման, փաստաթղթով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում, կարծում եմ, որ ժամանակի հետ հասարակ հայաստանցիները կզգան այս տիպի տնտեսական արդյունքները։

Նշեմ, որ համաձայնագրում ներառված այլ ոլորտները նույնպես շատ կարևոր են։ Օրինակի համար՝ վերցնենք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և ժողովրդավարության կարևորագույն ոլորտը։ Այս փաստաթուղթը ծառայում է որպես բարեփոխումների խորացման շարժիչ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու համար ժողովրդավարության ավելի բարձր մակարդակը, ավելի անկախ արդարադատության համակարգը, օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի ցածր մակարդակը և այս բարեփոխումների իրականացման հետ կապված այլ դրական արդյունքները կարող են միայն օգտակար լինել։ Այնպես որ, ես չեմ ուզում չափից ավելի լավատես երևալ, բայց ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որոնք, վստահ եմ, հասարակ հայաստանցիները բարձր կգնահատեն։

«Ազատություն». - Պարոն դեսպան, ինչպես Դուք նշեցիք, այս համաձայնագիրը պարունակում է մի շարք խիստ ձևակերպումներ օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման վերաբերյալ։ Արդյո՞ք դա կարող է կյանքի կոչվել, եթե չլինի վերահսկողության ուժեղ մեխանիզմ։ Նկատի ունեմ՝ այստեղ կիրառվո՞ւմ է «ճիպոտի ու նրբաբլիթի» մեխանիզմը, նախատեսվա՞ծ են լծակներ, որոնք կապահովեն բարեփոխումների իրականացումը։

Սվիտալսկի. - Այս համաձայնագիրը ենթակա է պարբերական վերանայման։ Մենք, որպես Եվրոպական միություն, հնարավորություն կունենանք քննարկելու մեր հայաստանյան գործընկերների հետ այս համաձայնագրի իրականացումը, և այս քննարկումների, երկխոսության համար նախատեսված մեխանիզմ կա, որը ներառված է համաձայնագրում։ Ավելին՝ մենք կունենանք առանձին ձևաչափ քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ լրատվամիջոցներին ներգրավելու այս համաձայնագրի իրականացման մասին քննարկումներում։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է լավ բանաձև մշակենք քաղաքացիական հասարակությանը ներգրավելու համար։ Եվրոպական միությունը բաց է այս համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումներում քաղաքացիական հասարակության, հասարակ քաղաքացիների ներգրավման համար։ Ես խրախուսում եմ Ձեր՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, հղե'ք մեզ Ձեր ահազանգերը։ Վստահ եմ, որ այս համաձայնագիրը հիմք է ծառայելու մեր երկկողմ հարաբերությունների համար երկար տարիներ, և մենք կունենանք արդյունավետ գործընթաց, որը թույլ կտա դրա իրականացման յուրաքանչյուր հանգրվանի վերանայել դրա ընթացքը և գնահատել դրա իրական արդյունքները։

Այս համագործակցությունը գործընկերային բնույթ ունի։ Մենք կկարողանանք արտահայտել մեր գնահատականն ու խրախուսել դրա իրականացումը, սակայն, նույնիսկ իրավական տեսանկյունից, մենք չունենք և չենք դիտարկում տարբերակներ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, ճիշտ այնպես, ինչպես անցկացվեցին դրա շուրջ բանակցությունները, որովհետև ես կարծում եմ, որ դրական համագործակցությունը, համաձայնագրի ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելը խորապես բխում է Հայաստանի և Եվրոպական միության շահերից, և մենք միասին կարող ենք ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական, գործուն փաստաթուղթ է, որը մեր ամենօրյա համագործակցության հենասյունը կդառնա։

«Ազատություն». - Պարոն դեսպան, Հայաստանը և Եվրոպական միությունը շուտով երկխոսություն կսկսեն վիզաների ազատականացման շուրջ։ Ուկրաինայի դեպքում սրա հետ կապված հարկ եղավ ավելի քան մեկ տասնյակ նոր օրենքներ ընդունել։ Սա թերևս Եվրամիության ունեցած ամենաուժեղ լծակներից մեկն է։ Այն հիմնված է պայմանականության վրա, որը շատ կարևոր է և որն այն ավելի իրատեսական է դարձնում։ Հայաստանի իշխանությունները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն վիզաների ազատականացման համար։ Եվ թույլ տվեք նաև ասել, որ երբ ես խոսեցի  Սերժ Սարգսյանի հետ, նա հենց վիզաների ազատականացումը մատնանշեց որպես համաձայնագրի կնքման արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար դրական արդյունք։ Սա այս համաձայնագրի շատ կարևոր բաղադրիչն է։

Սվիտալսկի. - Ես համաձայն եմ Ձեզ հետ։ Համաձայնագիրը պարունակում է շատ կոնկրետ ձևակերպումներ վիզաների ազատականացման հեռանկարների վերաբերյալ, ինչը շատ կարևոր է։ Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներն այս առումով հասկանալի են։ Թույլ տվեք վերահաստատել, որ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում և 20 ակնկալվող արդյունքները, ըստ էության, ազդարարում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Իհարկե, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ անհրաժեշտ պայմանները բավարարված կլինեն, բայց ես վստահ եմ, որ այդ ժամանակը կգա։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով արդեն ասել եմ, մենք պետք է առաջ շարժվենք՝ մեր օրակարգում ունենալով այս խնդիրը և հասկանալով, որ երբ ժամանակը գա, համապատասխան որոշումը կկայացվի։ Այնպես որ, մենք պետք է անենք անհրաժեշտ ամեն ինչ գործընթացը առաջ մղելու համար։ Այժմ Հայաստանի հետ մենք վիզաների ռեժիմի պարզեցման փուլում ենք։ Սա ենթադրում է մի շարք խիստ պրակտիկ քայլերի իրականացում, և հայկական կողմը շատ լավ է պատկերացնում, թե ինչ պետք է անել՝ աչքի առաջ ունենալով ապագայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

Իհարկե, կա նաև այլ երկրների փորձը, որից կարելի է դասեր քաղել։ Որքան հասկանում եմ, Հայաստանի իշխանությունները ոչ-ֆորմալ երկխոսություն են վարում Ասոցացման մաս կազմող երկրների հետ, որոնք արդեն ազատ վիզային ռեժիմ ունեն, և փորձում են պարզել, թե քայլերի ինչ հերթականություն է անհրաժեշտ իրականացնել՝ վիզաների ազատականացման գործընթացը իրականացնելու համար։ Ինչպես արդեն ասացի, մենք պետք է հասկանանք, որ վիզաների ազատականացումը, առանց վիզաների ճանապարհորդելու հնարավորությունը ոչ թե իրավունք է, այլ՝ արտոնություն։ Հայ գործընկերները, հայաստանցիները պետք է ապացուցեն, որ սա իսկապես մի բան է, որն իրենք ցանկանում են, որպեսզի նրանց եվրոպացի գործընկերները հասկանան, որ վիզաների ազատականացումը հիմնվում է հայաստանցիների եվրոպական ինքնության և ուժեղ, պրոեվրոպական տրամադրությունների վրա։ Եվ ես կարծում եմ, որ ոչ հեռավոր ապագայում մենք կթևակոխենք վիզաների ազատականացման փուլ։ Եվ մենք, որպես Հայաստանում Եվրոպական միության պաշտոնյաներ, պատրաստ ենք կատարելու աշխատանքի մեր բաժինը՝ տարածել տեղեկատվություն և լավատեսություն ներշնչել մեր հայաստանյան գործընկերներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս