loader
Թանկ հաց և էժան տեսարաններ

Թանկ հաց և էժան տեսարաններ

Կրկեսի պերսոնաժը

Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը գնաճի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել ու դեմքի մտահոգ արտահայտությամբ մի շարք հանձնարարականներ տվել կառավարության անդամներին։ Ընդ որում, իր ելույթում նա աննախադեպ գնաճի համար բավականին քնքույշ ձեւակերպում է հորինել՝ «գնային տատանումներ» (իբր՝ խոսքը միայն թանկացումների մասին չէ, նաեւ էժանացումներ են եղել)։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Իր ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի, մեղմ ասած, տարօրինակ մտքեր է հայտնել։ Օրինակ՝ հայտարարել է, թե իրենք պիտի պարզեն՝ թանկացումների պատճառը օբյեկտիվ գործընթացնե՞րն են, թե՞ տնտեսվարողների ագահությունը։ Սա տարօրինակ է այն պարզ պատճառով, որ աշխարհի բոլոր երկրներում բոլոր տնտեսվարողներն ագահ են, այսինքն՝ ձգտում են առավելագույն շահույթ ստանալ, եւ դա նորմալ է, իսկ իշխանությունները պիտի ոչ թե նրանց հորդորեն զսպել ագահությունը (դա նույնն է, թե հովիվները հոտը գայլերից պաշտպանելու փոխարեն նրանց բրոշյուրներ բաժանեն առողջ ապրելակերպի եւ բուսակերության օգուտների մասին), այլ համապատասխան լծակներ կիրառեն, որ նույնիսկ ամենաագահ տնտեսվարողները չկարողանան անհիմն թանկացումներ հրահրել։ Սերժ Սարգսյանն իր ելույթով փաստում է, որ իշխանությունները մինչեւ հիմա դա չեն արել, այսինքն՝ մինչեւ հիմա նրանց թույլատրված է եղել ագահ լինել (հասկանալի է՝ պայմանով, որ այդ ագահության փաստացի արդյունքի մի մասը ծախսվի ընտրողներին կաշառելու, արտաբյուջետային «կորպորատիվ ծախսերի» եւ այլ նպատակներով)։ Ավելին՝ ցանկացած առիթի դեպքում Սերժ Սարգսյանն անձամբ է պաշտպանել մոնոպոլիստների իրավունքները («բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»)։

Այնպես որ, ակնկալել, թե այս խորհրդակցությունից հետո որեւէ բան կփոխվի, անիմաստ է։ Պարզապես սոցիալական իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, եւ Սերժ Սարգսյանը փորձում է «գոլորշի բաց թողնել»։ Ու չի բացառվում, որ անգամ մեկ-երկու աղմկոտ բացահայտումներ լինեն, մեկ-երկու տնտեսվարողներ մի թեթեւ տուգանվեն, ու որոշ ապրանքատեսակներ մի երկու շաբաթով էժանանան (հասկանալի է՝ առավելագույնը 5-10 դրամով)։

Գրիգոր Ոսկանյան

Ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս