loader
Թոմաս դե Վաալ.Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը

Թոմաս դե Վաալ.Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը

«Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը», - այսպես է մեկնաբանում հեղինակավոր փորձագետ, «Քարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը վարչապետի պաշտոնից ժողովրդի ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Կովկասի՝ մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարցերով միջազգային վերլուծաբանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր համար անսպասելի էր Սերժ Սարգսյանի հեռանալու որոշումը։

«Սակայն դա ապացուցում է, որ Հայաստանում կա մի նոր երիտասարդ սերունդ, որը համակարգային ընդդիմության մաս չէ, որը հոգնել է և այլևս չի հանդուրժում իշխանական հին դեմքերին և որը պատրաստ է պաշտպանել իր իրավունքները», - ասում է վերլուծաբանը և միևնույն ժամանակ հավելում, որ «խնդիրն ամենևին էլ լուծված չէ»։

«Խնդիրը Սերժ Սարգսյան անձի մեջ չէ, Սարգսյանն իր հրաժարականով նույնիսկ մեծահոգի քայլ արեց: Նա հեռացավ, չգնաց առճակատման», - ասում է փորձագետը։

Թոմաս դե Վաալը նկատում է, որ Հայաստանում համատարած դժգոհությունների պատճառ դարձած խնդիրները շատ ավելի խորն են՝ համակարգային, դրանք շարունակվում են ավելի քան 20 տարի։

«Խոսքը այն օլիգարխիկ էլիտայի մասին է, որը սերտաճած է քաղաքականության հետ, որն այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության կորիզը և մեծամասնություն է կազմում խորհրդարանում», - ընդգծում է փորձագետը։

Թոմաս դե Վաալը նշում է, որ իր դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանն իսկապես հնարավոր է չէր ցանկանում վարչապետ լինել, այլ նախընտրում էր ավելի շատ ստվերային ղեկավար լինել և կառավարել հեռվից, սակայն, փորձագետի խոսքով, համակարգը Սերժ Սարգսյանից ավելին էր պահանջում, քան ինքն էր ցանկանում։

Հեղինակավոր փորձագետը երեկ Հայաստանում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է որակում։ Նա նշում է՝ ժողովուրդը հաղթել է, սակայն փորձագետը հոռետես է, թե հաղթած ընդդիմադիրներին կհաջողվի լրջագույն փոփոխությունների հասնել։ Թոմաս դե Վաալն ասում է՝ համակարգն ուժեղ է, իսկ փողոցում պայքարող առաջնորդները լծակներ չունեն։

Ղարաբաղյան հակամարտության գծով ամենահեղինակավոր փորձագետներից մեկը համարվող դե Վաալը, անդրադառնալով խնդրի կարգավորման գործընթացին, ընդգծել է, թե բանակցությունների բոլոր նրբություններին տիրապետող Սերժ Սարգսյանի հեռացումից հետո, այդուհանդերձ, Հայաստանը չի մնա առանց բանակցողի։

«Հայաստանում բավական լուրջ մասնագետներ կան, որոնք պետք է ներգրավեն բանակցային գործընթացում։ Իմ կարծիքով՝ այնքան էլ առողջ երևույթ չէ, երբ տարիներ շարունակ հարցը քննարկում են նույն առաջնորդները», -  շեշտեց Կովկասի գծով հեղինակավոր փորձագետ Թոմաս դե Վաալը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս