loader
«ՀԺ». Անիմաստ հանրահավաք

«ՀԺ». Անիմաստ հանրահավաք

Եվ այսպես, փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ մի ուշագրավ հանրահավաք «Արցախցին ես եմ, որոշողը ես եմ» կարգախոսով: Ելույթ ունեցողները հիմնակա­նում խոսում էին այն մասին, որ Արցախը ոչ թե տարածք է, այլ Հայրենիք, և Հայաստանի որևէ իշխանություն տարածքներ զի­ջելու լիազորություն չի ունեցել և չի ունենալու, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն անթույլատրելի է, և այլն: Մի խոսքով՝ հանրահայտ ճշմարտություններ էին ասվում:

Բայց այդպես էլ հասկանալի չդարձավ, թե որն էր հանրահա­վաք կազմակերպելու և հանրահայտ ճշմարտություններ ասելու իմաստը: Իսկ ի՞նչ է, Հայաստանում որևէ մեկը գտնում է, որ Արցա­խը ոչ թե Հայրենիք է, այլ տարա՞ծք, որևէ մեկն ընդունելի՞ է հա­մարում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, կամ գուցե որևէ մեկն իրեն լիազորվա՞ծ է համարում տարածքային զիջումների գնալ առանց ժողովրդի կամքը հարցնելու: Չկա այդ­պիսի բան: Անցյալում գուցե «Աղդամը մեր հայրենիքը չէ» ասող­ներ եղել են, բայց այսօրվա իշխանությունները հստակ հայտա­րարում են, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն անընդունելի է, իրենք էլ Արցախի անունից բանակցելու լիազորու­թյուններ չունեն (հետևաբար՝ չունեն նաև տարածքային զիջում­ների լիազորություններ): Այնպես որ՝ նույն հաջողությամբ կարելի էր Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպել, ասենք, «Մածունը սպիտակ է» կարգախոսով ու ելույթներ ունե­նալ այն մասին, որ Հայաստանի որևէ իշխանություն մածունի գույնը վիճարկելու լիազորություն չունի և չի ունենալու:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հանրահավաքն ընդ­հանրապես անիմաստ էր: Օրինակ կազմակերպիչները կարող էին նպատակ ունենալ ցույց տալ, որ մեր հասարակությունը կտ­րականապես դեմ է փոխզիջումներին, և վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ ենթադրվող հանդիպման ժամանակ կարող էր այդ փաստն օգտագործել միջնորդների հնարավոր ճնշումնե­րին դիմակայելու նպատակով: Այսինքն տեսականորեն այդ հանրահավաքի նպատակը կարող էր լինել բանակցային գոր­ծընթացում հայկական կողմի դիրքերի ամրապնդումը: Բայց եթե նպատակը դա էր՝ այնքան էլ լավ չստացվեց, որովհետև մի­ջոցառումն առանձնապես մարդաշատ չէր:

Հարցին նայենք այլ տեսանկյունից: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ղարաբաղյան կարգավորման հարցով միջ­նորդները ճնշումներ են գործադրում և հայկական, և ադրբե­ջանական կողմի վրա: Հայկական կողմից փորձում են «պոկել» ազատագրված տարածքների վերադարձի պատրաստակա­նության հրապարակային խոստում, ադրբեջանական կողմից հրապարակային հայտարարություն, որ իրենք պատրաստ են ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ընդհուպ մինչև լիակատար անկախություն (Ալիևն ինքն է խոստովանել սա): Ու հանկարծ այս իրավիճակում Երևանում այսպիսի հանրահա­վաք է կազմակերպվում: Ի՞նչ ուղերձ է սրանով հասցվում մեր հասարակությանը: «Դե երևի կազմակերպիչները մի բան գի­տեն, որ միտինգ են անում, հո հենց այնպես չէի՞ն անի: Ըստ երևույթին Նիկոլը ուզում ա հողերը տա, սրանք էլ նախօրոք զգուշացնում են, որ հանկարծ այդպիսի բան չանի, թե չէ ազգո­վի դուրս կգանք փողոց»: Ու որևէ մեկի մտքով չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանն այդ «զգուշացման» կարիքը չունի՝ նա ինքը շատ լավ գիտակցում է, որ ցանկացած անտրամաբանական զիջման դեպքում ժողովուրդը քշել-տանելու է իր իշխանությունը:

Մյուս կողմից էլ Ադրբեջանի իշխանությունները կարող են սե­փական քարոզչական նպատակներով օգտագործել այս հանրահավաքը ու իրենց ժողովրդին ներկայացնել այնպես, թե «տեսեք՝ Հայաստանում ակնհայտ հակաիշխանական տոնայ­նությամբ հանրահավաք է կազմակերպվում տարածքներ հանձնելու դեմ, նշանակում է Հայաստանի իշխանություններն այդպիսի թաքուն մտադրություն ունեն: Այսինքն Ալիևի քաղա­քականությունն իրեն արդարացնում է, բանակցային դաշտում մենք հաղթում ենք»: Ի դեպ՝ ճիշտ նույն ձևով էլ մենք կօգտվե­ինք քարոզչական առիթից, եթե Բաքվում հանրահավաք կազ­մակերպվեր, ու Ալիևից պահանջեին ոչ մի դեպքում չճանաչել Ղարաբաղի լիակատար անկախության իրավունքը:

Մի խոսքով հանրահավաքը, հարթակից հնչած ճշմարտու­թյուններով հանդերձ, տեղին չէր: Եթե, իհարկե, համարենք, որ բուն նպատակն ընդհանրապես կապ ուներ արցախյան խնդրի հետ:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս