loader
«168 ժամ». Ինչն է մտահոգել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

«168 ժամ». Ինչն է մտահոգել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը պարզաբանեց, թե արդյոք ԵՄ դեսպանների արտահայտած մտա­հոգությունները հիմնավո՞ր են։ Ըստ նրա, մի­այն դեսպանները կարող են ասել, թե ինչ ազդակներ են ստացել կամ չեն ստացել Երևանից։

«Հնարավոր է՝ ենթադրություններով առաջնորդվելով, նման դիտարկումներ են անում՝ փորձելով թեման բացել և անհանգստություն առաջացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվ շփումներ են ունենում ՌԴ-ի հետ։ Բայց սա ՀՀ իշխանությունների որոշումն է։ Չի բացառվում նաև, որ եվրոպական կողմը որոշ հիմքեր ունի նման հայտարարությունների համար, որոնցից մենք տեղյակ չենք։ Այնուամենայնիվ, մենք լսել ենք միայն հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ, քանի որ վարչապետը երկու անգամ այցելել է Ռուսաստան։ Կարծում եմ, որ եվրոպական ուղղությամբ ՀՀ իշխանությունների ծրագիրն այս ընթացքում կարող էր բացահայտված լինել։ Ամենայն հավանականությամբ չկա խորացնելու ծրագիր, և հայտարարվում է նախորդ պայմանավորվածություններն իրականացնելու մասին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՀ-ն նահանջում է եվրոպական օրակարգից», - ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, ամեն դեպքում էական փոփո­խություն ՀՀ-ԵՄ հարաբերություններում չի լինի նման դիրքորոշման պարագայում, քանի որ նախորդ իշխանությունների դեպքում ևս այդ հեռանկարներն աղոտ էին, քանի որ կա տարածաշրջան, կա հակամարտություն, կա ուժերի դասավորվածություն, շահեր ու հետաքրքրու­թյուններ։

«Արտաքին քաղաքականությունն այս տա­րածաշրջանում առնչվում է կոնկրետ անվտան­գությանը, նույնիսկ գերտերությունների լարված հարաբերություններն են անդրադառնում այստեղ տիրող իրավիճակի վրա։ Այսինքն՝ թելադրողն անվտանգային իրավիճակն է։ Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում Հայաստանի ազգային շահերն են։ ՀՀ իշխանու­թյունները կպահպանեն հարաբերությունների նախկին խորությունը։ Վստահություն ունեմ, որ ԵՄ-ի ուղղությամբ ևս էական տեղաշարժեր չեն լինի, քանի որ այդ հարաբերությունները ևս բխում են ՀՀ շահերից։ ՀՀ-ն հասկանում է, որ ԵՄ-ն խոշոր դոնոր է, և ԵՄ-ի «հեռանալը» Հա­յաստանից կարող է մի շարք անցանկալի հետևանքների պատճառ դառնալ»,֊ նման կար­ծիք հայտնեց Լուկիանովը։

Մեզ հետ զրույցում Եվրոպական խորհրդա­րանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ մտահոգություններ ԵՄ-ում չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հա­րաբերությունները գործընկերների հետ։ Գոր­ծընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու հայկական կողմի որոշումը։ Չարնեցկին նշեց, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, Կառավարության ղեկա­վարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հար­ցեր։ «ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանա­կաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել, ալեկոծությունները շատ են։ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել ԵՄ-ի ներսում պահպանվելու համար։ Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում, և կարծում եմ՝ եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի։ Ներկայիս փուլը ՀՀ-ԵՄ հարաբերություն­ների համար զգայուն է այն առումով, որ ստո­րագրված համաձայնագրի իրականացման փուլն է, դրան սպասում էին երկու կողմերը։ Դրա արագությունը համապատասխան ազ­դակներ կտա Բրյուսելին, որ ԵՄ-ի կողմից վա­վերացումը ևս պետք է արագ տեղի ունենա։ Եթե դեսպանն ասում է՝ ժամանակ չկորցնել, նշանակում է, որ նոր կառավարությունը դեռ չի հասցրել անդրադառնալ այս հարցին, ինչը նաև հասկանալի է, որովհետև ընթանում է ներքին հսկայական աշխատանք, կոռուպցիոն բացահայտումներ, և այլն, և այլն։ Սակայն կա­ռավարության ղեկավարը խոսել է նաև վիզա­ների ազատականացման մասին, որը են­թադրում է հարաբերությունների մի նոր աս­տիճան։ Հուսով եմ, որ, եթե կա անորոշություն, առաջիկայում այն կցրվի։ Կրկնեմ, որ չեմ կար­ծում, թե խոսքը մտահոգությունների մասին է. խոսքն անորոշության մասին է։ Եթե ՀՀ կառա­վարության ծրագրում ԵՄ-ի հետ հարաբերու­թյունները երրորդ տեղում են, դա վատ ցուցա­նիշ է․ թեև արդարության համար պետք է նաև նշել, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավե­լի մեծ ներդրումներ կանի համապատասխան քաղաքական կամքի պարագայում»,- ասաց Չարնեցկին։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս