loader
«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Երկրորդ տեղի մասին հայտարարություն անող ուժերը իրենց թուլացնում են

«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Երկրորդ տեղի մասին հայտարարություն անող ուժերը իրենց թուլացնում են

«Ժամանակ»- ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:

- «Իմ քայլը» դաշինքում գտնվելը նշանակում է, որ դուք Ձեզ հեղափոխությանը մասնակի՞ց եք համարում:

- Ես միշտ եղել եմ պայքարի կիզակետում Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, ես եղել եմ ընդդիմության շարքերում և միշտ ձգտել եմ, որ Հայաստանում օր առաջ տեղի ունենան փոփոխություններ, և դրանք լինեն անշրջելի, և հնարավորություն ունենանք ընտրությունների միջոցով ձևավորել այնպիսի իշխանություն, որը մեր երկիրը կտանի առաջ… Հոկտեմբերի 27-ից հետո մեր երկիրը քաղաքական ուղեծրից դուրս եկավ, և հիմա՝ այսքան տարի հետո, հեղափոխության արդյունքում ձեռք ենք բերել հնարավորություն նորից քաղաքական ուղեգիծը ճիշտ կառուցելու…

- Ընտրություններին մասնակցող ուժերի կազմը հուշո՞ւմ է, թե ինչպիսի, ինչ որակի խորհրդարան կունենանք:

- Մենք կունենանք այն խորհրդարանը, որը ինչ-որ չափով կարտահայտի նաև հեղափոխության տրամադրությունները. այսինքն՝ կդրվեն խնդիրներ, որոնք հեղափոխական լուծումներ են պահանջում: Խանգարող հանգամանքներ շատ են լինելու… Փոփոխությունների հիմքը կդրվի հիմա, և դրա շարունակությունը կբերի այն առաջընթացին, որի համար մեր ժողովուրդը դուրս էր եկել և պայքարելով հասավ նրան, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ:

- Մի տարօրինակ բան է կատարվում. բոլոր քաղաքական ուժերը ձևավորվելիք խորհրդարանում իրենց քաղաքական հավակնությունները սկսում են երկրորդ տեղից, և անպայման ընդդիմության հավակնությամբ՝ մենք ենք միակ ընդդիմությունը, և վերջ: Սա առո՞ղջ պրոցես է, և արդյո՞ք հեշտացնում է «Իմ քայլը» դաշինքի գործը:

- Երբ որ ասում են՝ մենք երկրորդն ենք, թուլացնում են իրենց պայքարի ուղին, թեկուզ կարճ ժամանակաշրջանի՝ մեկ ամսվա համար: Իրենք թող ամբիցիոզ ծրագրեր դնեն իրենց առաջ: Իհարկե, հեղափոխությունը դեռ նոր է տեղի ունեցել, դեռ ամբողջությամբ լիցքը չի արտահայտել, այդ տրամադրությունները պետք է իրենց վերջնակետին հասնեն՝ հանձին կառավարության ձևավորման: Եվ շատ կարևոր է, որ կայուն մեծամասնություն ձևավորի այսօրվա գործող իշխանությունը, և հասարակությունն անպայման այդ քվեն կտա, որովհետև զգում է, որ ինչ-որ բան կիսատ թողնելն ավելի վատ է, քան ոչինչ չանելը: Լավ է, որ պայքարում են, բայց լավ կլիներ, որ ընդդիմության կամ երկրորդ տեղի համար պայքարեին շատ ավելի ինտելեկտուալ և մաքուր ուժեր: Պայքարի մտան հին ուժեր: Մեր հասարակության մի հսկա ինտելեկտուալ զանգված դեռ դիտորդի վիճակում է, նրանց պետք է արթնացնել և նրանց ինտելեկտը բերել, միացնել ընտրական և կառավարման գործընթացներին: Կարծում եմ՝ կլինեն նաև արտախորհրդարանական ուժեր, որոնք գաղափարական հենքի վրա կձևավորվեն և հետագա ընտրություններին կփորձեն իրենց տեսակետն ու մասնակցությունն ապահովել՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս