loader
Տարօրինակ լռություն

Տարօրինակ լռություն

Արդեն երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, բայց ռուսական մամուլը «ниже воды, тише травы»: Միայն բլոգեր Ռոմանովն է քայլում վարչապետի պաշտոնակատարի հետ և տալիս նույն հարցերը, ինչ հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Անցած հինգ ամիսներին ռուսական մեդիան աննախադեպ ուշադրություն էր դարձնում Հայաստանին: Թերևս, ավելի շատ, քան նախորդ քսան տարիներին իրար հետ վերցրած: Բայց հիմա քար լռություն է:

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի պաշտոնական արձագանքին: Ֆրանկոֆոնիայի օրերին Երևան այցելեց «Եդիանայա Ռոսիայի» խմբակցության ղեկավարը և հանդիպեց ԲՀԿ առաջնորդին: Սակայն, անգամ, ռուսական լրատվամիջոցները կարևորություն չտվեցին այդ այցին: Տպավորություն ստեղծվեց, որ Սերգեյ Նևերովն «ուիքենդին» կողքից գործ է վերցրել: Այսինքն՝ հարուստ քաղաքական գործչի հրավերով այցելել է մեկին, բայց ինչպես ցանկացած «գռդոն», չի արել դա որակով:

Հրաժարական տալով՝ Փաշինյանը հայտնվել է որոշակի առումով խոցելի վիճակում: Եվ ամենևին ռուսական ձեռագիր չէ, որ չեն փորձում, գոնե, մամուլի մակարդակով խնդիրներ առաջացնել Հայաստանի համար: Մնում է եզրակացնել, որ Փաշինյանը հրաժարականի մասին առաջինը տեղեկացրեց ոչ թե «France 24»-ի եթերում, այլ մի փոքր ուրիշ ֆորմատում, ասենք՝ Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ: Բայց Պուտինը դժվար միայն իրեն առաջինը տեղեկացնելու համար այնքան ոգևորված լիներ, որ հիմա, գոնե, մի փոքր չբզբզար: Եվ ուրեմն՝ մնում է եզրակացնել՝ խոստացվել կամ արդեն զիջվել է մի բան, որի մասին կիմանանք մի փոքր ուշ:

Սիրիա հումանիտար զորախումբ ուղարկելն այն գինը չէ, որ Պուտինը հաշտվեր մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության հաստատման հետ:

Արիս Վաղարշակյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս