loader
«Փաստ». «Հանցագործությունների մեջ չթաթախված պրոֆեսիոնալ կադրերին ձեռք տալ չի կարելի»

«Փաստ». «Հանցագործությունների մեջ չթաթախված պրոֆեսիոնալ կադրերին ձեռք տալ չի կարելի»

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի համոզմամբ, Երևանը բազմաբնույթ խնդիրներ ունի և այդ խնդիրներին լուծումներ գտնելու համար աշխատանքները պետք է զուգահեռաբար տարվեն: Այդուհանդերձ, «Փաստ»–ի հետ զրույցում Նարինե Թուխիկյանը շեշտեց այն կարևոր հանգամանքը, որն, իր համոզմամբ, առաջնային պետք է լինի ավագանու նոր կազմի համար: 

«Ամենակարևորն արդար կառավարումն է: Ինչ ուղղությամբ էլ որ գնանք, առաջին հերթին կամ զուգահեռաբար ամենուրեք պետք է հենց այդ փաստը ֆիքսենք. արդար կառավարում և արդար մոտեցումներ բոլոր տեսակի հարցերում: Արդար կառավարումը մեր բանալին է»,– ասաց Նարինե Թուխիկյանը:

Հարցին, թե արդյո՞ք կան առաջարկներ, որոնք նա կներկայացնի, Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Մեկ նիստ եղավ, բայց դա ավելի շատ տեխնիկական էր: Հիմա մենք հանձնաժողովով պետք է հավաքվենք, և ես հրատապ երկու հարց ունեմ: Այժմ չեմ ուզում խոսել այդ հարցերի մասին, պետք է աշխատենք օրակարգ մտցնել և շուտափույթ գործընթաց սկսել դրանց լուծման ուղղությամբ»:

Թեև ավագանու անդամը հարցերի մասին դեռ չբարձրաձայնեց, բայց նշեց, որ երկուսն էլ կապված են արդարության հետ և ավելի շատ բարոյամշակութային նշանակություն ունեն: Հարցին, թե ինչպիսի՞ Երևան պետք է ունենանք ըստ Նարինե Թուխիկյանի, ավագանու անդամը պատասխանեց.

«Մեր աշխատանքը պետք է լինի շտկել բոլոր այն թերացումներն ու արհավիրքները, որոնք տեղի են ունեցել, իսկ այդ ամբողջ գործընթացը չի կարող լինել, եթե անարդար կառավարում լինի: Մեր խնդիրն արդար կառավարումն է, հասարակության խնդիրներն արդար ձևով վեր հանելը և դրանց լուծումներ գտնելը: Իհարկե, հասարակությունը ևս այս դեպքում պետք է մեծ գործ կատարի: Անշուշտ, կան անհատական խնդիրներ, և դրանք բազմաթիվ են: Շատ դեպքերում հասարակության անդամները չեն զանազանում անհատական, համայնքային և նույնիսկ ավելի նեղ անձնական խնդիրներն ավելի գլոբալ հարցերից: Այդ անհատական խնդիրները մեծ խնդիրների մի մասնիկն են: Իսկ երբ այդ հարցերը դրվում են գլոբալ համատեքստում, այսինքն, երբ մենք թիրախավորում ենք գլոբալ խնդիրները, ինքնըստինքյան լուծվում են նաև մյուս հարցերը»:

Ինչ վերաբերում է դեռ նախորդ համակարգի տարիներից Երևանի քաղաքապետարանում աշխատող անձանց և պաշտոն զբաղեցնողների հետ համատեղ աշխատելուն, Նարինե Թուխիկյանն իր դիրքորոշումը հայտնեց.

«Քաղաքապետարանում իսկապես կան բանիմաց մարդիկ, ովքեր, հավանաբար, ևս համակարգի զոհն են եղել: Նաև մեր քաղաքապետի հետ ունեցած նախկին հավաքներից, զրույցներից ելնելով ասեմ, որ պրոֆեսիոնալ կադրերին ձեռք տալ չի կարելի: Պրոֆեսիոնալ կադրեր, ովքեր, անշուշտ, մեծ հանցագործությունների մեջ թաթախված չեն եղել: Այնպես որ՝ բանիմաց կադրերի ներուժն անպատճառ կօգտագործվի: Երևի կլինեն մարդիկ, ովքեր կկանգնեն դատարանի առաջ: Ես հիմա չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել, բայց յուրաքանչյուր ուղղությամբ պետք է աշխատել, և այն պրոֆեսիոնալները, ովքեր պատրաստ են այսուհետ ծառայել Երևանին, նրանք, անշուշտ, օգտակար կլինեն և կաշխատեն»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մեր զրուցակիցը նշեց. «Ուր էլ լինեմ, ինչ պաշտոն էլ որ զբաղեցնեմ, շարունակելու եմ աջակցել հեղափոխության շարունակականությանը: Հոկտեմբերի 2–ին առկա ճգնաժամը կայծակնային ձևով խորացավ, բայց, բարեբախտաբար, լուծումը գտնվեց: Ողջամիտ քայլեր ձեռնարկվեցին բոլոր կողմերից: Հիմա խաաղ վիճակ է, և բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն, ուժեղանան համապետական ընտրությունների համար: Ճիշտ է, ժամանակը սուղ է, բայց շատ կարևոր է, որ նոր լիդերներ ևս ի հայտ գան, իսկ պատմություն ունեցող քաղաքական ուժերն ընտրություններին ընդառաջ վերանայեն իրենց քաղաքականությունը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս