loader
«Հրապարակ». Հայկազ Բաղմանյան․ Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել

«Հրապարակ». Հայկազ Բաղմանյան․ Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել

ԶՈՒ գխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Վիգեն Սարգսյանի հրամանով ազատված գե­ներալ Հայկազ Բաղմանյանին հունի­սի 14-ին հանդիպեցինք Մոսկվայում՝ Հաղթանակի թանգարանում, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման արարողությանը։ Պաշտոնաթող գեներալը, ում անվան հետ բազմաթիվ սկանդալային պատ­մություններ են կապվում, հոժարակամ պատասխանեց մեր հարցերին։

- Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը։

- Ժողովուրդը ո՞նց ա վերաբերվում, ի՞նչ ա նշանակում՝ ես ոնց եմ վերաբեր­վում, եթե ժողովուրդն ա հեղափոխու­թյուն արել, ուրեմն՝ դրական։

- Վերջերս ազատվեցիք պաշ­տոնից, մամուլում բազմիցս գրվել է ձեր մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների մասին, Նիկոլ Փաշինյանն էլ հիմա հակակոռուպցիոն արշավ է սկսել։ Դուք որևէ մտավա­խություն ունե՞ք։

- Ես որևէ մտավախություն չունեմ, էդ մասին 1994-95 թվականից գրում են, եթե կան փաստեր, թող ներկայաց­նեն համապատասխան մարմիններ, թող զբաղվեն։

- ԱԱԾ-ն զբաղվում է հիմա, հնա­րավո՞ր է Ձեզ էլ հասնեն։

- Թող զբաղվի, իմ հետ կապված ես տեղյակ չեմ, մի գրամ չեմ կասկածում, որ կարող է...

- Ձեր կողմից երբևէ հերքվե՞լ են այդ հրապարակումները՝ չարաշա­հումների, վառելիքի յուրացման և այլնի մասին։

- Իհարկե, հերքվել են։ Վառելիքն էդ ի՞նչ ա, բա՞ն էր, որ վերցրեցիր դրե­ցիր գրպանդ։ Կամ՝ ո՞վ իրավունք ունի բանակի վառելիքին ձեռք տա։

- Փաստերը, թերևս, նրանք են, որ Դուք հսկայական ֆինանսական կարողություն ունեք։

- Իսկ ո՞վ ասեց, որ ունենք, մենակ դուք եք ասում։

- Դե, գազալցակայաններ (ավելի ճիշտ՝ բենզալցակայան, դա վրիպում էր մեր կողմից) ունեք, շքեղ մեքենա­ներ...

- Գազալցակայաններ չունեմ, շքեղ մեքենաներ ունեմ... մեքենաներ չէ՝ մեքենա։

- Porsche Panamera՝ օրինակ։

- Porsche Panamera-ն՝ էդ Ձեր ասած 150 հազար դոլարանոց, ընդա­մենը արժի 30 հազար դոլար, այսինքն՝ 10 մլն դրամ։ Էդ ով որ ասում ա 150 հազար դոլար, թող գա 130 հազարով տամ իրան, 80 հազարն էլ մուծի բյուջե։

- Լավ, ներկայիս բանակի ղեկա­վարությանն ինչպե՞ս եք վերաբեր­վում՝ նախարարին, գլխավոր շտաբի պետ...

- Դրական, բոլորին էլ ճանաչում եմ, շատ լավ գիտեմ, դրական։

- Ձեր անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում՝ խեցգետնի արտահանում և այլն, ՊՆ-ում տեն­դերների հարցերում էլ է Ձեր անունը շրջանառվում։

- Էդ կապելը հիմա ո՞ւմ հետ չեն կապում որ, Ձեր հետ էլ են կապում, մյուսի հետ էլ են կապում, համապա­տասխան մարմիններ կան, վաղուց զբաղվել են, հիմա էլ զբաղվել են։

- Ապրիլյան պատերազմի ժամա­նակ այդ ամենը ջրի երես ելավ, երբ տեսանք, որ տանկերում վառելիք չկա, զինվորներին նորմալ զենք չեն մատակարարել...

- Բայց ո՞վ ա ասել, որ տանկերում վառելիք չկար։ Նիկոլ Փաշինյանն էն­տեղ ա եղել, թող ասի՝ տանկերում վառելիք եղե՞լ ա, թե՞ չէ։ Տենց բան ո՞նց կարելի ա ասել։

- Բայց նախկին վարչապետ Կա­րեն Կարապետյանը հայտարարում էր, որ վառարանային վառելիք է ներկրվել...

- Կարեն Կարապետյանին հարց տվեք, ինձ մի տվեք դրա մասին, որովհետև ես գիտեմ, որ 100 տոկոս եղել ա։

- Դուք Սերժ Սարգսյանի մտե­րիմներից եք, նրա հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք։

- Դրական։ Սերժ Սարգսյանն իմ մտերիմ ընկերն ա, այսինքն՝ ի՞նչ պի­տի լինի, դրանից մտերիմ լինո՞ւմ ա։

- Ժողովրդի պահանջն արդարա­ցի՞ էր, որ պետք է Սերժ Սարգսյանը հեռանա։

- Սերժ Սարգսյանն էն մարդն ա, որ եթե նա հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել։

- Ուրեմն սխալնե՞ր է թույլ տվել, հեռանալիս ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։

- Դե, էդ արդեն կարելի ա իրան հարցնել։ Բայց եթե ինքը հրաժարա­կան ա տվել, ուրեմն նորմալ երևույթ ա, ի՞նչ կա։ Ինչի՞ եք մտածում, որ մարդ 100 տարի պիտի լինի նախագահ կամ վարչապետ։

- Նրանից դժգոհ էր ժողովուրդը, ասում էին՝ երկրում արդարություն չկա, կոռուպցիոն չարաշահումներ կան, արդարադատությունը չի գոր­ծում, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է։ Դուք տեսնում եք՝ Սոսկվայում ինչ մեծ հայ հա­մայնք կա, նրանց մեծ մասն արտա­գաղթել է Հայաստանից։

- Դուք ինչ ա, մտածում եք՝ մե­նակ ինքն ա, հա՞, նախագա՞ն պիտի դրա համար պատասխան տա։ Դրա համար համապատասխան նախա­րարություններ կան, վարչություններ կան, բոլորն էլ պիտի պատասխան տան։ Բայց ինչի եք դուք ամեն անգամ սաղ ասում՝ Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան, ղեկավարը մեղավո՞ր ա, որ ներքին օղակներում ինչ-որ մեկը կարա, ասենք, լավ մարդ չլինի։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս