loader
Տեսարանները կան, մնաց հացը

Տեսարանները կան, մնաց հացը

Երկու հանրահայտ հարցերը՝ «ի՞նչ անել» և «ո՞վ է մեղավոր», խիստ արդիական են նաև այսօրվա Հայաստանում, բայց առայժմ հասարակությանը հրամցվում է միայն «ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը, իսկ «ի՞նչ անելը» երկրորդ պլանում է։

Կառավարության նորանշանակ անդամներն իրենց նախորդների արած ղալաթներն են բացահայտում՝ ով ինչքան կարողանում է, ու ամեն բացահայտումից հետո սոցկայքերը հեղեղվում են «տո դրանց սաղին պետք ա փռթիկ-փռթիկ անել» տիպի արձագանքներով (հիմնականում՝ լատինատառ), բայց այս վիճակը երկար շարունակվել չի կարող։ Միայն տեսարանները քիչ են, ժողովրդին պետք է նաև հաց։

Իսկ թե որտեղից պիտի գտնվի «հացը»՝ առայժմ չի երևում։ Համենայն դեպս ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, բավականին մտահոգիչ են։ Համարյա բոլոր ոլորտներում անկում է արձանագրվել։ Ինչ-որ տեղ դա, իհարկե, հասկանալի է. ապրիլի երկրորդ կեսին Երևանը կաթվածահար վիճակում էր, և դա չէր կարող չանդրադառնալ տնտեսության վրա։ Բայց բողոքի ակցիաներն ու գործադուլները տեղ-տեղ շարունակվում են, կապիտալի արտահոսքը՝ նույնպես, և ակնհայտ է, որ մայիս ամսվա ցուցանիշներն էլ բանի նման չեն լինելու։ Իսկ Արևմուտքը չի շտապում օգնել։ Եթե շտապի էլ՝ մեզանից «յուրաքանչյուր վիտամինի դիմաց բազում մանր-մունր ծառայություններ է պահանջելու»։ Մյուս կողմից էլ՝ հեղափոխության հաղթանակի գործում իրենց լուման ներդրած քաղաքացիներն ակնկալում են «գոտիների թուլացում», իսկ դա բյուջեի համար լրացուցիչ լարվածություն է (օրինակ՝ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքների համաներման արդյունքում բյուջեի մուտքերը նվազելու են)։

 Ի՞նչ անել։ Միակ երևացող ռեսուրսը ստվերի կրճատումն է և հավելյալ գումարները բյուջե ուղղելը, բայց իրականում դա շատ բարդ խնդիր է և առանց «կուլակաթափման տարրերի» չի ստացվի։ Վարչապետն, իհարկե, կարող է խոշոր գործարարներին կանչել և «չորով» պահանջել, որ նրանցից յուրաքանչյուրն իր վճարած հարկերն ավելացնի, ասենք, 10-15 տոկոսով, բայց դա հարցի լուծում չէ։ Այդ դեպքում կստացվի, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բյուջեն լցնում էր շարքային քաղաքացիներին հնարավոր ամեն ինչի համար տուգանելով, իսկ նոր իշխանությունները բյուջեն լցնում են մեծահարուստների՛ն տուգանելով։ Սա գուցեև ավելի արդար է, բայց որպես մեխանիզմ՝ բանի պետք չէ։ Իսկ բոլորին ստվերից դուրս բերելը (չէ՞ որ փոքր և միջին բիզնեսը նույնպես ստվերում է) սոցիալական բողոքի ալիք կբարձրացնի։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս