loader
Վլադիմիր Կարապետյան. Երևի Արմեն Սարգսյանը իրավիճակը լավ չի պատկերացնում

Վլադիմիր Կարապետյան. Երևի Արմեն Սարգսյանը իրավիճակը լավ չի պատկերացնում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վլա­դիմիր Կարապետյանը«Հայաստան 24»-ի հետ զրույցում, անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերջին զարգացումներին: Հարցին՝ թե իր կարծիքով ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, պարոն Կարապետյանն ասաց.

«Կոռեկտ չեմ համարում ներկայացնել հետագա զարգացումների մասին իմ մոտեցումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարժման ղեկավարն ունի հստակ ծրագիր ու մոտեցում, և հանգուցալուծումը կներկայացվի իր կողմից: 

Ինչ վերաբերում է իմ մոտեցմանը, ապա կարծում եմ, որ այն ինչ ասել է Կոնգրեսը առաջնահերթ է. շուտափույթ պետք է ապահովվի իշխանափոխությունը, նոր իշխանությունը լծակներ ստանձնի և ապահովվի երկրի կառավարելիությունը: Իմ կարծիքով՝ դա չի կարող արվել, եթե առաջիկա օրերին իշխանությունը չփոխանցվի շարժման լիդերին», - ասաց Կարապետյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Արմեն Սարգսյանի հայտարարությանը, որում նշվում է, որ Սարգսյանը հանդիպելու է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

«Իմ կարծիքով՝ անօգուտ մի բան է նախաձեռնել Արմեն Սարգսյանը: Երևի լավ չի պատկերացնում իրավիճակը: Եթե ինքը կարողացավ Սերժ Սարգսյանին իր հրաժարականը պահանջողի հետ նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հենց նույն՝ հրաժարականի օրակարգով, ապա այսօր նա պետք է ավելի ադեկվատ գնահատի իրավիճակը և ոչ թե երկարացնի ՀՀԿ-ի հոգեվարքը, այլ հակառակը՝ նպաստի, որպեսզի հնարավորինս շուտ ՀՀԿ-ն հավատարիմ մնա այն գնահատականներին, որոնք տվել է իր առաջնորդը: Սերժ Սարգսյանն ասել է՝ ես սխալ եմ, իմ կուսակցությունը սխալ է, Նիկոլը ճիշտ է», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է սրան՝ նշելով, որ իրենք ուղղակի չեն մասնակցի ընտրություններին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս