loader
«Փաստ». Զոյա Թադևոսյան. «Գնաճը կարող է զանգվածային աղքատացման հանգեցնել»

«Փաստ». Զոյա Թադևոսյան. «Գնաճը կարող է զանգվածային աղքատացման հանգեցնել»

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանի խոսքով՝ գնաճը կարող է հանգեցնել զանգվածային աղքատացմանը, կարող է իջնել եկամուտնե­րի, իրական աշխատավարձի մակարդակը: «Ցածր սոցիալ-տնտեսական իրավիճակի կարող ենք հասնել, և, բնականաբար, այս­տեղ միգրացիան էլ չի օգնի՝ թանկացումները միայն մեր երկրում չեն: 2008 թ. համաշ­խարհային տնտեսական ճգնաժամի բացասական արդյունքներն ամենուրեք ակն­հայտ են: Ո՜չ զարգացած և ոչ էլ զարգացող երկրները դեռևս չեն կարողանում ճանա­պարհներ գտնել՝ հաղթահարելու այդ ճգնա­ժամի հետևանքները: Ուստի միգրացիան որևէ էական դրական արդյունք չի ունենա միգրանտի համար: Համենայնդեպս, մեր երկրում կա աշխատանքի բացակայության հանգամանքը: Հիմնականում կտուժեն նրանք, ովքեր տրանսֆերտների կամ սոցի­ալական տարբեր նպաստների հաշվին են ապրում»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Զուգահեռ, ըստ Զոյա Թադևոսյանի, պետք չէ սպասել սոցիալական բունտի. «Սոցիալա­կան բունտը հարիր է իր իրավունքների, իր ապագայի համար պայքարող ժողովրդին: Մենք կարծես թե այդ առումով թուլացել ենք: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը սոցիալական բունտի դի­մի: Սոցիալական բունտ չի լինի, մեր ժողո­վուրդը համակերպվող է»:

Հարցին, թե կամայականություններ կան, թե թանկացումների պատճառը միայն վերոնշյալ օրենսդրական փոփոխություն­ներն են, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե, կամայականությունը չի բացառ­վում, որովհետև շատ սուբյեկտիվ գործըն­թաց է, և յուրաքանչյուր արտադրող կամ տնտեսական սուբյեկտ ինքն է որոշում, թե ինչ եկամուտներ և օգուտներ պետք է ստա­նա: Նրանք կարող են առիթից օգտվել և օրենսդրական փոփոխություններով պայ­մանավորված՝ ավելացնել տոկոսադրույքները, բարձր եկամուտների ակնկալիքով գնա­ճի գործընթացին ավելի ցայտուն տեսք տալ: Բայց նման հաշվարկներ անողները նաև պետք է հասկանան, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն: Ի վերջո, մեր հա­սարակությունն առհասարակ հարուստ չէ, որ կարողանա նման փոփոխություններին ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել: Եվ եթե տնտեսվարողների կողմից այդպիսի մո­տեցումներ լինեն, երկար կյանք չեն ունենա: Արհեստական գնաճ ձևավորողները ժամա­նակի ընթացքում կտեսնեն, որ առևտրի ծա­վալները նվազում են: Ընդհանրապես խելա­ցի տնտեսվարողները գոնե գնային առումով միշտ ուզում են մրցակցային առավելություն­ներ ունենալ, ինչի հաշվին ավելի մեծ եկա­մուտներ կարող են ստանալ, քան գնաճի, հաշվին»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս