loader
«168 ժամ». ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շատ քիչ են տարբերվում

«168 ժամ». ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շատ քիչ են տարբերվում

Գերմանացի կովկասագետ Ուվե Հալբախը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հոր­դորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հա­կամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով։

Ըստ նրա, երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցություննե­րի ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագի­տական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ ուղով է պատրաստվում առաջ մղել բանակցություննե­րը հայկական կողմը, և որոնք են իր առաջնահերթությունները։ «Հայկական կողմը փորձել է շեշտել, որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը չի անդրադարձել բանակցային գոր­ծընթացում հայկական կողմի մոտեցումների վրա, և դրանք անփոփոխ են՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում։ Այսինքն՝ հայկական կողմը հասկացրեց, որ մինչ կարգավորման բանակցություններին անցնելը, որի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետը որոշ դիտարկում­ներ է արել, այդ թվում Արցախի մասնակցու­թյուն, Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորություններն ապրիլյան պատերազմից հետո, այլապես չի կարող լինել կարգավորում»,- ասաց Հալբախը։

Հարցին, թե կընդունի՞ արդյոք Ադրբեջանը ՀՀ նորընտիր վարչապետի դիրքորոշումն այն մա­սին, որ Արցախը պետք է վերադառնա բանակ­ցային սեղան, Ուվե Հալբախը պատասխանեց, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս փորձում են հակասություններ գտնել հայկա­կան կողմի արտահայտած տեսակետներում, որի նպատակն է խուսափել այս շատ կարևոր հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտ­նելուց։ Բնականաբար, Հալբախի համոզմամբ, Ադրբեջանը դրան դեմ է։ «Բայց կարծում եմ՝ միջնորդները կաջակցեն Հայաստանի այս դիր­քորոշմանը՝ հաշվի առնելով ապրիլյան պատե­րազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից։ Սա յուրօրինակ դաս կդառնա Ադրբեջանի հա­մար։ Կարծում եմ՝ Արևմուտքը, Ռուսաստանը կհամաձայնեն այս հարցում, քանի որ ապրիլյան պատերազմի նման զարգացումները իրենց շահերի դեմ են»,- ասաց Հալբախը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն էլ ասաց, որ ՀՀ նոր իշխանություննե­րի դիրքորոշումներն Արցախյան հակամար­տության կարգավորման վերաբերյալ, ըստ էու­թյան, շատ քիչ են տարբերվում նախորդ իշխա­նության քաղաքականությունից, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ նոր իշխանության հետ բեկումներ արտաքին քաղաքականության այս ոլորտում ակնկալել պետք չէ հատկապես, երբ ադրբեջանական կողմում նաև փոփոխու­թյուններ տեղի չեն ունեցել։ «Միակ նոր շեշ­տադրումն Արցախի վերադարձն է բանակցա­յին սեղան, որի իրագործումը հայ-ադրբեջանական հակամարտության այս հակասություննե­րի պայմաններում դժվար խնդիր է։ Ադրբեջա­նական կողմում թյուրընկալումներ թույլ չտա­լու համար ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն այն կետից, որում ավարտվել են վերջին հանդիպումից հե­տո և, ըստ էության, որևէ առաջընթաց տեղի չի ունենում վերջին երկու տարվա ընթացքում։ Նույնիսկ կողմերի դիրքորոշումները հասկա­նալու դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես են ընթանալու առաջիկա բանակցու­թյունները։ Հայաստանի կողմից բանակցող է փոխվելու, ամենայն հավանականությամբ, բա­նակցություններում Հայաստանը ներկայաց­ված կլինի Փաշինյանի տեսքով, նա նման բա­նակցությունների փորձ չունի, Ադրբեջանը հույ­սեր է կապում, որ կկարողանա ինչ-որ զիջում­ներ կորզել, թեև Փաշինյանը նշել է, որ Ադրբե­ջանի ներկայիս հայտարարությունների շարու­նակության դեպքում զիջումների մասին խոսելն ավելորդ է»,– ասաց Սկակովը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս