loader
«168 ժամ». Արմեն Սարգսյան. Ապտակի մասին լուրերն ամբողջու­թյամբ հերյուրանք են

«168 ժամ». Արմեն Սարգսյան. Ապտակի մասին լուրերն ամբողջու­թյամբ հերյուրանք են

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև


Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հանգամանքը «թարմացրեց» հիշողություն-քննարկումներն այն մասին, թե ինչպես Արմեն Սարգսյանը 1997 թվականին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և ինչ հակասություններ նա ուներ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ:

ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցան­ցերում նորից թարմացրեցին հին ու ստոր բամ­բասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչա­պետի պաշտոնից»: «Վազգենի աչքերը դեղ­նում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Արմեն Սարգսյանը լուրջ հիվան­դություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժշկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզա­պես ընկերներ, բարեկամներ: 1999թ. սեպտեմ­բերին Արմեն Սարգսյանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատ­րաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն ան­հետևանք թողնել»,- գրել է Տ. Հակոբյանը: Թեմայի շուրջ «168 ժամը» զրուցել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ:

- 1997-ին իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև։

- Միանշանակ ասեմ, որ թեման հենց սկզբից փակվի, «ապտակի» մասին լուրերն ամբողջու­թյամբ հերյուրանք են: Արմեն Սարգսյանին ճա­նաչում եմ 1996 թվից, մեզ անձամբ ծանոթաց­րել է Բաբկեն Արարքցյանը Սևանում: Եվ իմ ճա­նաչած օրվանից 1996 թվից մինչև 1999թ. հոկ­տեմբերի 25-ը երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույ­նիսկ կասեի եղբայրական հարաբերություննե­րի մեջ: Դա իմ տեսածն է և, կարծում եմ քիչ չեմ տեսել, նրանց հարաբերությունների, շփումնե­րի բազմաթիվ անգամներ ներկա եմ եղել: Եվ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ Թամարի հետ, մեր տանը: Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անց­կացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկ­նում էին Լոնդոն: Եվ, իրոք, Վազգենի ու Արմենի հարաբերությունները շատ ջերմ էին, ընտանե­կան: Ես կարող եմ հիշել. 1999թ. այդ օրը ՀՀ-ում առաջին ՏԻՄ ընտրություններն էին, այդ օրն էր: Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել: Իմ տեսած ու լսածն է: Թե կուլիսնե­րում մարդիկ ինչե՞ր են իրենց համար հորինում, ինչե՞ր են ուզում ակնկալել այդ ապտակ եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ոչ լսել, ոչ զգացել եմ, կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի, կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի: Չկա նման բան, սուտ է, հերյուրանք­ներ են:

- Այդ դեպքում վարչապետի պաշտոնից Ար­մեն Սարգսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր:

- Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատ­ճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր: Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաս­տան երկրին շատ է պետք... Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար-երկար տարիների կյանք, ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը:

- Այսօր Ձեր՝ Սարգսյանների միջև հարաբե­րություններն ինչպիսի՞ն են:

- Արմեն Սարգսյան և Արմեն Սարգսյան հա­րաբերությունները բարեկամական են, ընկերա­կան, ջերմ: Տարվա մեջ 1-2 անգամ հեռախոսազանգեր են եղել. Արմենի հետաքրքրվածությունը հիմնականում մամայի ու պապայի առողջա­կան խնդիրներն են: Մնացած առումներով որևէ խնդիր չունենք:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս