loader
«168 ժամ». Հայաստանը մոտենում է Վերին Լարսի այլընտրանքին

«168 ժամ». Հայաստանը մոտենում է Վերին Լարսի այլընտրանքին

Ինչ զիջումների են պատրաստ Ռուսաստանն ու Վրաստանը

«168 ժամի» հետ զրույցում Վրաստանի Եվ­րոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանն իր կողմից ցանկանում է աջակցել Հայաստանի համար նոր հնարավո­րությունների ստեղծմանը՝ կարևորելով նաև այս հարցում համաձայնությունը Ռուսաստանի հետ։ Թեև, Գոգոլաշվիլիի համոզմամբ, առաջին տեղում Վրաստանի ազգային շահերն են, որոնք Ռուսաստանի կողմից բազմիցս նսեմացվել են։

«Աբաշիձեն նաև նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև բազում քաղաքական խնդիր­ներ կան, միայն դրանց լուծումից հետո կարող է դիտարկվել լուծում այս համաձայնագրով պայմանավորված։ Դեռ մի շարք հարցեր բաց են մնում, թեև Ռուսաստանը ևս համաձայնագիր կնքեց շվեյցարական ընկերության հետ, պարզ չէ, թե կոնկրետ այս համաձայնագրից կողմերից յուրաքանչյուրն ինչ սպասելիքներ ունի։ Ակնհայտ է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող անուղղակիորեն ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սրանք դեռ բանակցային հարցեր պետք է լինեն։ Հա­յաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո Վրաստանի ընդդիմությունը քննադատություն­ներ սկսեց իշխանությունների հասցեին մե­ղադրելով դավաճանության մեջ, քանի որ իս­կապես անընդունելի կլինի անուղղակի ճանա­չումը ռուս-վրացական պատերազմից հետո։ Պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում այս համաձայնագրի իրագոր­ծումը, սա շատ կարևոր հարց է, ինչպես է Վրաստանը պատկերացնում։ Բայց հասկանա­լով խնդրի կարևորությունը Հայաստանի հա­մար, կողմերը պետք է փորձեն ելքեր փնտրել։ Գուցե իսկապես այնպիսի անցքեր գտնվեն համաձայնագրում, որ հնարավոր լինի կյանքի կո­չել այլընտրանք Լարսին»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ուստի, նրա խոսքով, ցավոք սրտի, դեռ տեսանելի չէ, թե երբ հստակորեն կուրվագծվի ցամաքային այլընտրանք Հայաստանի հա­մար։ Ըստ նրա՝ Պրահայում նախատեսվող բա­նակցությունների ընթացքում կքննարկվեն համաձայնագրի կատարման մանրամասները, կողմերի պատկերացումները։

«Չխոսել այդ մասին չի կարելի։ Պետք է ել­քեր փնտրել»,- ասաց նա։

Վրացի քաղաքագետը չի բացառում, որ դեռևս երբեք չքննարկված ուղիների շուրջ հա­մաձայնություն ձեռք բերվի, որը «ցավոտ» չի լինի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ Աբխազիայի, Օսիայի համար։

Մեկ այլ վրացի քաղաքական վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, այն կարծիքին է, որ ըստ էու­թյան մեծ առաջընթաց այս համաձայնագրի կատարման հարցում տեղի չի ունեցել, բացի Ռուսաստան-SGS պայմանագրի ստորագրումից։

«Ավելի հավանական եմ համարում, որ Աբաշիձեն իր այս անդրադարձով փորձում է նոր ազդակ հաղորդել հայ-վրացական հարա­բերություններին, ցույց տալ քաղաքական հա­րաբերությունների խորացման, պատրաստա­կամության նոր մակարդակ ՀՀ նոր իշխանու­թյուններին։ Գուցե Ռուսաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը ևս այդ հանգա­մանքով էր պայմանավորված, քանի որ նոր հանգամանքներ վրաց-ռուսական բանակցություններում վերջին ամիսներին ի հայտ չեն եկել։ Իհարկե, սա առաջընթաց է։ Բայց ամենա­կարևոր հարցերի առնչությամբ Վրաստանի իշ­խանությունները ժողովրդին պետք է պարզա­բանումներ տան, թե ինչ համաձայնության են պատրաստվում գալ Ռուսաստանի հետ Աբխազիայի հետ կապված։ Ակնհայտ է, որ այս տարածքնե­րի առնչությամբ մեծ խնդիր կա Վրաստանում։ Խնդիր է նաև այն, որ համաձայնագիրը Ռու­սաստանը ստորագրեց ամիսներ անց, երկա­րաձգելով գործընթացը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը տրամադրված չէ զիջումների։ Այս դեպքում Վրաստանի կողմից զիջումներն անտեղի եմ համարում»,- ասաց Ցինցաձեն։

Վերջինս ընդգծեց, որ հայ-վրացական հարա­բերությունները չափազանց կարևոր են։ «Բայց հանուն Հայաստանի՝ Վրաստանը չի կարող զո­հաբերել իր շահերը»,- նկատեց Ցիցաձեն։ Փոր­ձագետը վստահ է, որ ցանկացած լուծում պետք է լինի բոլոր կողմերի շահերին համա­պատասխանող։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս