loader
Տասը տարի հանցագործի էին պաշտպանում. Ռետրո

Տասը տարի հանցագործի էին պաշտպանում. Ռետրո

Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու պահանջով Հայաստանում սկսված ստորագրահավաքի շուրջ հասարակական կարծիքը բաժանվել է երեք հիմնական մասի: Մի մասը գտնում է, որ Հաագայի միջազգային դատարանը Քոչարյանի իսկական տեղն է, մյուս մասը գտնում է, որ ամեն դեպքում` ցանկալի կլիներ, եթե մեր հանցագործներին մենք ինքներս դատեինք, երրորդ մասն էլ գտնում է, որ պետք է պատասխանատվության ենթարկել նաև Դավիթ Շահնազարյանին, որովհետև նա փաստորեն իմացել է հանցագործության մասին, բայց չի հայտնել: Ուշադրություն դարձրեք` Ռոբերտ Քոչարյանի հանցագործ լինելը որևէ մեկի մեջ կասկած չի առաջացնում: Տեսակետները կիսվում են միայն հետագա գործողությունների վերաբերյալ:

Փաստորեն, տասը տարի շարունակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը, պարզվում է, քրեական հանցագործ է եղել: Բայց սարսափելին սա չէ: Սարսափելին այն է, որ բոլորն իմացել են այդ մասին: Խոսենք ավելի կոնկրետ: Բոլորն էլ իմացել են, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնին տիրացել է խաբեությամբ, որովհետև, ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահ կարող է դառնալ միայն նա, ով վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ Քոչարյանը այդ ընթացքում ոչ թե Երևանում է բնակվել (թեև այդպիսի տեղեկանք էր ներկայացրել), այլ Ստեփանակերտում: Եվ քանի որ Սահմանադրությունը ոտնահարելը ծանրագույն հանցագործություն է, ստացվում է, որ բոլորն էլ շատ լավ իմացել են, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հանցագործ է: Թե ուրիշ էլ ինչ հանցանքներ է գործել Ռոբերտ Քոչարյանը, բազմիցս թվարկվել է (համենայն դեպս, եթե գործը հասնի Հաագայի դատարան, ապացույցների պակաս հաստատ չի զգացվի): Բայց խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, որ տասնյակ հազարավոր մարդիկ (ուժային կառույցներ, դատաիրավական համակարգ, դաշնակներ, հանրապետականներ, քրեական կառույցներ, ծախու մտավորականներ և այլն) տասը տարի շարունակ հլու-հնազանդ ծառայել են հանցագործին, կրծքով պաշտպանել են նրան, պայքարել են նրա հակառակորդների դեմ, և այդպես շարունակ` հարյուր տոկոսով համոզված լինելով, որ հանցագործի են պաշտպանում: Ու հիմա այդ նույն մարդիկ նույն եռանդով Սերժ Սարգսյանին են պաշտպանում` դարձյալ հարյուր տոկոսով համոզված լինելով, որ նա նույնպես հանցագործ է: Եվ ամենևին էական չէ` արդյո՞ք Սերժ Սարգսյանի հանցագործ լինելու ապացույցները նույնքան ակնառու են, որքան Քոչարյանինը, թե՞ այս դեպքում հետքերն ավելի խնամքով են թաքցվել: Էականը ներքին համոզմունքն է: Իսկ այդ համոզմունքը շատ «առարկայական» հիմքեր ունի. Սաշիկ Սարգսյանն ու նրա բազմամիլիոնանոց բիզնեսը, «փեսա Միշիկը», Բաղդասարով Միշայի բիզնեսը և այլն: Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ Սաշիկ Սարգսյանը մուլտիմիլիոնատեր է դարձել բացառապես սեփական ինտելեկտի հաշվին, որ «փեսա Միշիկը» գործում է տնտեսական առողջ մրցակցության պայմաններում, որ անձամբ Սերժ Սարգսյանը գոյատևում է բացառապես աշխատավարձով և այլն: Բայց գործնականում բոլորն էլ գիտեն, որ դա այդպես չէ; Ու բոլորն էլ գիտեն, որ վաղ թե ուշ մի ստորագրահավաք էլ նրա համար է կազմակերպվելու: 

Ինչի՞ համար ենք ասում այս ամենը: Տեսեք` Հրանտ Խաչատրյանը ժամանակին ողջունում էր Քոչարյանի իրականացրած պետական հեղաշրջումը, մի արանքում նույնիսկ նրան կից ինչ-որ հիմնարկում էր աշխատում, իսկ երեկ ստորագրեց նրան Հաագայի դատարանին հանձնելու պահանջի տակ: Ընդամենը 6-7 ամիս առաջ Քոչարյանի արևով երդվող հանրապետականներն այսօր, ճիշտ է, դեռ այդ պահանջի տակ չեն ստորագրում, բայց մեկ էլ տեսար` վաղը ստորագրեցին: Այսինքն` ժամանակները փոխվում են, հետևաբար` չարժե հարկ եղածից ավելի մեծ եռանդով պաշտպանել Սերժ Սարգսյանին: Ի՞նչ իմանաս, թե վաղը-մյուս օրը ինչ փաստաթղթի տակ կստորագրես: Այնպես որ, Սերժ Սարգսյանի այսօրվա պաշտպաններին խորհուրդ կտայինք փոքր-ինչ մեղմել եռանդը և ետ քաշվել: Սա ձեր խելքի բանը չէ: Բացի այդ էլ` ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հանցագործությանը նպաստելու համար է պատիժ սահմանում:

«Չորրորդ իշխանություն», Հուլիսի 17 2008թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս