loader
«Փաստ». «Մի մեծ հեղափոխություն էլ արդարադատության համակարգում է պետք»

«Փաստ». «Մի մեծ հեղափոխություն էլ արդարադատության համակարգում է պետք»

Հայաստանում սպասվում է «ամենածավալուն համաներումը»: Նախագիծն ԱԺ քննարկմանը կներկայացվի հոկտեմբերի 23-ին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, թե՛ հանրությունը, թե՛ ազատազրկվածները շատ էին սպասում համաներմանը:

«Նոր իշխանությունը անպայման պետք է կիրառեր այն: Համաներումն առաջին հերթին մարդասիրական քայլ է, երկիրն ավելի դրական մթնոլորտի մեջ պահելու նպատակ ունի: Մարդը միշտ պետք է ունենա այդ ներողամտությունը, հատկապես՝ ղեկավարը: Տարիներ շարունակ ականատես ենք եղել, որ Սերժ Սարգսյանը ներում էր նրանց, ում ուզում էր և ներում էր հանցագործներին»,«Փաստ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց, որ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա. «Հատկապես նրանց, ովքեր 20 տարուց ավելի բանտում են. նրանց շարքերում կան այնպիսիք, ովքեր չեն կատարել այդ հանցանքը և ապօրինի դատավճիռներով փակված են բանտերում: Համաներման վտանգների մասին էլ է խոսվում: Կան կարծիքներ, որ եթե մարդիկ բանտերից ազատվեն, հանցագործությունների վտանգը, թիվը կարող է ավելի մեծ լինել: Բայց սա իրավապահ մարմինների՝ հետևողական լինելու խնդիրն է, իսկ համաներումն, անխոս, դեռևս անհրաժեշտ է»:

Կան դիրքորոշումներ, որ համաներումը թեև անհրաժեշտություն է, բայց լուծում չէ:

Դիտարկմանն ու հարցին, թե լուծումների ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում իրավապաշտպանը, և ինչպե՞ս հասնել նրան, որ համաներման կարիք Հայաստանում այլևս չլինի, նա պատասխանեց

«Այո, համաներումը լուծում չէ: Այն ազատազրկվածներին ընդառաջ գնալու, նրանց հասկանալու ու հնարավորություն տալու քայլ է, որ կարողանան վերադառնալ հասարակություն, փոխել կյանքը: Բայց պետք է գործի նաև արդարադատության համակարգը: Իրավապահ մարմինների աշխատանքները պետք է կարգավորվեն, դատարաններն օբյեկտիվ վճիռներ պետք է կայացնեն: Բայց մենք տեսնում ենք, որ դեռևս չկա այդ փոփոխությունը: Դատական համակարգն ու քննչական մարմինները դեռ այն նույն իրավիճակում են, որն ունեինք նախկինում: Կարծում եմ՝ մի մեծ հեղափոխություն էլ պետք է, որ այդ համակարգերը փոխվեն: Դատավորները ևս պետք է վերագտնեն իրենց, վերագնահատեն աշխատանքը: Երբ կոռուպցիային «ոչ» է ասվում, ակնկալվում է, որ դատավորները ևս պետք է դուրս գան այդ մտածողությունից, հրաժարվեն կաշառքի ու հովանավորչական երևույթներից: Չգիտեմ, թե երբ կփոխվի դատական համակարգը, բայց դեռ քայլեր չեմ տեսնում, որոնք կտանեն դատական համակարգի փոփոխությանը: Համաներումն անհրաժեշտ է, բայց մենք պետք է ապավինենք դատական իշխանության, իրավապահ մարմինների կարգավորված աշխատանքին, ինչի արդյունքում էլ մարդիկ համաներումներից կախում չեն ունենա»:

Նա բերեց Շանթ Հարությունյանի օրինակը ու նշեց՝ միգուցե նա հրաժարվի համաներմամբ ազատ արձակվել, որովհետև արդարացում է պահանջում. «Նա չի կատարել այն հանցանքը, որով նրան 7 տարվա ազատազրկման են դատապարտել: Նա դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր ուզում են իրենց երկրում արդարադատությունն ու օրենքները գերակայեն, մարդիկ հավասար լինեն օրենքի առաջ, պատասխան տան իրենց արածների համար կամ չարածների համար չհայտնվեն բանտերում: Սա մի երազանք է, որը պետք է իրականանա Հայաստանում: Այդ ժամանակ է, որ մենք այլևս չենք ապավինի համաներմանը»:

Ժաննա Ալեքսանյանը շեշտեց, որ տարիներ շարունակ դատական համակարգն ու դատավորները ճզմված են եղել:

«2008թ. Մարտի 1-ից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանով դատարանները մարդկանց զանգվածաբար լցրեցին բանտերը միայն նրա համար, որ հավաքի էին մասնակցում, միայն նրա համար, որ բողոքում էին իշխանության դեմ: Իրենց կարծիքի համար մարդկանց բռնությունների ենթարկեցին և լցրեցին բանտերը: Իսկ այդ ամենը եղավ դատարանների որոշումների արդյունքում: Դատավորները բավարարեցին կալանքի բոլոր միջնորդությունները: Նրանք հրաման են կատարել, թեև ամրագրված է, որ դատարանն անկախ է: Թեև դատարանը երրորդ իշխանությունն է, բայց իշխանությունը դատավորի ու դատարանի անկախությունն ամբողջությամբ պահում էր ոտքի տակ, և ցանկացած դատավորի ցանկացած ժամանակ հրաման էր տալիս:

Ինձ անգամ դատավորներն են պատմել, թե Արման Մկրտումյանը (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ), որ դևի նման նստած էր դատական համակարգի գլխին, ինչպես էր ստիպում դատավորներին ապօրինի վճիռներ կայացնել: Մենք ունեցել ենք նաև դատավորներ, ովքեր հեռացել են համակարգից: Այս ամենից հետո հիմա հոգեբանական խնդիր կա, որը հաղթահարելով՝ դատավորը կվերագտնի իրեն: Բացի այդ՝ դատարաններում գործեր են, որոնց նախաքննությունն ավարտվել է: Այսինքն՝ պետք է փոխվեն նաև նախաքննություն իրականացնող քննչական մարմինները: Քննչական մարմինները ստրկացած ձևով են աշխատել: Քննչական մարմիններն ու դատարանները դեռևս «ներդաշնակ» են: Այստեղ մտքի հեղափոխություն պետք է լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ արդարադատության համակարգում փոփոխություններ ակնկալելը երկար ժամանակ է ենթադրում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս