loader
Թվեր չկան, բայց կառուցվելու են. Միրզոյանի ելույթը՝ ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին

Թվեր չկան, բայց կառուցվելու են. Միրզոյանի ելույթը՝ ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին

Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին: Հենց այսպես իր ելույթն Ազգային ժողովում վերնագրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Կառավարության ծրագրում նշվում է, որ նախատեսվում է կառուցել ջրամբարներ: ԱԺ պատգամավորները հետաքրքրվում են, թե ո՞ւր են թվերը, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում, քանի՞ ջրամբար է կառուցվելու:

Միրզոյանը հաստատեց, որ այդ թվերը ծրագրում չկան, բայց խնդրով մտահոգված գործընկերներին պատասխանեց, որ այդ ջրամբարները կառուցվելու են: Իսկ պատգամավորների հարցադրումները ԱԺ նախագահին անցյալը հիշեցրեց:

«Այս հարցադրումներն ինձ տանում են մեկ տարի հետ, երբ մեր գործընկերների հետ քննարկումների շարք ունեինք, որ մեր հանրությունը հասել է մի պահի, որ կա երկու ճանապարհ. կամ ապրում ենք ճորտատիրական ճահճում, կամ հաղթահարում ենք դա, անիվը հանում ենք այդ ցեխից և կանգնում ենք զարգացման ճանապարհին: Մեզ հարցնում էին, թե ո՞րն է ձեր պլանը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս: Մենք այդ ամբողջ ընթացքում ասում էինք, որ մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և քաղաքացու հաղթանակ: Այո, մանտրայի պես մենք քննարկումից քննարկում շարունակ սա շարունակում էինք կրկնել: Եվ կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը համաձայնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն մտքի հետ, որ շատ դժվար է ընդդիմություն լինել հեղափոխությունից հետո: Նա նշեց, որ տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն, հարյուրապատիկ դժվար է լինել քաղաքացի:

Միրզոյանի խոսքով՝ շատ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է՝ զարգացման ճանապարհին կհասնենք, եթե արթնացնենք քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը: Սա, ԱԺ նախագահի համոզմամբ, կառավարության լրջագույն մարտահրավերն է:

«Կհաջողվի սա, կհաջողի ծրագիրը, և կկառուցվեն այդ ջրամբարները և թոշակները կբարձրանան, չհաջողվի, ուրեմն՝ ծրագիրը չի իրականանա: Կհասկանա խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից իր ծնողի թոշակի հարցն է լուծվում, կհաջողենք: Պետք է ազգովի աշխատենք, որովհետև ջրամբարների կառուցման համար այլ տարբերակ չկա: Սիրում ենք մենք իրար, սիրում ենք մենք մեր հայրենիքը ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ջրամբարները կառուցվեն»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքականությունն ու հեղափոխությունը զգացմունքների հարց են:

Նա նաև նշեց հեղափոխության իր զգացմունքային պահը:

«Այստեղ բոլորովին այլ մեծամասնություն էր և Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց, որ ժողովուրդը ձեզանից զզվում է»,- հիշեցեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանի ելույթն ավարտվեց ծափահարություններով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս