Մեր տեղեկություններով՝ օրերս Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հեռուստաընկերության լրատվական ծառայության աշխատակիցներին հավաքել է և ասել, որ լրատվական-վերլուծական հաղորդումների պատասխանատու Հարություն Հարությունյանը հեռանում է հեռուստաընկերությունից, սակայն 1-2 օր անց նա կրկին վերադարձել է աշխատանքի։ Խոսակցությունների համաձայն՝ Հանրայինի ղեկավարությանը վարչապետի աշխատակազմից հրահանգել են որևէ փոփոխություն չանել, մինչ կորոշվի մնացողների ու գնացողների ցուցակը, որում կարող են հայտնվել նույն Մարգարիտա Գրիգորյանն ու ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանը։ Մեզ հետ զրույցում Հարություն Հարությունյանն ասաց, որ ցանկացել է աշխատանքից ազատվել իր դիմումով, սակայն նրան մերժել են՝ ասելով, որ դեռ նպատակահարմար չէ նրա հեռանալը։
- Մենք տեղեկություններ ունենք, որ Հանրային հեռուստաընկերությունում ասել են, որ Դուք հեռանում եք, սակայն 1-2 օր հետո կրկին աշխատանքի եք գնացել։
- Ես դիմում եմ տվել, հետո ինձ ասացին՝ դիմումդ հիմա չենք ստորագրում, մինչև ստորագրելն արի աշխատանքի, մի քանի օր շարունակի աշխատելը, մինչև հասկանանք։
- Չե՞ն պարզաբանել, թե ինչու Ձեր դիմումը չեն ստորագրել։
- Չէ, ասել են, որ քանի որ հիմա փոփոխությունների շրջան է, ու որպեսզի բնականոն ընթացքը շարունակվի, խնդրում ենք, որ դու քո գործը շարունակես։ Ես հենց հիմա Ձեզ հետ խոսում եմ իմ սենյակից, որտեղ ես աշխատել եմ տարիներ ի վեր։
- Իսկ ո՞րն է եղել պատճառը, որ աշխատանքից ազատման դիմում եք ներկայացրել։
- Իսկ կարելի՞ է, որ ես իմ պատճառները չբարձրաձայնեմ։
- Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքականության մեջ կա՞ն փոփոխություններ։
- Դուք՝ ինքներդ, կարող եք տեսնել՝ կա՞ն, թե՞ չկան։ Եթե Դուք տեսնեք վերջին 1-2 տարում ինչպիսի աշխատանք է տարվել, ես խնդրում եմ՝ բացեք-նայեք, ամեն ինչ հասանելի է, որպես լրագրող՝ համեմատեք 3 տարի առաջվա թողարկումների հետ և կտեսնեք մեկուկես տարի առաջ արված փոփոխությունները։
- Նկատի ունեք իշխանափոխությունից հետո՞։
- Երկրում իշխանություններ են փոխվել, դրանից առաջ ու դրանից հետո փոփոխություններ չկան։ Հիմա ուղղակի փոփոխությունն այն է, որ հեղափոխություն է տեղի ունեցել, ու ավելի, չգիտեմ..., այսինքն՝ որևէ զանգ, որևէ բողոք չենք ստացել։ Բայց ինձ համար շատ սովորական բան է, որ մեզանից պետք է դժգոհեն և՛ էս կողմը, և՛ էն կողմը, և՛ երրորդ կողմը։ Երբ քեզանից բոլորը դժգոհ են, նշանակում է՝ դու ճիշտ ես աշխատում։ Դժգոհում են, որ Նիկոլ Փաշինյանին ցույց ենք տալիս այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին. պետք է հասկանան, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։
- Պարոն Հարությունյան, Ձեզ չե՞ն ասել, թե երբ նպատակահարմար կգտնեն Ձեր դիմումն ստորագրելու։
- Ասել են՝ մոտ օրերս։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում