loader
«Փաստ». Ամեն տարի հունվարի 20-ին ադրբեջանական հաքերների ակտիվա­ցում է նկատվում

«Փաստ». Ամեն տարի հունվարի 20-ին ադրբեջանական հաքերների ակտիվա­ցում է նկատվում

Ամեն տարի հունվարի 20-ին և նշված ամսաթվին նախորդած օրերի ընթաց­քում հայաստանյան կիբերտարածքում ադրբեջանական հաքերների ակտիվա­ցում է նկատվում: Տեղեկատվական տեխնո­լոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ակտիվացումը կապում է «սև հունվարի»-ի հետ:

«Սև» կամ «արյունոտ» հունվարը կապ­ված է 1990 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած իրադարձության հետ, երբ խորհր­դային կարմիր բանակը ճնշեց Ադրբեջանի քաղաքական ընդդիմությանը, ինչի հետև­անքով զոհվեց 131-170 մարդ: Նրանց մեծ մասն ադրբեջանցիներ էին:

Թեև, ըստ Սամվել Մարտիրոսյանի, վերջին երկու տարիների ընթացքում հաքերներն ավելի պասիվ են, 2018 թվականն ադրբեջա­նական և դրանց աջակցող թուրքական հա­քերային խմբերի ակտիվացման առումով ևս բացառություն չէ:

«Հիմա հարձակումները շատացել են մաս­նավորապես սոցցանցերի անձնական պրո­ֆիլների վրա: Իսկ թե ինչ հետևանք կունե­նան այս օրերի հարձակումները, պարզ կլի­նի հունվարի 20-ին, քանի որ իրենք հիմնա­կանում այդ օրն են հրապարակում իրենց «աշխատանքները»: Հիմնականում հարձակ­վում են նաև կայքերի վրա»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ՏՏ անվտանգության փորձագետը:

Հաշվի առնելով, որ վերջին երկու տարի­ներին հաքերներն ավելի պասիվ են, Ս.Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ պասիվ վի­ճակն ավելի շատ մեր զգոնության հե­տևանքն է, թե այլ պատճառներ էլ կան:
Ի պատասխան, ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ ադրբեջանական հաքերային համայնքում վերաձևավորում է կատարվել:

«Հիմնական դեմքերը, ովքեր լուրջ հարձա­կումներ էին անում, ասպարեզից դուրս են եկել: Իսկ թե ուր, պարզ չէ: Միգուցե անցել են պետական աշխատանքի, կամ ուղղակի կրճատվել են»,֊ ասաց նա:

Իսկ հարցին, թե վերջին տարիների կտրվածքով ինչպե՞ս է գնահատում սոցցանցերում ադրբեջանական հաքերային հար­ձակումներից խուսափելու, թակարդը չընկ­նելու հայ օգտատերերի զգոնության աստի­ճանը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ դժվար է ասել: Մի կողմից ինչ-որ զգո­նություն կա, բայց մեկ է, իրենց հաջողվում է կոտրել: Ընդ որում՝ հաքերները լուրջ բաներ չեն անում, ուղղակի խաբելով են զբաղվում: Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկուկես տարվաա մեջ ադրբեջանցիներին Facebook-ում հաջողվել է կոտրել մասնավորապես 5-10 հազար օգտատերերի պրոֆիլներ: Սա իրականում շատ մեծ թիվ է: Իսկ ուշադրու­թյունը կա, բայց շատ դեպքերում ընդհանուր է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ իրենց կա­րող են կոտրել, բայց երբ գործը հասնում է ռեալ հարձակման, շատ դեպքերում չեն իմանում, որ դա հարձակում է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս