loader
«Փաստ». Սուրեն Սարգսյան. Ազատ տեղաշարժի սկզբունքն առաջ քաշելով՝ հայկական կողմը կչեզոքացնի բոլոր վտանգները

«Փաստ». Սուրեն Սարգսյան. Ազատ տեղաշարժի սկզբունքն առաջ քաշելով՝ հայկական կողմը կչեզոքացնի բոլոր վտանգները

Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերին զուգահեռ Ադրբեջանը կրկին իրեն հատուկ բողոքի նոտաներն է հղում: Ադրբեջանի ԱԳՆ–ն օրեր առաջ հայտարարել էր, որ «Ֆրանսիայի՝ մշտապես կիրառվող և երկակի չափանիշների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը»: Ադրբեջանական գործակալություններից մեկն էլ հաղորդել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ–ն դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ–ին:

«Լինի ԱՀ նախագահը, կամ այլ պաշտոնյա, թեկուզև՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, միևնույն է, ադրբեջանական կողմը մշտապես ջանք ու եռանդ չի խնայում, որ հնարավորինս սահմանափակի Արցախի առաջնորդների այցելություններն այս կամ այն երկիր: Այդ առումով, իհարկե, դեռևս արդյունքներ չկան, բայց այն, որ ակտիվ աշխատում են և, մասնավորապես, ԱՄՆ–ի ուղղությամբ, փաստ է: Իհարկե, սա որոշակի դժվարություններ է ստեղծելու Արցախի իշխանությունների համար: Այս առումով հայկական կողմը՝ թե՛ համայնքը, թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունը, թե՛ նաև ԱՄՆ–ում Արցախի ներկայացուցչությունը, պետք է կարողանան ակտիվ հակազդել այդ գործընթացներին: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ հակազդելու գործընթաց կա»,– անդրադառնալով ադրբեջանական կողմի վերոնշյալ քայլերին և գնահատելով ԱՀ նախագահի այցերը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հարցին, թե որո՞նք պետք է լինեն հակազդեցության գլխավոր ուղղությունները, նա պատասխանեց. «Նախ՝ չափազանց կարևոր է հասկանալ հետևյալը. եթե արցախցին ապրում և բնակվում է Արցախում, և Արցախը չճանաչված պետություն է, դա բացարձակ չի նշանակում, որ Արցախում չկան մարդու իրավունքներ, և մարդու իրավունքները չպետք է պաշտպանվեն: Մարդու իրավունքների կարևորագույն սկզբունքներից մեկն էլ հենց ազատ տեղաշարժի իրավունքն է, և եթե Արցախը չճանաչված է, չի նշանակում, որ արցախցին պետք է զրկվի ազատ տեղաշարժի իրավունքից»:

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է աշխատի՝ շեշտադրում անելով հենց վերոնշյալ իրավունքի վրա:

«Իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դեռ ճանաչված չէ: Բայց մարդու իրավունքները չափազանց կարևոր են՝ մանավանդ առաջադեմ աշխարհի համար և մանավանդ ԱՄՆ–ի, Եվրոպայի համար: Եվ կարծում եմ, որ հենց այդ սկզբունքը առաջ քաշելով՝ հայկական կողմը կկարողանա չեզոքացնել բոլոր տեսակի վտանգները»,– նշեց մեր զրուցակիցը:

Սուրեն Սարգսյանի խոսքով, ադրբեջանական կողմը շատ ակտիվ է աշխատում. «Վերջին ժամանակահատվածում աշխատում են նույնիսկ շատ գրագետ: Իսկ աշխատանքի ուղղությունը, բնականաբար, միայն դիվանագիտական ուղղությունը չէ: Կոնկրետ ԱՄՆ–ի դեպքում աշխատում են լոբբիստական կազմակերպությունների միջոցով և օգնությամբ: Աշխատում են նաև թուրքական լոբբիստական կառույցների կամ թուրքական լոբբիստների օգնությամբ»:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին մուտքի արտոնագրից զրկելու հնարավորությանը, և դիտարկմանը, թե իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանն այդ առումով որևէ արդյունքի կհասնի, քաղաքագետն ընդգծեց. «Չեմ բացառում, որ կկարողանան հասնել այնպիսի արդյունքների, որ մուտքի արտոնագիր կա՛մ չտրվի, կա՛մ այդ գործընթացը բարդացվի, բայց չեմ ուզում առաջ ընկնել: Ուզում եմ հույս ունենալ, որ մեր տարբեր լոբբիստական կառույցները և հայկական համայնքն այնպես կանեն, որ դա տեղի չունենա: Այստեղ չափազանց կարևոր է մեր համայնքի միասնականությունն ու ազդեցության հզորացումը՝ ԱՄՆ–ի այս վարչակազմի վրա»:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանության ներկայացուցիչների այցերին ու նշանակությանը, Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Այն, որ այցերն ինքնանպատակ չեն, փաստ է, որովհետև Արցախի իշխանության ներկայացուցիչները նաև պաշտոնապես գրանցված են ԱՄՆ–ում: Այսինքն՝ Արցախը ներկայացուցչություն ունի ԱՄՆ–ում, և, որպես Արցախի ներկայացուցչություն, այն գրանցվել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից: Սա ԱՄՆ–ի կողմից արդեն նաև որոշակի քաղաքական կամքի դրսևորում է եղել: ԱՀ նախագահը շատ հաճախ է լինում ԱՄՆ–ում, հանդիպումներ ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցում դրամահավաքների, առանձին հանդիպումներ ունենում նաև ԱՄՆ օրենսդիր մարմնում: Եվ այդ հանդիպումների ժամանակ, ինչպես ասում են, առաջին ձեռքից նաև տեղեկություններ է փոխանցում այն մասին, թե ինչ է կատարվում արցախա–ադրբեջանական շփման գծում, թե ինչպիսի՞ քաղաքական լուծում են տեսնում խնդրի խաղաղ կարգավորման համար, ներկայացնում է նաև ադրբեջանական ագրեսիան և այլն: Այնպես որ՝ չափազանց կարևոր է, որ նման այցերը շարունակական բնույթ ունենան»:

Քաղաքագետն այս համատեքստում բնական է համարում ադրբեջանական կողմի քայլերը: «Բնականաբար է, Ադրբեջանն էլ պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխի արցախցիների՝ ԱՄՆ մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Դա կփորձի օգտագործել նաև ներքին սպառման համար, ներքաղաքական գործընթացներում և ցույց տալ, թե ինքը դիվանագիտական հաղթանակներ է տանում: Կարծում եմ, ադրբեջանցիներն, այդուհանդերձ, դժվարություններ կունենան, եթե մեր համայնքն առավել ակտիվ լինի և առավել մեծ ազդեցություն ձեռք բերի ԱՄՆ այս վարչակազմի վրա»,– եզրափակեց քաղաքագետը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս