loader
Տնտեսական «բուլբուլյատորի» ճարտարապետները

Տնտեսական «բուլբուլյատորի» ճարտարապետները

Սիրո և հանդուրժողականության հեղափոխության թավիշն, իհարկե, ավելի շուտ «շուշաթուղթ» է հիշեցնում, բայց հասարակության մեջ «թողեք աշխատեն» կարգախոսի կողմնակիցներն առայժմ դեռ ակնհայտ մեծամասնություն են։ Այնպես որ ճիշտը թողնելն է։ Թող աշխատեն։ 

Բայց՝ հանկարծ «բուլբուլյատորի» մասին հայտնի անեկդոտի վիճակում չհայտնվենք։ Անեկդոտը երևի հիշում եք։ Զորամասերից մեկում տեղեկանում են, որ պաշտպանության նախարարը ստուգայց է կատարելու, և բնականաբար՝ իսկույն արտակարգ դրություն է հայտարարվում։ Պետք է պատրաստվել, ամեն ինչ մաքրել, ներկել, փայլեցնել.․․ Եվ ահա զինվորներից մեկը հրամանատարին ասում, որ եթե իրեն ազատ ժամանակ և օգնականներ տրամադրեն, չխանգարեն, ինքը մի այնպիսի չտեսնված-չլսված սարք կպատրաստի, որը կհիացնի պաշտպանության նախարարին։ Այդպես էլ անում է՝ շաբաթներ շարունակ այդ «աշխատանքային խմբին» ապահովում են ամեն ինչով, ազատում են մյուս բոլոր աշխատանքներից, մի խոսքով՝ «թողնում, որ աշխատեն»։ Եվ ահա ստուգայցից մի քանի ժամ առաջ հրամանատարն այնուամենայնիվ որոշում է ստուգել այդ աշխատանքի արդյունքը։ Ու զինվորը հանդիսավորապես նրան է ներկայացնում պահածոյի դատարկ տուփը՝ տակը մեխով ծակած։ «Սա ի՞նչ է», գոռում է բարկացած հրամանատարը։ «Բուլբուլյատոր», բացատրում է զինվորը ու ջրով լի դույլի մեջ գցում պահածոյի դատարկ տուփը։ Տուփը «բուլ-բուլ-բուլ» ձայներ արձակելով լցվում է ջրով և խորտակվում։ Հրամանատարը, հասկանալի է, բարկացած մի կողմ է շպրտում պահածոյի տուփն ու զինվորի վզակոթին մի քանի հարված հասցնելով՝ ուղարկում հաուպտվախտ։ Մի քանի ժամ անց նախարարը ժամանում է, ահավոր բարկանում զորամասում տիրող իրավիճակի վրա, աջուձախ հայհոյում սփրտնած սպաներին, ապա նկատում խոտերի մեջ ընկած պահածոյի տուփն ու գոռում՝ «ըհը՛, խնդրե՛մ, էս թոփ թազա բուլբուլյատորը խի՞ եք շպրտել»։

Ինչու՞ հիշեցինք այս պատմությունը։ Հեչ։ Պարզապես այնպես չստացվի, որ վերջում պարզվի՝ որ իշխանություններն այսքան ժամանակ «բուլբուլյատոր» էին սարքում։ Որովհետև արտաքին քաղաքականության ոլորտում պարծենալու բան, մեղմ ասած, չկա, կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, խայտառակություն է, իսկ տնտեսական քաղաքականությունը (եթե մի պահ ենթադրենք, որ այդպիսին ընդհանրապես գոյություն ունի) հանգում է այն հանճարեղ գաղափարին, որ հպարտ քաղաքացիները պիտի առաջին հերթին կարևորեն հոգևոր սնունդը, իսկ բյուջեն համալրելու ամենակարճ ճանապարհը հարուստ հարևանի մասին համապատասխան մարմիններին իրազեկելն է։

Չնայած՝ կառավարության գործունեության հարյուր օրը դեռ չի լրացել։ Հենց որ լրանա՝ կպարզվի, որ կախարդական փայտիկի հետ այնուամենայնիվ ամեն ինչ կարգին է, և տնտեսությունը մի 15-20 տոկոսով աճել է (հակառակ դեպքում համապատասխան հորդորը չի ուշանա)։ Իսկ իշխանական վերնախավում հայտնված «փախած» կադրերին պետք է ըմբռնումով մոտենալ։ Չէ՞ որ Հայաստանում որակյալ խառատների և զոդող վարպետների պակաս նույնպես կա։

Հ.Գ. Առաջիկայում աշխատավարձերն ու թոշակները հազիվ թե բարձրանան, բայց մտահոգվել պետք չէ։ Ամենաշատ «լայք» ստացած հարյուր թոշակառուների թոշակները երևի կբարձրացվեն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս