loader
«ՀԺ». Կարևորը «մարտի 1» սխեմայի հետագա բացառումն է

«ՀԺ». Կարևորը «մարտի 1» սխեմայի հետագա բացառումն է

2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց բացահայտ­ման շուրջ ծավալվող գործընթացն իսկապես շարունակում են առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղա­քական կյանքում: Մի կողմից կազմակերպիչներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը պահպանվում է, մյուս կողմից նախկին իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում են որպես իրենց նկատմամբ քաղա­քական հալածանքներ իրականացնելու հզոր գործիք: Դրա հա­մար էլ ըստ էության գործ ունենք ոչ թե ընդամենը անցյալում կա­տարված հանցագործության բացահայտման, այլ այսօր տեղի ունեցող կարևորագույն քաղաքական պրոցեսի հետ:

Իսկ ահա զուտ իրավական գործընթացը, մեղմ ասած, չի ընդգրկում 11 տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական պատ­կերը: Այնպիսի տպավորություն է, թե 2008թ. մարտի 1-ին պար­զապես տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել ինչ-որ բանի դեմ բողոքելու, ոստիկանությունն ու հատուկ ստորա­բաժանումներն էլ կրակել էին ժողովրդի վրա, ու հիմա խնդիրը մի­այն հետևյալն է. Ռոբերտ Քոչարյա՞նն էր այդպիսի հրաման տվել, թե ոչ: Իսկ մարտի 1-ին նախորդած և հաջորդած ամիսների իրա­դարձությունները մի տեսակ երկրորդ պլան են մղվել:

Իրականում մարտի 1-ն ընդամենը հանցագործության գա­գաթնակետն էր, կուլմինացիան, իսկ բուն հանցագործությունը սկսվել էր ամիսներ առաջ, առաջին «դրվագով» իրականացվել փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը, և երկար ժամանակ շարունակվում էր մարտի 1-ից հետո, երբ խայտառակ դատավարություններ էին ընթանում, իսկ ընդդի­մության համակիրներին ամեն օր տասնյակներով քարշ էին տալիս ոստիկանություն պարզապես Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար:

Ի վերջո ինչո՞ւ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց: Որովհետև ընտրությունները կեղծվել էին, կեղծվել էին բացահայտորեն ու ամենացինիկ ձևով, իսկ իրավական դաշ­տում կեղծված արդյունքները չեղարկել հնարավոր չէր:

Հիմա ի՞նչ, որևէ մեկն ուզում է ժողովրդին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ մասին տեղյակ չէի՞ն, չգիտեի՞ն,
թե իրականում ինչպես են «հաղթել» ընտրություններում:

Իհար­կե տեղյակ էին: Գուցե ոչ ամենայն մանրամասնությամբ (ասենք չգիտեին, թե որ մարզում քանի հոգու և քանի հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվել, ամեն տեղամասում քանի զրո է ավելացվել իրենց ստացած թվերին և այլն), բայց որ այդ ամենը լավ կազմակերպված էր, ու իրենք էլ գործընթացը վե­րահսկում էին՝ դա հաստատ: Այսինքն համաժողովրդական ընդվզման պատճառն իրենց կազմակերպած հանցագործու­թյունն էր: Սխեման շատ պարզ էր. «Մենք կեղծում ենք ընտրու­թյունները (տոկոս ենք խփում), իսկ եթե բողոքեք կկրակենք»: Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հենց սա է: Ու նույն սխեման, ի դեպ, կգործեր նաև 2013-ի ընտրություն­ների ժամանակ: Այն ժամանակ էլ էին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց, պարզապես իշխանությունները ոչ թե զորք հանեցին ժողովրդի դեմ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին հանեցին ժողովրդի միջից ու «տարան աղոթելու», և այդպիսով երկրորդ մարտի 1 կազմակերպելու անհրաժեշտությունը վերա­ցավ: Վստահաբար նույնը կանեին նաև 2018-ի ապրիլին, եթե շարժումն ապակենտրոնացված չլիներ, ու եթե համոզված լինե­ին, որ «տակից դուրս են գալու»:

Այսինքն մեծ հաշվով, մարտի 1-ի ամբողջական բացա­հայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթար­կելու հիմնական նպատակը հետագայում ընտրություններ կեղծելու պրակտիկան բացառելն է: Ցանկացած իշխանություն պի­տի վստահ լինի, որ այլևս երբեք չի կարողանալու ընտրություն­ներ կեղծել ու հետո համաժողովրդական բողոքի ալիքը խեղդել «չերյոմուխաներով» ու խայտառակ դատավարություններով, որովհետև հատուցումն անխուսափելի է լինելու: Ու լավ է, որ այ­սօրվա իշխանությունները, մարտի 1-ի բացահայտման հար­ցում հետևողականություն ցուցաբերելով, դրանով իսկ իրենք իրենց համար բացառում են նույն ճանապարհով գնալու ան­գամ տեսական հնարավորությունը:

Իսկ այս ամենը որպես քաղաքական հետապնդում ներկա­յացնելը պարզապես անհեթեթ է։ Եթե անգամ հետևանքները քաղաքական են լինելու:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս