loader
«168 ժամ». «Խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ»

«168 ժամ». «Խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ»

«168 ժամի» թղթակցի հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ սպասելի էր ՀՀ վարչապետի հրաժա­րականի քայլը, որը մեծամասամբ ներկայումս պայմանավորված է այն հանրային աջակցությամբ, որը նա ունի: Ըստ նրա, գուցե մի փոքր ավելի ուշ կամ այլ պայմաններում, երբ չլիներ նման աջակցություն, ՀՀ վարչապետն այլ որոշում կայացներ խորհրդարանական ընտ­րությունների վերաբերյալ: Իսկ այդ հանրային աջակցության աստիճանը, ըստ վերլուծաբանի, նա ստուգեց օրերս խորհրդարանի մոտ հավաք հրավիրելով: Այսինքն, Մաքֆարլեյնի խոսքով, վարչապետն իր վերջնական որոշումը կայաց­նելուց առաջ փորձեց հանրային տրամադրու­թյունները մայիսյան իրադարձություններից ամիսներ անց: «Իրադարձությունների զար­գացման մի քանի սցենար կարող է լինել, որից ամենահավանականը ես համարում եմ այն սցենարի իրականացման հնարավորությունը, որն իշխանություններն են ուրվագծել, իսկ հա­կառակ տարբերակը, բնականաբար, լի է անկանխատեսելի վտանգներով, որը բացառում եմ, քանի որ իրենք մյուս ուժերն են հայտարա­րում, որ վարչապետի թեկնածու չեն առաջադ­րի, եթե այլ զարգացումներ չլինեն»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունները նման ժամկետում փորձա­քար կդառնան ներկայիս իշխանությունների համար և վերջնական ցուցիչ կդառնան հան­րային տրամադրությունների համար, ցուցիչ, թե ինչպես են կազմակերպվում ընտրություն­ները, և թե ինչպիսի գործընթացներ են նախա­ձեռնում պաշտոնյաները մեծամասնություն ստանալով խորհրդարանում:

Իր հերթին ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ իշխանություններն արագացրեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, քանի դեռ ունեն վստահություն ժողովրդի կողմից: «Իսկ ժամանակը նման դեպքերում աշխատում է իշխանությունների դեմ, քանի որ հսկայական աշխատանք կա անելու, իսկ հասարակության սպասումներն ավելի մեծ են, քան նախկին իշ­խանություններից: Հասարակության այն հատվածը, որն իշխանության հետ է, ակնկա­լում է, որ իր կյանքում լուրջ որակական փո­փոխություն է լինելու հեղափոխության ավարտից հետո, ինչպես իշխանություններն են պնդում: Թե ինչպես կընթանան զարգա­ցումները դժվար է ասել, բայց դժվար չէ են­թադրել, որ կարճ ժամանակահատվածում հեշտ չի լինելու հսկայական բարեփոխումներ իրականացնել, ուստի, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ, որն իմաստու­թյուն է պահանջում իշխանություններից: Հարկավոր են լավ ծրագրեր, լավ կադրեր, ճիշտ քաղաքականություն այդ ամենն իրա­կանացնելու համար: Ամենակարևորն այն է, որ հասարակությանը չհիասթափեցնելու հա­մար հարկավոր են թեկուզ փոքր, բայց կյան­քի որակի վրա ազդող փոփոխություններ, այ­լապես կլինի հիասթափություն, բողոքի ալիք: Ուստի ես այն համոզմանն եմ, որ ճիշտ մշակ­ված քայլերի դեպքում կարելի է խորհրդարա­նական ընտրություններից անմիջապես հետո սկսել իրականացնել քայլեր, որը հասարա­կությանը կլցնի ապագայի նկատմամբ հավա­տով ու համբերությամբ, որը թույլ կտա իրա­կանացնել երկարաժամկետ աշխատանք, որի կարիքը կա»,- ասաց վերլուծաբանը: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս