loader
Թեկնածու չենք առաջադրի այն նպատակով, որ նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ. «Ելքի» անդամ

Թեկնածու չենք առաջադրի այն նպատակով, որ նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ. «Ելքի» անդամ

Հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է նշանակված: Վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, բայց առայժմ քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

«Ելք» խմբակցությունը դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել՝ քննարկումներ են կատարվում: Որոշում կայացնելուց հետո հայտարարությամբ հանդես կգան՝ Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

««Ելք»-ն այսօր հայտարարություն կտարածի թեկնածուի առաջադրման կամ չառաջադրման մասին»,- փոխանցեց նա:

Հարցին՝ արդյո՞ք թեկնածու չառաջադրելու դեպքում կսատարեն «Երկիր Ծիրանի»-ի թեկնածուին, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե իրենց կողմից թեկնածու չեն առաջադրի այն նպատակով, որ նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ:

«Մենք սեփական թեկնածուի խնդիր չունենք: Մենք քննարկում ենք՝ նպատակահարմա՞ր է արդյոք թեկնածու առաջադրել: Եթե մենք համարենք, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, մենք թեկնածու չենք առաջադրի: Մեր հայտարարության մեջ այդ մասին կտեղեկացնենք»,- փոխանցեց Խաժակյանը:

Հանրապետական կուսակցությունը նույնպես դեռ թեկնածու չի առաջադրել:

Նշենք, որ եթե առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա ավագանին կցրվի: Հարկ է նաև նշել, որ Երևանի մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի: Համաձայն օրենքի՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս