loader
«Առավոտ». Լյուդմիլա Սարգսյան. Ես կընտրեի Լևոն Տեր-Պետրոսյանին

«Առավոտ». Լյուդմիլա Սարգսյան. Ես կընտրեի Լևոն Տեր-Պետրոսյանին

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցը

- ՀՀԿ-ն հրապարակեց նախագահի թեկնածուի իր չափորոշիչները՝ ոչ կուսակ­ցական, հեղինակություն և հանրային վս­տահություն ունեցող մարդ: Անցած շա­բաթվա վերջում էլ նախագահ Սերժ Սարգսյանն էր իր մոտ հրավիրել ԱԺ ղե­կավարությանը՝ փորձելով նախագահի թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս ձևավորել: Տեսնո՞ւմ եք այն անձին կամ անձանց, ովքեր կհամապատասխանեն նշյալ չա­փանիշներին և կլինեն լայն կոնսենսուսի թեկնածու:

- Նախագահի թեկնածուի համար առա­ջադրված պահանջները միանգամայն ըն­դունելի են և նորմալ: Բայց այս պահին ես չեմ տեսնում որևէ մեկին, ով հանրային նման ընկալումներ ունի: Համենայնդեպս, քաղաքական դաշտում չեմ տեսնում այն մարդուն, ում հասարակությունը միանշանակ կընդունի այդ դերում: Բայց ես չեմ բացառում, որ նման մարդ կամ մարդիկ կան: Թեկնածուն կարող է լինել նաև Սփյուռքից: Մի բանում վստահ եմ՝ նախա­գահ Սերժ Սարգսյանը թեկնածու կամ թեկնածուներ, այսպես ասած, իր աչքի աոջև ունի: Թե որքանո՞վ այդ թեկնածուն ընդունելի և ընկալելի կլինի բոլորի հա­մար՝ դժվար է ասել: Մի բանում էլ եմ վս­տահ՝ այս փուլում նախագահը փորձում է գտնել մարդու, ով կբավարարի խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքա­կան ուժին: Միայն «Ծառուկյան» դաշինքի աջակցության դեպքում կարելի կլինի խո­սել կոնսենսուսի մասին:

- Օրինակ՝ նախկին նախագահներից Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լինել այդ անհատը:

- Ես մտածել եմ Լևոն Տեր֊Պետրոսյանի մասով: Նա շատ լուրջ դիվանագետ է, մեծ փորձառություն ունի: Չեմ բացառում, որ այդ մասին կարող է նաև նախագահ Սերժ Սարգսյանը մտածած լինել: Բայց ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դժվար թե ընդունի այդ առաջարկությունը, եթե, իհարկե, այն լինի: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ պատկերացնում է, որ երկրի նա­խագահն այլևս առավելապես խորհրդան­շական դերակատար է լինելու: Միգուցե սխալվում եմ, բայց իմ պատկերացմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն միշտ էլ ավելի ուրիշ դերում է տեսել: Չգիտեմ: Միգու­ցե ինչ-որ բան փոխված լինի: Բայց եթե ինձ տրված լիներ հնարավորություն ընտ­րելու Լևոն Տեր֊Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ես միանշանակ կընտ­րեի Լևոն Տեր-Պետրոսյանին: Թեև նաև պետք է խոստովանել, որ առաջին նախա­գահն էլ այժմ հանրության շրջանում չունի այն չափով համակրանք, ինչ ուներ 2008 թվականին: Այսինքն՝ որպես լայն կոնսենսուսի թեկնածու՝ նա ևս չի դիտարկվում:

- Հիմնական ինտրիգը մնում է այն հար­ցի շուրջ, թե ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Մոտ օրերս Սերժ Սարգսյանը կհայտարարի՞ իր հավակնու­թյունների մասին:

֊ Չեմ կարծում: Ինտրիգը հավանաբար կշարունակվի մինչև մարտի վերջ: Ու խն­դիրը բնավ էլ այն չէ՝ այդ որոշումն ինքն իր ներսում ունի՞, թե՞ ոչ: Պարզապես որ­քան հնարավոր է՝ ինտրիգը պետք է ձգել, որպեսզի և թիմը համախումբ մնա, և այլ հավակնորդների կողմից ամբիցիաներ չդրսևորվեն:

Անկեղծ ասած, մեծ հաշվով ինձ համար էական էլ չէ, թե ով կլինի վարչապետ: Ինձ համար շատ էական է, թե ստանձնելով այդ պատասխանատվությունը՝ վարչապետն ի՞նչ համակարգային փոփոխու­թյուններ կիրականացնի: Թիվ մեկ խնդիրը ես սա եմ համարում: Քաջություն, քաղաքական կամք, գիտակցություն և զորություն կունենա՞, կկարողանա՞ նորընտիր վարչապետը այսօրվա արատավոր համակարգը բարեփոխելու: Իսկ որ համակարգն արա­տավոր է, դա իշխանությունում էլ շատ լավ գիտեն: Այլևս պատասխանատվու­թյունը բացառապես վարչապետի վրա է դրվելու, և բոլոր պահանջներն էլ նրան են ուղղված լինելու: Իսկ այժմ, կարծում եմ, մեր երկրի նկատմամբ ուշադրությունը մեծ է լինելու, քանի որ ԵՄ-ի հետ ստորագր­ված շրջանակային համաձայնագրով պարտավորություններ ենք ստանձնել: Ես չեմ կարծում, որ այդ համաձայնագիրը մեզ համար այնքան փոքր նշանակության ունի, որ նրա արժեքն ու նշանակությունն անտեսվեն: Հետևաբար փոփոխություննե­րի շրջան ենք մտնում: Ո՞վ կկարողանա այդ շրջանը պատվով տանել՝ կիմանանք ապրիլին: Բայց ով էլ որ նա լինի, փոփոխություններն ուղղակի անխուսափելի են:

- Հնարավո՞ր է մինչև ապրիլ ականա­տես լինենք ֆորսմաժորների և իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների:

- Անկառավարելի, անկանխատեսելի զարգացումների որևէ նախադրյալ չեմ տեսնում: Այո, հասարակական տարբեր շերտեր սոցիալական խնդիրների հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն՝ գումարած ԵԱՏՄ-ի մաքսային նոր օրենսգրքի սահմանափակումները, մաքսային տուրքերը, հարկային բեռի ավելացումը՝ նոր Հարկային օրենսգրքով և այլն: Ժողովրդի կյանքը բավական անտանելի է դառնալու, հատկապես վառելանյութի թանկացումն անխուսափելիորեն կբերի շղթայական թանկացումների: Դա լուրջ խնդիր է իշխանության համար՝ մանավանդ, որ հասկանալի չէ, թե այդ բեռի տակ կքած ժողովուրդն ի՞նչ կերպ կարձագանքի: Այդ ամենով հանդերձ՝ նախադրյալներ, որոնք կբերեն արմատական բեկումների, չեմ տեսնում:

Լուրջ անհանգստություններ կլինեն՝ մանավանդ հայտարարություններ և կոչեր են հնչում, երթեր են անցկացվելու:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս