loader
«Իրատես»․ Արամ Սարգսյան․ Ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն եմ խնդրել

«Իրատես»․ Արամ Սարգսյան․ Ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն եմ խնդրել

«Ելք» Խմբակ­ցության անդամ Արամ Սարգսյանը «Իրատեսի» հետ զրույցում վս­տահեցրեց, որ իշխանությունների կամայականությունների դեմ իրենք երկու ուղղությամբ էլ պայքարում են:

- Ինչո՞ւ իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը:

 ֊ Նրանք մի դեպքում են արձագանքում, երբ իրենց կոպիտ վիրավորում ես կամ հայհոյում: Միայն այդ դեպքում են հետաքրքրվում, որ տեսնեն ինչ ենք ասում: Այդ հարթության մեջ են խնդիրները դիտարկում: Թանկացումների համատեքստում կարևորում եմ տնտեսական ընդ­հանուր քաղաքականության փոփոխության հարցը: Ինձ համար անգամ ընդունելի կլինեին թանկացումները, եթե իշխանությունն ասեր, որ երեք կամ հինգ տարի հետո էս-էս ոլորտներում գումար դնելով, բյուջեն այսքան ավելանալու է: Պարոն Արամյանն ասում է՝ փողերը վերցնում ենք, որ ծառը ջրենք, բայց չի ասում, թե ինչ ծառ ենք ջրում, իրենց բյուջեի ուղերձում էլ դա չկա: Իմ ելույթից հետո նա ասաց, որ իրենց ուղեր­ձում այդ մասին կա, ես չզլացա, 90-Էջանոց ու­ղերձը կարդացի, բայց այնտեղ նման բան չկար: Խնդիրը հետևյալն է՝ այս իշխանություն­ները բյուջեի դեֆիցիտը վերացնելու համար փորձում են եղած միջոցներից ավելի շատ հարկեր գանձել ու ապրանքները թանկացնել: Սա նաև միջազգային կառույցների պահանջն է, երբ դու քո բյուջեի բացը լրացնում ես պարտ­քերով, գալիս է մի պահ, որ կրկին պետք է պարտք վերցնես, որ պարտքդ մարես: Այսպես շատ երկրներ են դեֆոլտի գնացել, ինչպես Հունաստանը: Նման դեպքերում միջազգային կառույցներն ասում են, որ քո երկրում կոռուպ­ցիան մեծ չափերի է հասնում, շատ ավելորդ ծախսեր ունես, թոշակներն ու աշխատավար­ձերը ոչ թե պետք է բարձրացնես, այլ իջեցնես, բանկերում ավանդները պետք է սառեցնես մինչև այս խնդիրները լուծելը: Հայաստանի պարագայում, երբ գործազրկության ու աղքա­տության ցուցանիշները շատ բարձր են, նման մոդելը մեր պարագայում չի աշխատելու, որովհետև մեր ժողովուրդը բողոքելու ուրիշ ձև գիտի: Մեր լրատվական դաշտն էլ համոզում է, որ դու հուսահատված ես, ոչ մեկի վրա հույս մի դիր, բոլորը ծախված են, ճիշտը Սերժ Սարգսյանն է, այս պարագայում քաղաքացին լքում է երկիրը՝ համարելով, որ այստեղ չի կարող լավ բան լինել: Այս տեմպերով մենք պարզապես կվերջանանք: Դրա համար ես առաջարկում եմ ոչ թե լրացուցիչ հարկեր հավաքել, այլ լրացու­ցիչ պոտենցիալ ներգրավել տնտեսությունում:

- Ժողովրդի հուսահատության հարցում ընդդիմությունը մեղքի բաժին չունի՞: Խոսքը միայն «Ելքի» մասին չէ, բոլորի, այդ թվում՝ նա­խորդ տարիների ընդդիմադիր ուժերի:

֊ Ընդդիմությանը չպետք է ընդհանրացնել: Կար ժամանակ, որ ամենաակտիվ ընդդիմու­թյունը Արտաշես Գեղամյանն էր, որի քվեներն ինձնից մի քանի անգամ ավելի շատ էին, շատ անգամ ամենաակտիվ ընդդիմություն է եղել նաև Արթուր Բաղդասարյանը, հիմա եթե ասենք՝ իրենք էլ են մեղավոր, ես էլ, ճիշտ չէ: Պետք է թացը չորից տարբերենք: Կան ընդդիմադիրներ, որոնք երբեք նման գործելակերպ չեն ունեցել ու եթե հրապարակից էլ գնացել են, ապա՝ ամենավերջինը ու ոչ իրենց որոշմամբ: Եթե սա դուք չեք տեսնում և ընդհան­րացնում եք, սովորական քաղաքացին էլ նույն կերպ է դիտարկում բոլորին: Խնդիրն ինձ չի վերաբերում, ես իմ թերությունների ու սխալ­ների համար բազմիցս ներողություն խնդրել եմ: Այնպես չէ, որ իմ անցած ուղով հիացած եմ, բայց գոնե չեմ ամաչում, գլուխս չեմ կախում, ոչ էլ իմ երեխաներն են ամաչում: Այսպես էլ շարունակելու եմ ապրել: Ինչ վերաբերում է ընդդիմության մեղքին, կարծում եմ, ընդդիմու­թյունն էլ ունի մեղքի բաժին, բայց հիմնական մեղքը իշխանությանն է, նա է կրակում ժողովր­դի վրա, նա է տասը հազար դրամ բաժանում, նրան են ենթարկվում ոստիկանությունը, դա­տախազությունը: Արդար ընտրություն ես ո՞նց եմ ապահովելու: Գործիքներն իր մոտ են, ինքն է պարտավոր դա անել, քանի որ դրա համար աշխատավարձ է ստանում: Իհարկե, կա ար­տաքին քաղաքական գործոնի ազդեցություն, որը եղել է 2003-ին, 2008-ին: Դա ռուսական գործոնն է, որը փոփոխություն չի ուզում այս երկրում և իր կապերով, խոստումներով ձգում է ժամանակը, մինչև մարի գործընթացը: Մնա­ցած բոլոր առումներով, ոչ Ստեփան Դեմիրճյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողու­թյունների մեջ չեմ տեսել մի բան, որը ժողովր­դի դեմ արվի:

- «Ելքը» որոշ ժամանակ առաջ հայտարա­րում էր, որ եթե Սերժ Սարգսյանը նորից ստանձնի իշխանության ղեկը, իրենք դուրս կգան փողոց: Այսօրվա զարգացումները, իշ­խող կուսակցության ակնարկները հուշում են, որ Սերժ Սարգսյանն է ապագա վարչապետը: Երբ այս կանխատեսումներն իրականանան, «Ելքը» փողոց դուրս կգա՞:

- Այսօր որևէ բան բացառել չենք կարող: Ընդ որում, որևէ ուժ դա չի կարող բացառել: Հնարավոր է այնպիսի զարգացումներ լինեն, որ անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ փո­ղոց դուրս գա: Երբ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը փոխում են ու ասում են, թե դա բարեփոխում է, քաղաքա­կան կյանքն ավելի թափանցիկ դարձնելու, կառավարման մեխանիզմներն ավելի հեշ­տացնելու համար է, ու երբ գործող նախագահն էլ ասում է, թե երբեք չի ողջունել երրորդ ժամկետ պաշտոնավարելը, հանկարծ պարզ­վում է, որ իրականությունը լրիվ այլ է ու հենց երրորդ ժամկետ գնալու համար է այդ ամենը: Բարեբախտաբար, ընդդիմության ու իմ հա­մեստ ջանքերով կարողացել ենք այնպես անել, որ նախորդ երկու նախագահները եր­րորդ ժամկետով չեն պաշտոնավարելու: Հիմա ինքը նստելու է էլի նույն շենքում ու ասելու է, որ իրեն ոչ թե նախագահ, այլ վարչապետ պետք է ասել: Կարեն Կարապետյանն էլ կա­ռավարության շենքում է նստելու, բայց իրեն ասելու են պարոն փոխվարչապետ: Այս ամե­նից հետո Լոս Անջելեսում, Լիբանանում կամ մեր գյուղում՝ Դավալուում ապրող հայը կհավատա՞ բարեփոխումներին, տրված խոստում­ներին, երկրի զարգացումներին: Դա պարզա­պես անհեթեթություն կլիներ: Հետևաբար, այս գործընթացը միանշանակ վնաս է բերելու Հա­յաստանին և, առաջին հերթին, ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, քանի որ նմանվելու ենք Ադրբեջանին: Անշուշտ, այս գործընթացը վնասելու է նաև տնտեսությանը, համատա­րած անվստահություն է տարածելու երկրում, ինչն էլ հանգեցնելու է չդադարող արտագաղթի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս