loader
Թունելի վերջը՝ պաշտպանության նախարարությունում

Թունելի վերջը՝ պաշտպանության նախարարությունում

Անհաջող մարդ

Ահա և տեղաց առաջին ձյունը։ Ամենայն հավանականությամբ,  հենց սա է լուրջ փսիխոզ առաջացրել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի մեջ։ Ընդգծենք՝ «Թունելի Հակոբի» մեջ։ Սա պատգամավոր եղած և մեր իմացած չորս Հակոբ Հակոբյաններից ամենահաջողն է։ Առաջին Հակոբ Հակոբյանը կարգին ազատամարտիկ ու կարգին մարդ է, երկրորդը՝ նորմալ գործարար, մյուսը՝ թեթևի մեջ գործարար, բզիկներով ռեժիսոր, բայց էլի ոչինչ, ուտվում է։ Իսկ ահա այս Թունելը պարզապես տարերային աղետ է։ Իրեն հարգող մարդը պիտի պատվից ցածր համարի սրան բարևելը։

Այլ գնահատականներ հնարավոր չէ տալ. ասում են. իբր ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր ջան, երկրում ապրանքները կտրուկ թանկացել են, ժողովուրդն ի՞նչ անի, պատասխանում է. արխային, նորմալ է, արտառոց բան չկա, աղքատ ժողովուրդ է, էդ ապրանքները թանկանան - չթանկանան, մեկ է՝ իրենց վրա չի ազդում, քանի որ փող չունեն։

Երեկ ամբողջ ֆեյսբուքը, կներեք, թքում էր Թունելի վրա։ Վստահ ենք, աղմուկն ու զայրույթն այնքան մեծ է լինելու, որ ստիպված հայտարարելու է, թե իր խոսքերը խեղաթյուրել են, ինքը ուրիշ բան է ասել։ Սա փորձված մեթոդ է, երբ քաղաքական գործիչները իրենց տգիտությունն ու անբարոյականությունը պայմանավորում են վատ լրատվամիջոցներով, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներով կամ փչացած ձայնագրիչներով։

Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարար

Հույս ունենք, որ Թունելի Հակոբին այլևս անդրադառնալու կարիք չենք ունենա, մանավանդ որ մեղավորը ոչ այնքան նա է, որքան նրան խորհրդարան խցկածները՝ երկրի ղեկավարները։

Երկրի ղեկավարներին էլ հիմա շատ բարդ է որևէ բան ասել, բողոքել։ Որովհետև զբաղված են ներիշխանական գզվռտոցներով, պալատական ինտրիգներով, իրար տակ են փորում։ Ու այս թունելի վերջը չի երևում։

Մենք մի հետաքրքիր ձև ենք գտել՝ այդ ներիշխանական պայքարին հետևելու համար։ Իշխանության ներսում այժմ մի քանի խմբեր են ձևավորվել, տարբեր կենտրոններ, որոնք իրար դեմ են պայքարում։ Բնականաբար, այդ պայքարում տարբեր գործիքներ են կիրառվում։ Դրանցից մեկն էլ Ֆեյսբուքն է։ Իշխանության տարբեր կենտրոններ ունեն իրենց ֆեյսբուքյան թիմերը, որոնք սոցցանցերում զբաղված են բացառապես իշխանության մյուս թևերին քարկոծելով։ Ժամանակի ընթացքում արդեն ուրվագծվել են այդ թիմերը, դրանց առավել ակտիվ ներկայացուցիչները։ Մենք նման օգտատերերի էջերին առաջնահերթ բաժանորդագրվել ենք։ Այսինքն՝ երբ նրանցից մեկը ինչ-որ ստատուս է գրում, ֆեյսբուքը մեզ այդ մասին տեղեկացնում է։

Հիմա՝ կան օգտատերեր, որոնց միակ խնդիրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին քննադատելն է։ Հայաստանում և երբեմն՝ նրա սահմաններից դուրս ինչ ուզում է պատահի, զարմանալի ճարպկությամբ հաջողացնում են պայմանավորել Կարեն Կարապետյանի ապաշնորհ, անտաղանդ գործունեությամբ։ Ապրանքները թանկանում են՝ մեղավորը վարչապետն է. լավ։ Մենաշնորհների դեմ պայքարը արդյունք չի տալիս` էլի ինքն է մեղավոր։ Սա էլ լավ։ Բայց որ Կարեն Կարապետյանն է մեղավոր արտագաղթի համար` այդ մեկը մի քիչ «պերեբոր» է։ Այսինքն, մեղքի իր բաժինն ունի, բայց գլխավոր մեղավորը նա չէ։

Ինչևէ, մի խումբ էլ կա, որը բացառապես Վիգեն Սարգսյանին է քննադատում։ Ու այս ամենին մենք հետևում ենք. ֆեյսբուքը մեզ տեղեկացնում է, մենք էլ նայում ենք, թե ով ում դեմ ինչ «սլիվ» է անում։ Կարիք էլ չկա աղբյուրներ ունենալ նախագահականում, կառավարականում, այլ պետական կառույցներում։ Հենա այդ բոլոր աղբյուրները մեր աչքի առաջ են։

Ու ամենահետաքրքիրն այն է, որ այսքան իրար քննադատում են, փաստերի արտահոսք են անում, Սերժ Սարգսյանի անունն ընդհանրապես չեն տալիս։ Սերժ Սարգսյան անունով մարդ չկա։ Դատելով այդ գզվռտոցներից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երկրի ղեկավարները Կարեն Կարապետյանն է, Վիգեն Սարգսյանը, Է. Նալբանդյանը, նույնիսկ «Տաշիրի Սամոն», մի փոքր՝ Վլադիմիր Գասպարյանը, բայց ոչ երբեք Սերժ Սարգսյանը (Արա Բաբլոյանի մասին չենք խոսում, քանի որ մեծ մասը չգիտի, թե դա ով է)։

Մհեր Ղալեչյան

Ամբողջական՝ «Չորրորդ իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս