loader
«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից մեկը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից մեկը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի («Զիմ») պաշտպան Նարինե Ռշտունին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատարանից 40 աշխատանքային օր խնդրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Ռշտունին նշեց, որ այդքան օր է հարկավոր՝ նյութերին պատշաճ կերպով ծանոթանալու և այնուհետև իր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնելու համար: Մեղադրողները միջնորդությանն առարկեցին՝ նշելով, որ 1 շաբաթն էլ բավարար է, իսկ դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ հայտարարեց, թե իրենք արդեն հետազոտել են 12 հատոր, հետևաբար, պաշտպանին կարելի է ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու համար, իսկ մնացած 25 հատորին էլ կծանոթանա դատաքննության ընթացքում:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, առարկեց՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է, քանի որ խախտվում է անձի պաշտպանության իրավունքը:

«Իհարկե, իմ պաշտպանյալի համար գործի ձգձգումը լավ չէ, սակայն սա չի նշանակում, որ պաշտպանը 37 հատորին կարող է ծանոթանալ 7 օրում: Մեկ տարի է՝ խախտվում է Հարություն Սարիբեկյանի պաշտպանության իրավունքը, մեկ տարի է՝ տարբեր հանրային պաշտպաններ են գալիս, ներգրավվում, ծանոթանում գործի նյութերին, ապա ուրիշ մեկն է ներգրավվում: Խեղկատակություն է սա, ինչպե՞ս կարող է պաշտպանն այդքան մեծ ծավալի նյութերին ծանոթանալ 1 շաբաթում, ինչպե՞ս կարող է պաշտպանն առանց պաշտպանյալին մեկ անգամ էլ հանդիպելու պաշտպանություն իրականացնի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ նախորդ նիստում Հարություն Սարիբեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանից և մասնավոր պաշտպան ներգրավվել Նարինե Ռշտունիին:

Դատավորը որոշեց Նարինե Ռշտունիին տալ 2 շաբաթ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Նշենք նաև, որ Նարինե Ռշտունին այսօր դատարանում տեղեկացրեց, որ «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») հացադուլ և ջրադուլ է հայտարարել: 

«Արդեն երկրորդ օրն է՝ իմ պաշտպանյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել»,- ասաց Նարինե Ռշտունին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս