loader
«168 ժամ». Փոլ Գոբլ․ Շուտով կբացահայտվի Թրամփի ղարաբաղյան ինտրիգը

«168 ժամ». Փոլ Գոբլ․ Շուտով կբացահայտվի Թրամփի ղարաբաղյան ինտրիգը

«168 ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբա­գիր, սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս հայտարարության հետևում ակնհայտորեն կա ցանկություն՝ հան­դես գալ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ որպես կարգավորման գլխավոր միջնորդ։ Ըստ նրա՝ շատ ձևաչափեր կարող են քննարկվել։ Բայց, Տարասովի որակմամբ, ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջմղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները։ «Այսինքն՝ ծրագիրը սա կարող է լինել, իսկ փա­թեթները մի քանիսն են, կան և՛ ռուսական, և՛ արևմտյան պրոյեկտներ։ Դժվար է ասել, թե որ ուղղությամբ կշարժվի ԱՄՆ նախագահը։ Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու է ԱՄՆ նախագա­հը որոշել հարցին անդրադառնալ հիմա։ Կար­ծում եմ՝ հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար։ Ավելին, Թրամփի նամակում տեղ գտած ձևակերպու­մից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը որոշակի ակնկալիք ունի այս հարցով Ալիևից, ինչն արտահայտվում է նրա՝ «սպասում եմ Ձեզ հետ համագործակցության» արտահայտու­թյամբ։ Բնականաբար, Դոնալդ Թրամփն իրա­տես քաղաքական գործիչ է, կամ նա տեղյակ է, կամ տեղեկացրել են, որ ԼՂ հակամարտությու­նը բավականին բարդ հակամարտություն է, դրա լուծումն այդքան էլ հեշտ չէ, բայց Թրամփը պետք է փորձի օգտվել այն իրավիճակից, որում բավականին նեղ է Ալիևի մանևրելու հնարավորությունը»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում մի շարք զարգացումներ նպաստել են այս իրավիճակի ստեղծմանը։ Դրանցից առաջինը, նրա խոսքով, Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել Ավիվից Երուսաղեմ՝ չնայած ՄԱԿ-ի որոշումներին։ Երկրորդ զարգացումը, Տարա­սովի կարծիքով, կապված է Իրանի միջուկային գործարքի հետ, որին Բաքուն կողմ է, չնայած այդ հարցում Դոնալդ Թրամփի կտրուկ դիրքո­րոշմանը։ «Ռուսաստանի և Թուրքիայի հետ ևս Ադրբեջանը փորձում է լավ հարաբերություն­ներ պահպանել, աջակցել այն դեպքում, երբ ԱՄՆ-ը նրանց նկատմամբ պատժամիջոցներ է մտցնում։ Այսինքն՝ ներկայումս աշխարհում Վաշինգտոնի համար բոլոր զգայուն հարցերի վերաբերյալ Ադրբեջանը հակաամերիկյան դիրքորոշում ունի։ Այնուամենայնիվ Թրամփն ակնկալում է, որ Ալիևն ԱՄՆ-ի հետ կհամագոր­ծակցի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, երբ ԱՄՆ-ը հանդես գա նախաձեռնու­թյամբ։ Այս ամենի համար բարենպաստ էին նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարու­թյունները, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան, որի մասին ես պնդում էի տարիներ շարունակ։ Ավելի վաղ ևս ասել էի, որ սա կարևոր հայտարարություն է, միջնորդները կսատարեն այս գաղափարը, այստեղից էլ կա­րող են սկսվել զիջումները։ ՀՀ վարչապետը դրական ուղերձներ է հղել նաև Թուրքիայի իշ­խանություններին, որոնք գուցե ինչ-որ պահից սկսեն մտածել Հայաստանի հետ հարաբերու­թյունների կարգավորման մասին, որը ևս դրա­կան անդրադարձ կունենա ԼՂ հակամարտու­թյան կարգավորման գործընթացի և Ադրբեջանի տրամադրվածության վրա»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն այն կարծիքին է, որ Թրամփի ադմինիստրացիան վաղ թե ուշ ևս պետք է փորձեր կարգավորման փորձ անել, ինչպես նախորդ բոլոր նախագահ­ներն ու պետքարտուղարները։ Սկակովը հա­մամիտ է իր գործընկերոջ արտահայտած կար­ծիքին, թե Միացյալ Նահանգներն իր ձեռքում հաղթաթղթեր ունի և կփորձի դրանք օգտագոր­ծել Ղարաբաղյան ճակատում։ «Բնականաբար, ես լիահույս չեմ, թե այս ամերիկյան նախաձեռ­նությունը դրական ավարտ կունենա։ Այն կար­ժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բարձրաստիճան գագաթաժողովները։ Պարզապես ցանկացած իշխանության թվում է, որ ինքը կարող է բեկում մտցնել չպատկերացնելով, որ խնդիրներն այս գոտում իսկապես շատ խորն են»,- նկատեց Սկակովը։

Նրա համոզմամբ՝ հնարավոր է նաև, որ Թրամփի աշխատակազմը հույսեր է կապում Փաշինյանի կառավարության հետ։ «Վստահ եմ, որ, եթե կողմերը չեն ցանկանում, հակա­մարտությունը չի կարգավորվելու, և մոտ ապագայում ևս հետաքրքրված չեն լինելու հա­կամարտության կարգավորմանը»,- ընդգծեց Սկակովը։

Ի տարբերություն Սկակովի՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն այն կարծիքին է, որ ցանկացած նախաձեռնություն հակամարտու­թյունը կարգավորելու իրական հնարավորու­թյուն է, հատկապես, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից։ «Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցա­բերի այս տարածաշրջանում առկա հակամար­տությունների կարգավորման գործընթացին։ Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով։ Ուրախալի է, որ ԱՄՆ նախագահը խոսում է նոր հնարավորության մասին։ Հուսանք, որ ամերիկյան միջնորդությունը նախագահական բարձր մակարդակով հանդիպումներ և կարգավորման գործընթաց կնախաձեռնի։ Երևում է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը փորձում է կորցրած ժա­մանակը վերադարձնել՝ Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում ամերիկյան ներկայությունը վերականգնելու միջոցով»,- ասաց Փոլ Գոբլը։ Նրա խոսքով այնուամենայ­նիվ, Թրամփի նամակում տեղ գտած դիտար­կումն ինտրիգային էր, քանի որ հայտնի չէ որևէ նախաձեռնության և նույնիսկ բանակցային ակտիվության մասին։ «Տեսնենք, թե ինչպես Սպիտակ տան ղեկավարը կշնորհավորի Հա­յաստանին։ Գուցե բացահայտվի ինտրիգը»,- ասաց Գոբլը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս