loader
«168 ժամ». Վլադիմիր Եվսեև․ Չնայած հայկական կողմի պնդմանը, ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի

«168 ժամ». Վլադիմիր Եվսեև․ Չնայած հայկական կողմի պնդմանը, ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի

«ՀԱՊԿ-ում կան տարաձայնություններ, սակայն դրանք կարիք չկա որակել որպես ճգնաժամ կազմակերպությունում, քանի որ նման կառույցների գործունեության համար սովորական են քննարկումները, բանակցությունները, անգամ տարաձայնությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում սրվող առճակատմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ:

Վլադիմիր Եվսեևն արձանագրում է, որ կան տարաձայնություններ, սակայն դրանք կարիք չկա որակել որպես ճգնաժամ կազմակերպու­թյունում, քանի որ նման կառույցների գործու­նեության համար սովորական են քննարկումները, բանակցությունները, անգամ տարաձայ­նությունները, և այլն: Սակայն, նրա խոսքով կանոնադրության մեջ ամրագրված է, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և, եթե կողմերի տարաձայնությունները երկար են շարունակվում, գործընկերության սկզբունքով որոշումներ պետք է կայացվեն և բոլորին բավարարող որոշումներ պետք է մշակվեն, որի համար Ռուսաստանը համապատասխան ջան­քեր է ներդնում: Ըստ նրա, թեև պաշտոնը պատկանում է Հայաստանի ներկայացուցչին, սակայն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ ՀՀ ներկայացուցչի հետ, դժվար է համա­ձայնության գալ Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ, ինչպես երևում է Ռու­սաստանը չի կարողանում արդյունավետորեն համոզել այս երկու երկրների ներկայացուցիչ­ներին, քանի որ նրանք ՀՀ թեկնածության վե­րաբերյալ կոշտ դիրքորոշում ունեին նաև այդ նշանակումից առաջ և, հիշենք, որ հարցը կար­գավորվեց միայն Ռուսաստանի ներդրած մեծ ջանքերի արդյունքում: Սակայն հիմա, Եվսեևի դիտարկումների համաձայն, դիրքորոշումները բավականին սրվել են: «Մինչ այս նիստերն արդեն ակնհայտ էր, որ ՀՀ ներկայացուցիչը կրկին չի լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և, կարծում եմ, որքան էլ հայկական կողմը պնդում է, չի լինի: Բայց կարող են բոլոր կողմե­րին բավարարող որոշումներ կայացվել: Ի վեր­ջո, մամուլում եղել են հրապարակումներ հնա­րավոր տարբերակների մասին, որոնցից առա­ջինը Սեմերիկովի թեկնածությունն է, մյուսը՝ գործարք է Հայաստանի և Բելառուսի թեկնա­ծությունների հաջորդականության վերաբեր­յալ: Հայաստանը պետք է համաձայնության գա՝ հասկանալով, որ իր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ Ռուսաստա­նը՝ հարավային ռազմական օկրուգը: Եվ որ­քան էլ ՀԱՊԿ-ում Ղազախստանի և Բելառուսի նախագահներն առաջ են մղում Ադրբեջանի շահերը, Հայաստանի անվտանգային միջա­վայրը դրանից չի փոխվում, քանի որ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ուստի պետք է համաձայնել մեծամասնության կար­ծիքին՝ հասկանալով, որ դա Հայաստանի անվ­տանգության վրա չի անդրադառնում, սակայն կառույցը պետք է ունենա գլխավոր քարտու­ղար: Այդ հարցն առանց որոշման չի կարելի թողնել»,- ասաց Եվսեևը:

Ռուս ռազմական փորձագետի խոսքով, Բելառուսի նախագահի և Բելառուսում Ադրբե­ջանի դեսպանի հանդիպումը էլ ավելի ամրապնդեց հայկական կողմի դիրքորոշումը: «Հնչել էին այնպիսի դիտարկումներ, որ կարե­լի էր ենթադրել, թե ինչպիսի արձագանք կլինի Հայաստանից: Այդ որոշումները քննարկվում են, կայացվում են դռնփակ ռեժիմով: Բայց Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների բնույթը ևս որևէ մեկի համար անակնկալ չէ»,- ասաց նա:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ դեկտեմբերի 6-ին կշարունակվեն բարձր մակարդակի քննարկումներն այս հարցի շուրջ: «Ես կար­ծում եմ, որ կայացվելու է որոշում, որը բավա­րարի բոլոր կողմերին, այսինքն՝ կլինի կոնսենսուս, որևէ երկիր իր շահերը ոտնահարված չի զգա: Բայց այս փուլում ՀՀ ներկայացուցիչ չի նշանակվի»,- նկատեց Եվսեևը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս