loader
«ՀԺ». Արդարադատությու՞ն, թե ինդուլգենցիա

«ՀԺ». Արդարադատությու՞ն, թե ինդուլգենցիա

Եվ այսպես, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կառավարությանն անհատույց նվիրաբերել է 18,5 միլիոն դոլար: Այս փաստը միանշանակ չի ընկալվել հասարակու­թյան կողմից, որովհետև դրան զուգահեռ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքները: Ու բնականաբար հարց է ծագում՝ բա եթե մեղքը չի ընդունում ու շարունակում է պնդել, որ ազնիվ ճանա­պարհով է հարստացել, որպես ի՞նչ է 18,5 միլիոն դոլար «նվիրաբե­րում» պետությանը, որպես «չայեվո՞յ»: Թե՞ հույս ունի, որ կարող է ամբողջը փրկել «ինքնակամ» զոհաբերելով մի մասը: Կամ գուցե բացառիկ հայրենասեր մարդ է և ուզում է այս դժվարին պահին օգ­նության ձե՞ռք մեկնել պետությանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին էլ իր հերթին է իր նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները համարում շինծու և անգամ մտադիր է դատի տալ ԱԱԾ-ին: Կհաջողվի՞ իրավապահներին դատարանում հիմնավորել այդ մեղադրանքները, թե ոչ այլ հարց է, բայց փաստո­րեն քարոզչական մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում հասարակությանը համոզել, թե գիտե՞ք ինչ, լրիվ նորմալ է, որ նա­խագահի որդին ազնիվ աշխատանքով միլիոնատեր է դարձել, մյուս նախագահի եղբայրներն ազնիվ աշխատանքով մուլտիմիլիոնատերեր են դարձել, ի՞նչ կա այստեղ կասկածելու: Իրենք մեղա­վո՞ր են, որ բոլորն անխտիր տաղանդավոր գործարարներ են: Կա­րևորը, որ «թղթերով ամեն ինչ կարգին է»:

Ոոբերտ Քոչարյանի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին: 1998-ին մարդը նույնիսկ տեղեկանք էր ներկայացրել, որ վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում: Սերժ Սարգսյա­նի մոտ էլ էր թղթերով ամեն ինչ կարգին: Ինքը ի՞նչ մեղավոր է, որ ինչքան ազգական ու մանկության ընկեր ուներ բոլորը դարձան միլիոնատերեր, ինքը ի՞նչ մեղավոր է, որ ընտրությունների ժամա­նակ ինչ-որ մութ ուժեր իրեն արջի ծառայություն էին մատուցում, նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ էլ իր կամ­քին հակառակ Սահմանադրությունը փոխեցին ու հետո իրեն վարչապետ ընտրեցին: «Փաստաթղթերով» ինքն այդ ամենին դեմ էր։

Բայց վերադառնանք ապօրինի հարստացմանն ու հարուցված քրեական գործերին: Հասարակական ընկալմամբ Ռոբերտ Քոչար­յանի ու Սերժ Սարգսյանի ազգականների ֆանտաստիկ «բիզնես-հաջողությունները» պայմանավորված են բացառապես կոռուպցիոն համակարգով, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ չի կարելի արդարադատություն իրականացնել հասարակական ընկա­լումների հիման վրա: Դրա համար էլ, երբ լրատվամիջոցները «օդում կախված» տեղեկություններ են ներկայացնում, ասենք, Քոչարյանների ունեցվածքի մասին, սրանք աղմուկ են բարձրացնում, թե այդ ամենը հերյուրանք է (ու ներկայացնում են իրենց իրական ունեցվածքի՝ -nի բավականին պատկառելի ցանկը): Եվ պահան­ջում են փաստերով ապացուցել, որ այս-այս-այս հաստատություն­ները նույնպես իրենցն են: Իսկ երբ իրավապահները կոնկրետ փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցում, սրանք դա ներկայացնում են արդեն ոչ թե որպես հերյուրանք, այլ որպես քա­ղաքական հետապնդում: Ու երևի անկեղծորեն հավատում են դրան (որովհետև իսկապես էլ՝ եթե երկրում քաղաքական փոփո­խություններ չլինեին, այդ քրեական գործերը չէին հարուցվի, հետևաբար պատճառներն ինչ-որ իմաստով քաղաքական են): Ու երևի հենց այս վիճակն է իշխանություններին ստիպում խոսել անցումային արդարադատության ու ապօրինի հարստացման հար­ցում «մեղավորության կանխավարկածով առաջնորդվելու» մա­սին: Մոտեցումներ, որոնք նորմալ իրավիճակներում ոչ միայն անընդունելի են, այլև կարող են վտանգավոր հետևանքներ ունե­նալ ցանկացած երկրի համար։

Ի դեպ՝ շատ է խոսվում նաև «ընտրովի արդարադատության» մասին: Իբր իրավապահները հատուկ սևեռվել են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա և ուրիշ բանով չեն զբաղ­վում: Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Պարզապես նախկին իշխանությունների հետ կապված գործերը հասարակական ավելի մեծ հնչեղություն ունեն, ու քանի որ նրանք էլ իրենց հերթին լրատվական-քարոգչական լուրջ ռեսուրսների են տիրապետում, հենց այդ գործերն են անընդհատ հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Ու սա, ի դեպ, իր բացասական կողմերն էլ ու­նի: Որովհետև այնպես չէ, որ այսօրվա իշխանական համակար­գում կոռուպցիոն դրսևորումներ ընդհանրապես չկան: Պարզա­պես դրանք իրենց ծավալներով համադրելի չեն նախկինների արածների հետ:

Բայց «պրոֆիլակտիկ աշխատանքներ» հաստատ պետք են, ընդ որում՝ նույնքան հրապարակային: Որպեսզի նախկինների «սխրանքները» կրկնելու գայթակղությանը տրվողներ չլինեն:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս