loader
«Փաստ». Ճամբարափոխությունը արատավոր համակարգերի դեմ պայքարելու լավագույն ճանապարհը չէ

«Փաստ». Ճամբարափոխությունը արատավոր համակարգերի դեմ պայքարելու լավագույն ճանապարհը չէ

Իշխանափոխությունից հետո տպավորություն կա, որ քաղաքական դաշտն այլևս ազատականացվել է, քանի որ այլևս վերացել են ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհ լինելու և երկարակեցության մասին հնչեցվող միֆերը:

Անցած վեց ամիսների ընթացքում ձևավորվեցին քաղաքական նոր միավորներ, իսկ ավելի վաղ ձևավորվածները կարծես չեն հաջողում ամբողջովին տեղավորվել նոր իրողությունների տրամաբանության մեջ և պահպանել նախկին դիրքերը:

Տարբեր կուսակցություններից դեպի «Քաղաքացիական պայմանագիր» հոսքն ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Ու, եթե նախորդ իշխանականից ներկա իշխանական կուսակցություն հոսքն ինչ–որ բացատրություն ունի, ապա նախկին ընդդիմադիր կուսակցությունից ներկա իշխանական կուսակցություն տեղափոխվելն առաջին հայացքից մի փոքր անհասկանալի կարող է թվալ:

Խոսքը օրերս «Ժառանգությունից» «Քաղաքացիական պայմանագիր» տեղափոխված Դավիթ Սանասարյանի մասին է, ինչն, ամենայն հավանականությամբ, զբաղեցրած պաշտոնը պահպանելու ցանկությամբ է պայմանավորված: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր նախկին կուսակցին հաջողություն մաղթեց, բայց արձանագրենք, որ կուսակցությունը լքեց ևս մեկը, ով հայտնի էր իր ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ:

Այս պայմաններում, երբ մի կողմից կարծես բոլոր կուսակցությունների գործունեության համար ստեղծված են բարենպաստ հավասար մեկնարկային պայմաններ, հարց է ծագում, թե «Ժառանգությունում» ինչպե՞ս են գործերը և արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ա. Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս պահին ընդդիմություն հասկացությունը բավականին լղոզված սահմաններ ունի, բայց քարոզարշավի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Ընտրություններից հետո արդեն միանշանակ, գոնե ֆորմալ առումով, դասական իրավիճակ կլինի: Ինչ վերաբերում է, որ բոլոր կուսակցությունները նույն մեկնարկային հնարավորություններն ունեն, համաձայն չեմ, քանի որ իշխանափոխությունը համաժողովրդական շարժման հետևանքով է տեղի ունեցել, բայց այս պահին իշխանության ղեկին բացառապես «Քաղաքացիական պայմանագիրն» է: Այսինքն, մեկնարկային առումով կուսակցությունները հավասար պայմաններում չեն գտնվում, իսկ ընտրություններից հետո արդեն պարզ կլինի, թե քաղաքական ինչ խճանկար կունենանք»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցության պլանների մասին՝ նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ինչ վերաբերում է կուսակցությունից արտահոսքին, Մարտիրոսյանն ասաց, որ չնայած կուսակցությունից հեռացած կա, սակայն ներհոսքն ավելի մեծ է:

«Որևէ մեկը կուսակցությունից դուրս չի եկել, բացառությամբ Դավիթ Սանասարյանի: «Ժառանգությունը» գաղափարական ուժ է և տարիներ շարունակ իր սկզբունքներին հավատարիմ պայքարել է երկրում առկա անարդարությունների դեմ: Եղել է ընդդիմադիր ուժ, անընդհատ հարվածների տակ է եղել և միայն բարենպաստ իրավիճակներից չէ, որ օգտվել է: Ակնհայտորեն ճանապարհ ենք անցել այն ժամանակ, երբ շատերն անգամ չէին խիզախում իշխանության հասցեին դառը խոսք անգամ ասել: Այսինքն, մենք այդ ծանր ժամանակաշրջանում ենք կուսակցություն ձևավորել, կայացել և, բարեբախտաբար, այդ սկզբունքայնության շնորհիվ է հասարակությունը ընդունել մեր քաղաքական ուժին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցության հայտնի դեմքերի սակավության մասին՝ նա նշեց, որ այս հարցում նույնպես խնդիրներ չկան: Իրենց շարքերում ունեն բավականին հարուստ անցյալ և կենսագրություն ունեցող անհատներ, ովքեր հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը:

«Ունենք նաև շատ լավ երիտասարդներ, ովքեր տարիներ շարունակ պայքարի մեջ են: Եվ այնպես չի, որ միայն ես եմ կուսակցությունը ներկայացնում: Եթե «Ժառանգությունը» հայտնվի խորհրդարանում, ապա նույնքան ներկայացված ու ակտիվ կգործի, ինչպես 2007–12 թվականներին է գործել: Եվ եթե տպավորություն կա, որ միայն երևացող դեմքերն են կուսակցական գործունեությամբ զբաղվում, այդպես չէ: Ընդհակառակը, հենց չերևացող դեմքերն են օգնում, որ կուսակցության դեմքերն առաջանան ու առաջ մղեն կուսակցությունը: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա ես միանշանակ միայն «Ժառանգության» հետ եմ ընտրություններին մասնակցելու, քանի որ քաղաքական ճամբարափոխությունը երկրում առկա արատավոր համակարգերի դեմ պայքարելու կամ համակարգային փոփոխություններ իրականացնելու լավագույն ճանապարհը չէ: Ինչ վերաբերում է ծրագրային դրույթներին, ապա մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք պետք են նաև ներկա իշխանություններին»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս