«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թավշյա հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին սատարողներից էր: ՀԱԿ-ը հրաժարվեց առանձին մասնակցել նաև Երևանի ավագանու և Աժ ընտրություններին` հայտարարելով, որ իր աջակցությունն է հայտնում հեղափոխությունն իրականացրած ուժին: Իսկ, ահա, անցած ամիսների ընթացքում մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին և արտաքին քաղաքականությունը:
ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ին գոհացնում է Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային, արտաքին քաղաքականությունը, որ լռություն են պահպանում:
- ՀԱԿ-ը վաղուց արտահայտել է իր դիրքորոշումը, մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին: Բնական է, կան բաներ, որոնք մեզ չեն բավարարում, բայց մենք այդ մասին չենք խոսում, չենք շեշտադրում, որովհետև կան ավելի լուրջ խնդիրներ: Մենք համբերատար սպասում ենք, կարևորն այն չէ, որ մեզ ամեն ինչ բավարարի, այլ որ վերջնական արդյունքը լինի ցանկալի:
- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկա խորհրդարանական մեծամասնությունը, կառավարության կազմը Ձեզ գոհացնում են:
- Ինձ գոհացնել կամ չգոհացնելը դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում կամ սխալ է անում: Հնարավոր է, որ ինձ ինչ-որ բաներ դուր չեն գալիս, բայց Նիկոլ Փաշինյանն ունի հեռահար ծրագրեր: Հնարավոր է, որ ես չեմ կողմնորոշվում, թե իր ծրագիրը որն է կամ դեպի ուր է առաջնորդում երկիրը: Այնպես որ՝ պետք չէ շտապողականություն ցուցաբերել և պահանջել այն, ինչ մենք դեռ չենք ընկալում: 20 տարի քանդում էին, ավերում էին, և մենք բոլորս հլու-հնազանդ նայում էինք, թե ոնց է երկիրը քանդվում: Ոչ մի ակտիվ քննադատություն չի եղել այդ ընթացքում: Հիմա չե՞նք կարող համբերել, սպասել, տեսնել, թե ինչ է կատարվում:
- ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Գագիկ Ջհանգիրյանին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է տեսնել գլխավոր դատախազի պաշտոնում: Մարդիկ եզրակացնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգն ուզում է համալրել Տեր-Պետրոսյանի կադրերով:
- Միակ կադրը Վլադիմիր Կարապետյանն է, դրանով եզրակացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի կադրերով է իրեն շրջապատում: Մյուսները ՀԱԿ-ից չեն: ՀԱԿ-ն ունի հազարավոր կադրեր, որոնք բարձրագույն որակի և մակարդակի են: Իսկ նման տեղեկություն հրապարակողին հարցրեք, թե որտեղից են նման լուրեր տարածում:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում