loader
Տեսակետներ` թեր և դեմ

Տեսակետներ` թեր և դեմ

Այսօր Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկին, որը կառավարության կողմից բացասական եզրակացություն էր ստացել: Հարցը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հաշվի են առել բազմաթիվ հանգամանքներ, խոսել են բանակի հրամանատարական կազմի հետ, շփվելով պաշտպանության ոլորտի մասնագետների հետ՝ հասկացել են, որ ինչ-որ տեղ հոգեբանական, ինչ-որ տեղ օբյեկտիվ ունակության առումներով ծառայության մեկ տարին չբոլորած զինվորի համար դժվար է առաջնագծում դիրք պահելը:

«Խոսվում է այն մասին, թե մենք ինչ վիճակագրություն ունենք: Վիճակագրություն, իհարկե, մենք ունենք, բայց ասում են՝ զոհերը էդքան շատ չեն: Բայց ինչ է՝ մենք անպայման շատ զոհեր պետք է ունենա՞նք, որ նոր սկսենք օրինագծեր մշակել: Այդ դեպքում ո՞ւր է պատգամավորների խելամտությունը, չէ՞ որ նրանք պետք է ռիսկերը հաշվարկեն և լուծումներ առաջարկեն: Փառք Աստծո, որ այսօր առաջնագծում շատ զոհեր չունենք: Եթե ռեսուրսներ չունենք, դա այլ հարց է: Ուղղակի զարմանալին այն է, որ կառավարության և Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած հիմնավորումները չեն համընկնում: Այսինքն՝ կառավարությունն օրինագիծը մերժվում է, հետո մերժված նախագիծը գալիս է Ազգային ժողով, հետո նոր այստեղ որոշում են, թե ինչ լրացուցիչ փաստարկներով սատարել կառավարության  դիրքորոշումը: Չի կարելի, դա չի բխում խորհրդարանական պետության կոնսեսուսից»:

ԱԺ «Լույս» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի տեսակետն այլ էր: Նա նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ ինքն էլ է դեմ քվեարկել նախագծին, քանի որ նախաձեռնությունը հղի է ռիսկերով:

«Նախագծում չկա գնահատական, խոսք չկա ռիսկերի մասին և որևէ կերպ չներկայացվեց: Հեղինակները չէին տիրապետում նաև այդ ինֆորմացիային: Ընդամենը ռեսուրսների հարց է՝ մենք ունե՞նք բավարար ռեսուրսներ, որպեսզի մեր զինծառայողներին թողնենք ոչ թե կես տարի, այլ մեկ տարի, որպեսզի նրանք հինգ ամսվա փոխարեն 12 ամիս անցնեն ուսումնական փուլը: Նաև չէր ներկայացվում, թե ինչով է առաջարկվում լրացնել 12 ամսվա ուսումնական փուլը: Պետք է ասեմ, որ առաջարկը բավականին հետաքրքիր էր, անդրադառնում էր շատ լուրջ խնդրի, բայց այդ լուրջ խնդիրը պահանջում էր լրջագույն հետազոտություններ և հաշվարկներ, որոնք չկային կատարված առաջարկում»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս